Չեմպիոնների լիգան Բավարիայի մրցաշարն է!  Ֆլիկի թիմը մի քանի գլուխ ուժեղ էր Լացիոյից 🎥

Չեմպիոնների լիգան Բավարիայի մրցաշարն է! Ֆլիկի թիմը մի քանի գլուխ ուժեղ էր Լացիոյից 🎥

24/02/2021 - 01:51

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիային»։

Խաղը մեկնարկեց հետախուզական պայքարով։ Կողմերից և ոչ մեկը չուներ ընդգծված առավելություն, սակայն արդեն 9-րդ րոպեին «Լացիոյի» պաշտպանի կոպտագույն սխալի հետևանքով հյուրերը Ռոբերտ Լևանդովսկու գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Ոգևորված ձեռքբերածով՝ Հանս-Դիտեր Ֆլիկի տղաները նետվեցին առաջ՝ հաջողությունը զարգացնելու և շուտով՝ 24-րդ րոպեին, կարողացան ևս մեկ գնդակ ուղարկել հռոմեական ակումբի դարպասը։ Լեոն Գորեցկիի փոխանցումը արդյունավետ եզրափակեց մյունխենյան ակումբի 17-ամյա հարձակվող Ջամալ Մուսիալան՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։

Մինչ մրցավարի՝ առաջին խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը «արծիվների» դարպասապահ Պեպե Ռեյնան ստիպված էր 3-րդ անգամ գնդակը դուրս բերել սեփական դարպասից։ Հանդիպման 42-րդ րոպեին Կինգսլի Կոմանի հարվածից հետո իսպանացի դարպասը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը, իսկ վրա հասած Լերոյ Սանեն ավելի մեծացրեց մյունխենյան ակումբի առավելությունը։

Կողմերն ընդմիջման գնացին 0։3 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ 47-րդ րոպեին, տանտերերն այս անգամ արդեն իրենք գրավեցին սեփական դարպասը։ Մյունխենցիների հարձակման ձախ եզրից կատարած փոխանցումից հետո «Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին անզգույշ գործեց և գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։

Հաջորդ իսկ գրոհի ժամանակ Սիմոնե Ինձզագիի սաներին, ի վերջո, հաջողվեց գտնել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի բանալին։ Արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան գրեթե անարգել մտավ մյունխենցիների տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝ այն դարձնելով 1։4։

Երկրորդ խաղակեսի միջնամասում որոշակիորեն ակտիվացան «Լացիոյի» ֆուտբոլիստները՝ ցանկանալով հաջողության հասնել և որոշ չափով վերականգնել խաղի ինտրիգը, սակայն ակնհայտ էր, որ հանդիպումն ընթանում էր Հանսի Ֆլիկի թիմի թելադրած սցենարով, որոնք, այլևս սրություն չէին հաղորդում խաղին և ձգտում էին պահպանել նպաստավոր հաշիվը։

Խաղավարտին մոտ «Բավարիան» ձգտում էր գնդակը պահել խաղադաշտի կենտրոնում՝ հասցնելով հանդիպումը տրամաբանական ավարտին։

Այդպես էլ եղավ․ հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։ «Բավարիան» արտագնա խաղում 4։1 հաշվով հաղթեց «Լացիոյին» և պատասխան խաղից առաջ ստացավ հսկայական առավելություն, իսկ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023