Բիելսայի սաները շոկի ենթարկեցին Սիթիին🎥

Բիելսայի սաները շոկի ենթարկեցին Սիթիին🎥

10/04/2021 - 18:02

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։

Ճիշտ է՝ հանդիպման մեկնարկում Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն «Լիդսի» գրոհները երբեմն-երբեմն ավելի սուր էին ստացվում, բայց դրանք էլ չէին ավարտվում հարվածով։

42-րդ րոպեին, ի վերջո, հանդիպման հաշիվը բացվեց․ յորքշիրյան ակումբը բավական գեղեցիկ գրոհ անցկացրեց, որն էլ եզրափակեց Ստյուարտ Դալասը։

Նախքան ընդմիջման գնալը «Լիդսը» մնաց 10 ֆուտբոլիստներով․ 45+1-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից անմիջապես հեռացվեց Լիամ Կուպերը։

Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ երկրորդ խաղակեսի մեծ մասում «քաղաքաբնակները» ունեին տարածքային հսկայական առավելություն, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում հավասարեցնել հաշիվը։

Ամեն դեպքում, 76-րդ րոպեին «Սիթիի» այդ գրոհները տվեցին իրենց պտուղները, քանի որ Ֆերրան Տորեսը դարձավ գոլի հեղինակ, իսկ հաշիվը դարձավ 1։1։

Թվում էր՝ խաղն ավարտվելու է ոչ-ոքի, սակայն այդ արդյունքի հետ ոչ մի կերպ համաձայն չէին «Լիդսի» ֆուտբոլիստները, ովքեր 90+1-րդ նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում Էգզիյան Ալիոսկին հարվածային դիրք դուրս բերեց նույն Դալասին, ով էլ Էդերսոնի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը՝ անակնկալ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Մարսելո Բիլեսայի սաները ողջ հանդիպման ընթացքում կատարեցին ընդամենը 2 դիպուկ հարված, որոնք ավարտվեցին գոլով, իսկ «Մանչեսթեր Սիթիի» առավելությունն այնքան ակնհայտ էր, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։

Գվարդիոլայի սաները կատարել են 29 հարված, որոնցից 7-ը՝ դիպուկ, գնդակին տիրել են ժամանակի 71%-ը, իրացրել են 9 անկյունային, ինչպես նաև անցկացրել են 115 վտանգավոր գրոհ։

Այսպիսով, «Լիդսը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», վաստակեց 45 միավոր՝ բարձրանալով 9-րդ հորիզոնական։

«Քաղաքաբնակներն» էլ, 74 միավորով, շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 14 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023