Չեմպիոնությունը նշմարվում է․ Ինտերը պոկվում է բոլորից🎥

Չեմպիոնությունը նշմարվում է․ Ինտերը պոկվում է բոլորից🎥

05/03/2021 - 01:38

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պարմայի» դեմ։

Ճիշտ է՝ առաջին խաղակեսում Անտոնիո Կոնտեի սաներն ունեին թե՛ տարածքային և թե՛ խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը։

Հատկանշական է, որ առաջին 45 րոպեների ընթացքում «Պարմայի» ֆուտբոլիստները նույնպես հաշիվը բացելու լավ պահ ունեին, սակայն Յասմին Կուրտիչի գլխով կատարած հարվածից հետո «ներաձուրիներին» փրկեց դարպասապահ Սամիր Հանդանովիչը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսը միլանյան ակումբը բազմապատիկ ավելի ակտիվ մեկնարկեց և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ։

Նախ 54-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը բացեց խաղի հաշիվը, ապա 62-րդ րոպեին չիլիացի հարձակվողն իր անվան դիմաց արդեն դուբլ գրանցեց։ Հատկանշական է, որ երկու գոլերի դրվագում էլ Ալեքսիսին գոլային փոխանցում կատարեց Ռոմելու Լուկակուն։

Թվում էր՝ տանտերերը բաց թողած երկու գնդակից հետո չեն կարող ուշքի գալ, սակայն 71-րդ րոպեին Էրնանին մեկ գնդակ հետ բերեց իր թիմի համար՝ հաշիվը դարձնելով 2։1։

Խաղավարտին մոտ էլ «Պարմայի» ֆուտբոլիստներն ակտիվացան, մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին «կապտասևերի» պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց խուսափել պարտությունից։

Այպսիսով, «Ինտերը» 2։1 հաշվով հաղթեց «Պարմային»՝ տանելով անչափ կարևոր հաղթանակ։ Անտոնիո Կոնտեի թիմը վաստակեց 59 միավոր և շարունակում է գլխավորել «Սկուդետոյի» համար մղվող պայքարը՝ մոտակա հետապնդող «Միլանին» գերազանցելով արդեն 6 միավոր։

Հատկանշական է, որ «Ինտերը» Ա սերիայի շրջանակում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը։

Ինչ վերաբերվում է «Պարմային», ապա Ռոբերտո Դ’Ավերսայի սաները մնացին 15 միավորով և զբաղեցնում են նախավերջին՝ 19-րդ, հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023