Խելահեղ հանդիպում Մյունխենում! «Բավարիան» գերգոլառատ խաղում հաղթեց «Ռեալին»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական դաշտում գերգոլառատ պայքարում 4:3 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը Մադրիդում նույնպես հաղթել էր` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Պատասխան մրցավեճը շատ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 35-րդ վայրկյանին «արքայական» ակումբի վինգեր Արդա Գյուլերը, օգտվելով մրցակցի դարպասապահ Մանուել Նոյերի կոպիտ սխալից, հեռահար հարվածով բացեց հաշիվը։
6-րդ րոպեին` անկյունայինի խաղարկումից հետո, «ռեկորդ մայսթերի» պատասխան գոլը խփեց Ալեքսանդր Պավլովիչը։
29-րդ րոպեին Գյուլերը տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով նորից առաջ մղեց մադրիդյան գրանդին։
38-րդ րոպեին Հարի Քեյնը մյունխենյան գրանդի հախուռն գրոհը վերածեց դարպասի գրավման` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։
42-րդ րոպեին «լոս բլանկոսը» նետվեց կայծակնային հակագրոհի, որը եզրափակեց Կիլիան Մբապեն` Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով 15-րդ գոլը։
Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ տանտերերի առավելությամբ, բայց հիմնական իրադարձությունները տեղի ունեցած միայն խաղավերջում։
«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան 86-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստացավ` հեռացվելով դաշտից։
Քանակական առավելություն ստացած «Բավարիան» ֆանտաստիկ comeback արեց` կորզելով հաղթանակ. 89-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Դիասը, իսկ 90+4-ին` Մայքլ Օլիսեն։
Այսպիսով, մյունխենյան գրանդը դիմակայությունում հաղթեց ընդհանուր 6:4 հաշվով` դուրս գալով կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml