Բարսելոնան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված վերջին իրադարձությունների հետ

Բարսելոնան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված վերջին իրադարձությունների հետ

01/03/2021 - 20:32

Մատրի 1-ին հայտնի դարձավ, որ Կատալոնիայի իրավապահ մարմինները, «Բարսագեյթ» գործի հետ կապված, «Բարսելոնայի» գլխավոր գրասենյակում խուզարկություն են անցկացրել, ինչից հետո ձերբակալվել են ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն , նախկին գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և նախկին իրավաբան Ռոման Գոմես Պոնտին։

Այդ իրադարձություններից հետո «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․

«Այսօր «Նոու Կամպ» մարզադաշտում տեղի ունեցած խուզարկությունները կայացել են Բարսելոնայի դատարանի հրամանով, ինչը կապված է մոնիտորինգի ծառայությունների և սոցցանցերի ուսումնասիրության հետ։

«Բարսելոնան» հետաքննվող հարցերը պարզելու հարցում լիարժեք աջակցություն է հայտնում իրավաբաններին և ոստիկաններին։

Այն տեղեկատվությունը և փաստաթղթերը, որոնք պահանջվել են դատական մարմին կողմից, վերաբերում են միայն այս գործի հետ կապված փաստերին։

«Բարսելոնան» ընթացիկ դատական գործընթացին և այս հետաքննության արդյունքում տուժածների անմեղության կանխավարկածի սկուզբունքներին վերաբերվում է ամենայն հարգանքով»,- նշված է կատալոնական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որը մեջբերում է «բլաուգրանասի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ այս ամենը կապված է 2020 թվականի փետրվարին տեղի ունեցած սկանդալային բացահայտումների հետ, որը ստացել է «Բարսագեյթ» անվանումը։

Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» համագործակցում է I3 Ventures ընկերության հետ, որը տարբեր սոցցանցերում ստեղծել է կեղծ էջեր և դրա միջոցով փորձել է բարձրացնել Խոսեպ Մարիա Բարտոմեուի հեղինակությունը, իսկ դրան զուգահեռ այդ էջերի միջոցով քննադատվել են ակումբի մի շարք ֆուտբոլիստներ, ինչպիսիք են, օրինակ, Լեո Մեսսին ու Ժերար Պիկեն։

 Բացահայտումներից հետո Բարտոմեուն հերքեց իր մասնակցությունն այդ գործին և նշանակեց հետաքննություն, ինչից հետո կատարված աուդիտն էլ նույնպես չհաստատեց, որ «Բարսելոնայի» ղեկավարը սոցցանցներում «հարձակումներ» է կազմակերպել սեփական խաղացողների վրա։ Այդ դեպքից հետո ակումբի տնօրենների խորհրդի մի շարք անդամներ հրաժարական տվեցին։

Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն «Բարսայի» նախագահի պաշտոնում եղել է 2014 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը։ Նա հրաժարական տվեց, ինչից հետո նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնք տեղի են ունենալու սույն թվականի մարտի 7-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023