Ինտեր – Լիվերպուլ. դիմակայության պատմությունն ու լավագույն ռմբարկուները

Ինտեր – Լիվերպուլ. դիմակայության պատմությունն ու լավագույն ռմբարկուները

16/02/2022 - 17:29

Փետրվարի 15-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։

Բոլորի ուշադրության կենտրոնում էր ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որի շրջանակում փարիզյան ակումբը Կիլան Մբապեի` 90+4-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։

Այդ հանդիպմանը զուգահեռաբար «Մանչեսթեր Սիթին» էլ հյուրընկալվելիս մրցեց Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ` ջախջախելով 5:0 հաշվով։

Արդեն այսօր` փետրվարի 16-ին, կկայանա ևս մեկ թոփ հանդիպում. «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի «Լիվերպուլի» դեմ։

Այժմ կներկայացնենք այդ դիմակայության պատմությունն ու լավագույն ռմբարկուներին։

«Ինտերն» ու «Լիվերպուլն» ունեն հարուստ պատմություն, սակայն մինչ այս պահը միմյանց դեմ անցկացրել են ընդամենը 4 հանդիպում, որոնցից 3-ն ավարտվել է մերսիսայդյան, իսկ 1-ը` միլանյան ակումբի հաղթանակով։

Այդ 4 խաղերում «Լիվերպուլը» խփել է 6, իսկ «Ինտերը»` 4 գոլ։

Կոմղերի միջև առաջին հանդիպումը կայացել է հեռավոր 1964/65 մրցաշրջանում, երբ ակումբները մրցում էին Եվրոպական չեմպիոնների գավաթի (Խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգա) կիսաեզրափակիչում։

Դիմակայության առաջին խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլ Ռոուդ» մարզադաշտում հաղթեց 3:1 հաշվով, սակայն պատասխան խաղում «ներաձուրիները» ռևանշի հասան` մրցակցին ջախջախելով 3:0։

Միլանյան ակումբը նվաճեց մրցաշարի եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում, 1:0 հաշվով հաղթելով «Բենֆիկային», երկրորդ անգամ անընդմեջ տիրացավ բաղձալի գավաթին։

Հաջորդ դիմակայությանը կողմերը սպասեցին գրեթե 43 տարի, որը կայացավ Չեմպիոնների լիգայի 2007/08 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում։

Կայացած երկու խաղերում էլ «Լիվերպուլը» գրեթե ոչ մի շանս չտվեց «Ինտերին»` հաղթելով ընդհանուր 3:0 հաշվով. գրանցվեցին 2:0 և 1:0 հաշիվները։

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ինտերի» ու «Լիվերպուլի» միջև կայացած հանդիպումների շրջանակում ոչ մի ֆուտբոլիստ մեկից ավելի գոլի հեղինակ չի դարձել։

Այդ 4 խաղերում «Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի են ընկել Ռոջեր Հանթը, Յան Կալահանը, Յան Սենթ-Ջոնը, Դիրկ Կայտը, Սթիվեն Ջերարդն ու Ֆերնանդո Տորեսը, իսկ «Ինտերի» կազմից` Սանդրո Մացոլան, Մարիո Կորսոն, Խոակին Պեյրոն ու Ջաչինտո Ֆակետին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023