Լիվերպուլը կրկին խաղային խնդիրներ ունի?

Լիվերպուլը կրկին խաղային խնդիրներ ունի?

22/06/2020 - 00:17

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Էվերտոնին»։

Բացառությամբ որոշ դրվագների՝ հանդիպման ողջ ընթացքում երկու թիմերի կողմից այդպես էլ ոչ մի իրական գոլային պահի ականատես չեղանք։ «Լիվերպուլը» փորձում էր տիրել նախաձեռնությանը, սակայն մերսիսայդյան ակումբի կազմում չկար սրություն․ զգացնել էր տալիս Մոհամեդ Սալահի և Էնդրյու Ռոբերտսոնի բացակայությունը։

Հարձակման գծում կարելի է ասել, որ «Էվերտոնը» ավելի հետաքրքիր և վտանգավոր էր գործում։ Երբ երկրորդ խաղակեսում «Լիվերպուլն» ամբողջությամբ տիրել էր նախաձեռնությանը, Կառլո Անչելոտիի սաները հիմնականում խաղում էին հակագրոհներով, որոնցից մեկի ընաթցքում քիչ մնաց հաղթանակ կորզեին։

80-րդ րոպեին դաշտի կենտրոնում Անդրե Գոմեշը խլեց գնդակը Ֆաբինիոյից, փոխանցում կատարեց հարձակման ձախ եզրում գտնվող Ռիչարլիսոնին, ով մի փոքր առաջ շարժվեց և փոխանցում կատարեց տուգանային հրապարակում տեղակայված Դոմենիկ Կալվերտ-Լյուինին։ Անգլիացի երիտասարդ հարձակվողը կրնկով հարվածեց, ինչից հետո Ալիսոն Բեկերը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը, իսկ վրա հասած Թոմ Դեվիսի կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Այսպսիով, խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և «Գուդիսոն Պարկում» կայացած երրորդ անընդմեջ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։ Ակնհայտ է, որ Յուրգեն Կլոպը բավականին անհաջող է հանդես գալիս Կառլո Անչելոտիի թիմերի դեմ․ նույն պատմությունն էր նաև Անչելոտիի գլխավորած «Նապոլիի» դեմ խաղերում, իսկ ընդհանրապես, մերսիսայդյան ակումբը խնդիրներ է ունենում, երբ մրցակիցը փակվում է սեփական տուգանային հրապարակում՝ գրագետ պաշտպանվելով։ Այդպես եղավ նաև «Ատլետիկո Մադրդի» դեմ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում։ Յուրգեն Կլոպի թիմը վերջին 7 պաշտոնական խաղերից հաղթել է միայն 2-ը։ Չնայած այս խաղից առաջ վերջին խաղը տեղի էր ունեցել միայն մարտին, միևնույնն է, դա մտահոգվելու առիթ է տալիս։

Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստկաեց 83 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 23 միավոր։ Վերջինս իր հանդիպումը կանցնացնի հունիսի 22-ին՝ մրցելով «Բյորնլիի» դեմ։ «Էվերտոնը» 38 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023