Խավի. «Ոսկե 3 միավորներ էին. վճռորոշ դարձան Տեր Շտեգենի սեյվն ու Դե Յոնգի գոլը»

Խավի. «Ոսկե 3 միավորներ էին. վճռորոշ դարձան Տեր Շտեգենի սեյվն ու Դե Յոնգի գոլը»

11/04/2022 - 10:43

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով համառ պայքարում հաղթանակ կորզեց «Լևանտեի» դեմ խաղում` գոլ խփելով 90+2-րդ րոպեին։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին։

«Առաջին խաղակեսը ձախողեցինք, որի ընթացքում ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից թիմը կարծես հոգնած լիներ։ Հինգշաբթի օրը կայացած հանդիպումն իր հետքը թողել էր (խմբ.` խոսքը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Այնտրախտի» դեմ կայացած արտագնա հանդիպման մասին է (1:1))։

Երկրորդ կեսում ամեն ինչ փոխվեց, ու մենք հասանք մեր նպատակին, քանի որ աշխատեցինք և մինչև վերջ հավատացինք մեր ուժերին։

Շատ բարդ հանդիպում էր, սակայն այդպես էլ չկարողացանք լուծել գնդակն առաջ տեղաշարժելու խնդիրը։

Լյուկ դե Յոնգը մեզ շատ բան է տալիս։ Նա հիասքանչ պրոֆեսիոնալ է և արժանի է այս ամենին։

Ոսկե 3 միավորներ էին և վճռորոշ դարձան Տեր Շտեգենի սեյվն ու Դե Յոնգի գոլը։ Հենց նման դրվագներն են վերջնարդյունքում հաղթանակ պարգևում հանդիպումների ժամանակ։

Մեր առաջնությունը շատ ուժեղ է։ «Ռեալը» գրեթե չի պարտվում։ Եթե առաջիկա խաղերում «Ռեալը» միավորներ կորցնի, ապա, միգուցե, մենք սկսենք հավատալ ինչ-որ բանի»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Լևանտեի» դեմ խաղում «Բարսելոնայի» դարպասին երեք 11-մետրանոց նշանակվեց, սակայն 0:1 հաշվի ժամանակ Ռոխեր Մարտին չկարողացավ դիպուկ իրացնել հարվածը, ինչից հետո Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հետ մղեց գնդակը։

Կատալոնական ակումբի հաղթական գնդակն էլ 90+2-րդ րոպեին խփեց Լյուկ դե Յոնգը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023