Ինչպե՞ս «ԱՊԼ-ի մակարդակը «չձգող» ֆուտբոլիստը» դարձավ համաշխարհային մակարդակի աստղ

Ինչպե՞ս «ԱՊԼ-ի մակարդակը «չձգող» ֆուտբոլիստը» դարձավ համաշխարհային մակարդակի աստղ

21/08/2020 - 12:54

Օրեր առաջ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում «Բավարիան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Այդ հանդիպման առաջին խաղակեսում մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ 25-ամյա վինգեր Սերժ Գնաբրին, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 9 հանդիպման՝ խփելով 9 գոլ։ Տպավորի՞չ է չէ, սակայն կար մի ժամանակ երբ գերմանացի ֆուտբոլիստն ընդհանարապես իր տեղը չէր գտնում ֆուտբոլային այս աշխարհում։

Գնաբրին համարվում է «Շտուտգարտի» մարզադպրոցի սան, սակայն 2011 թվականին ընդամենը 100 հազար եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ»։ «Զինագործները» նրա հետ մեծ հույսեր էին կապում։ Նա համարվում էր լոնդոնյան ակումբի ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը, ինչի շնորհիվ էլ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին 17 տարեկան հասակում նորամուտը նշեց «Արսենալի» գլխավոր թիմում՝ մասնակցելով ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակում «Նորվիչի» դեմ խաղին։ 2013/14 մրցաշրջանում Գնաբրին արդեն 9 անգամ խաղադաշտ դուրս եկավ Պրեմիեր լիգայում և նույնիսկ խփեց իր առաջին գնդակը։

Թվում էր՝ ամեն ինչ հարթ է ընթանում երիտասարդ ֆուտբոլիստի համար։ 17 տարեկանում նա իր նորամուտն է նշել «Արսենալի» հիմնական կազմում, իսկ 18 տարեկանում արդեն առաջին գոլն է խփել Պրեմիեր լիգայի շրջանակում, սակայն վնասվածքները նրա կարիերան գլխիվայր շուռ տվեցին։ 2014 թվականի գարնանը Գնաբրին ծնկի ծանր վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց մոտ 200 օր։

Այդ վնասվածքից հետո Գնաբրին այլևս որևէ հանդիպում չանցկացրեց «Արսենալի» գլխավոր թիմում, ինչից հետո 2015 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվեց «Վեսթ Բրոմվիչ», սակայն նա ակուբմի կազմում 1 ընդամենը հանդիպում անցկացրեց` խաղադաշտում լինելով 12 րոպե, ինչից հետո գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը նրան դուրս թողեց ակումբից՝ պատճառաբանելով հետևյալը․

«Սերժը ցանկանում է խաղալ, սակայն չի «ձգում» այս մակարդակին։ Նա նոր է դուրս եկել մարզադպրոցից և գրեթե չի խաղում ԱՊԼ-ի շրջանակում, իսկ մարզադպրոցներից դուրս են գալիս արդեն Պրեմիեր լիգայի մակարդակին պատրաստ։ Նրա մակարդակը չի համապատասխանում ԱՊԼ-ին»,- նշել է «Վեսթ Բրոմվիչի» այն ժամանակվա գլխավոր մարզիչը։

2016 թվականի փետրվարի 1-ին Սերժ Գնաբրին հետ վերադարձավ «Արսենալ»։ Նախքան մրցաշրջանի ավարտը նա մի քանի հանդիպում անցկացրեց «զինագործների» երիտասարդական կազմում, ինչից հետո հրաժարվեց նոր պայմանագիր կնքել լոնդոնյան ակումբի հետ։

«Արսենալի» երկրպագուներն ընդհանրապես չէին տխրում նրա հեռանալու փաստից և մեղադրում էին միայն ակումբի մենեջմենթով զբաղվող մասնագետներին, ինչպես նաև Արսեն Վենգերին։ Գնաբրին 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը, 5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Վերդեր», սակայն, ինչպե՞ս պատահեց, որ «Արսենալն» այդ «անտաղանդ», «ԱՊԼ-ի մակարդակին« չձգող» ֆուտբոլիստին» կարողացավ վաճառել բավականին հարմար գնով։

Սերժ Գնաբրին պատանի տարիքում համարվում էր անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստ։ Նա ցանկանում էր դառնալ սպրինտեր (խմբ՝ արագավազորդ), նրան հաճախ համեմատում էին Թեո Վոլքոտի հետ, սակայն ստացած չարաբաստիկ վնասվածքը նրան ստիպեց փոխել որոշ մոտեցումներ, և ամեն ինչ փոխվեց 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերը։ Գնաբրին հասկանում էր, որ առաջ գնալու համար երբեմն անհրաժեշտ է նույնիսկ մեկ քայլ հետ գնալ, որպեսզի հետո միանգամից մի քանի քայլ առաջընթաց ունենա։

2016 թվականի օգոստոսին Գնաբրին գրեթե մոռացել էր բարձրակարգ ֆուտբոլի մասին։ Նա 8 ամիս որևէ հանդիպման չէր մասնակցել, իսկ մինչև այդ երկար ժամանակ բուժում էր ծունկը և 2,5 տարվա ընթացքում խաղադաշտում անցկացրել էր ընդամենը 137 րոպե, սակայն Գերմանիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Հորսթ Հրեբուշը նրան հավատաց՝ Գնաբրիին ընգրկելով Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերի հայտացուցակում։

Ըստ երևույթին՝ Հրեբուշը Գնաբրիին դիտարկում էր որպես Լեոն Գորեցկայի և Յուլիան Բրանտդի այլընտրանքային տարբերակ, սակայն ամեն ինչ լրիվ այլ կերպ ընթացավ։

Օգոստոսի 4-ին Մեքսիկայի դեմ կայացած մեկնարկային խաղում Լեոն Գորեցկան արդեն 28-րդ րոպեին վնասվածք ստացավ, իսկ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ հենց Սերժ Գնաբրին, ինչից հետո նրա կարիերան 180 աստիճանով փոխվեց։ Գնաբրին այդ խաղի 58-րդ րոպեին գրավեց Մեքսիկայի հավաքականի դարպասը, հաշիվը դարձրեց 1։1՝ օգնելով իր հավաքականի չպարտվել այդ խաղում։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

Այդ խաղից հետո Գնաբրին Գերմանիայի հավաքականի գրեթե բոլոր խաղերն անցկացրեց առանց փոխարինման՝ 6 խաղում խփելով 6 գնդակ։ Գերմանիայի հավաքականը հասավ մինչև օլիմպիական խաղերի եզրափակիչ և միայն 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականում, իսկ Սերժ Գնաբրին դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։

Ահա թե ինչպես «Արսենալին» հաջողվեց բավականին հարմար գնով վաճառել Սերժ Գնաբրիին։

«Վերդեր» տեղափոխվելուց հետո Սերժ Գնաբրին նշել է․

«Ֆուտբոլում ամեն ինչ շատ պարզ է․ երբ դու խաղում ես, գոլեր ես խփում, քո մասին սկսում են խոսալ, քեզնով հետաքրքրվել։ Ռիոյում ես վերադարձա մեծ ֆուտբոլ»։

Սերժ Գնաբրիի հայրը՝ Ժան-Հերման Գնաբրին, հարցազրույցներից մեկի ժամանակ լեզվի սայթաքում թույլ տվեց և նշեց, որ որդու «Վերդեր» տեղափոխությանը նպաստել է նաև «Բավարիան», սակայն արագ ընդունեց իր սխալը և անձամբ հերքեց այդ տեղեկատվությունը։

Սակայն, իրադարձությունների հետագա ընթացքը և «Վերդերի» այդ ժամանակների ֆինանսական խնդիրները, ստիպում են հավատալ, որ, իրոք, մյունխենյան ակումբն օգնել է «Վերդերին» գնել Սերժ Գնաբրիի տրանսֆերը։ Եթե մյունխենյան ակումբը, իրոք, կանգնած է Գնաբրիի «Վերդեր» տեղափոխության հետևում, ապա պարզապես ֆանտաստիկ են աշխատել ակումբի սելեկցիոներները, ովքեր հավատացել են չբացված ադամանդին։

2016/17 մրցաշրջանը միանշանակ ճակատագրական եղավ Գնաբրիի համար, քանի որ նա Բունդեսլիգայի շրջանակում նախքան ամանոր մասնակցեց 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ, իսկ 2016 թվականի նոյեմբերի 11-ին նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականի կազմում։ Նորամուտի խաղում Գնաբրին դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով «Բունդեսմանշաֆթին» 8։0 հաշվով ջախջախել Սան Մարինոյի հավաքականին, իսկ մրցաշրջանն ընդհանրապես ավարտեց խփած 11 գոլով։

Բունդեսլիգայի ձմեռային հատվածից հետո Սերժ Գնաբրին նշել է․

«Միանշանակ ճիշտ որոշում եմ կայացրել, որ հեռացել եմ «Արսենալից» և ինձ հետ կհամաձայնի ցանկացած մարդ, ով կհամեմատի իմ առաջընթացը վերջին 4 ամիսներից հետո, ինչ տեղափոխվել եմ Գերմանիա։ Ինձ անհրաժեշտ էր խաղաժամանակ, որը ես չէի ստանում։ «Արսենալը» ցանկանում էր պահել իր շարքերում, սակայն ես մտածում էի իմ անձնական առաջընթացի մասին»։

Խաղաժամանակը, սակայն, միայն երկրորդ պատճառն է, ինչի շնորհիվ Սերժ Գնաբրին վերգտավ իրեն։ Առաջին և հիմնական պատճառը ծնկի հետ կապված ճիշտ վերականգնողական կուրսերն էին։

2016 թվականի օլիմպիական խաղերին ընդառաջ գերմանացի ֆուտբոլիստը մարզվում էր Բոննում, սակայն այդ ամենը նա անում էր ո՛չ «Արսենալի» և ո՛չ էլ Գերմանիայի որևէ տարիքային հավաքականի հետ, այլ  Focus-on-Performance ընկերության մասնագետների հետ։ Այդ կազմակերպությունը մասնագիտացած է մարզիկների մարզումային ծրագրեր և վերկանգնողական կուրսեր մշակելու գործում։  Focus-on-Performance ընկերությունն այդ ժամանակ օգնում էր վերականգնվել «Արսենալի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ Պեր Մերտեզակերին, ով նույնպես ծնկի ծանր վնասվածք էր ստացել։ Գնաբրին այդ կազմակերպության «ձեռքերում» էր հայտնվել իր գործակալի՝ Տորստեն Վիրթի շնորհիվ, ով այդ ժամանակ ներկայացնում էր նաև Մերտեզակերի շահերը։

Focus-on-Performance  Սերժ Գնաբրիին դարձրեց այն, ինչ մեր օրերում բոլորս տեսնում ենք հեռուստաէկրաններից այն կողմ։ Այդ կազմակերպության հիմնադիր Մարտին Վեդմանի մշակած նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, որը կոչվում է նեյրոաթլետիկա, Սերժ Գնաբրին վերածրագրավորվեց։ Վեդմանը նրան սովորեցրեց, թե ինչպես պետք է վազքի ընթացքում ճիշտ դնի ծունկը, ինչպես պետք է լինի մեջքի դիրքը հարվածից առաջ և ինչպես պետք է վազքի ընթացքում ճիշտ կառավարի հավասարակշռությունը։

Հաջորդ երեք տարիներին Գնաբրիի ծնունկը նրան անհանանգստացրել է մեկ անգամ, երբ ընդամենը 4 օր բաց թողեց փոքրիկ վնասվածքի պատճառով, իսկ այդ կուրսերից առաջ նա պարբերաբար վնասվածքներ էր ստանում և չէր կարողանում ամիսներով մարզվել։

Focus-on-Performance-ի հետ ծանոթությունից հետո Գնաբրին վարձեց անձնական մարզիչ, զբաղվում էր յոգայով, որպեսզի վերականգնի մաշկի ճկունությունը և ամրապնդի հյուսվածքները։ Շաբաթվա ընթացքում նա մի քանի անգամ անհատական մարզումներ էր անցկացնում Լարս Լինհարդի հետ, ով Գերմանիայի գլխավոր ֆիզիոթերապևտն է և Focus-on-Performance-ի նշանակությամբ երկրորդ մարդը։

Այդ մարզումերի ընթացքում նա աշխատում էր ինչպես գլխուղեղ-մկաններ կապի, այլև ռեֆլեքսների, սովորությունների վրա։ Բացի դրանից, նա փոխեց նաև քնի ռեժիմը։

2019 թվականի հունվարին Սերժ Գնաբրին նույնիսկ փոխեց իր սննդակարգը՝ դառնալով բուսակեր։ Նա հրաժարվեց մսից՝ անցնելով ոսպի և ոլոռի։ Նախորդ տարիներին բուսակեր են դարձել նաև Հեկտոր Բելերինն ու Քրիս Սմոլինգը և երկու ֆուտբոլիստներն էլ հաստատում են, որ բուսական ուտելիքների անցնելուց հետո, խաղադաշտում իրենց ավելի թեթև են զգում։ Այդ ամենը կփաստի նաև Գնաբրին, քանի որ 2018/19 մրցաշրջանի երկրորդ հատվածում նա «Բավարիայի» կազմում մասնակցեց 22 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ, այն ինչ առաջին հատվածում խփել էր ընդամենը 4 գոլ, սակայն բուսակերությունը երկար չտևեց նրա մոտ։ Վերջերս գերմանացի վինգերը խոստովանեց, որ երբեմն-երբեմն միս ուտում է։

Գնաբրին ինտեգրված է ոչ միայն ֆուտբոլում, այլև հիանալի սրտի տեր տղա է։ 2017 թվականի նա ընդգրկվել է  Common Goal ֆուտբոլային բարեգործական հիմնադրամում, որը ստեղծել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Խուան Մատան։ Այդ հիմնադրամի անդամներն իրենց աշխատավարձի 1%-ը փոխանցում են բարեգործությանը։

Գնաբրիի համար այդ հիմնադրամին միանալը եղել է սկզբունքային հարց․

«Common Goal-ին միանալու որոշումը սրտիս թելադրանքով եմ կայացրել։ Նման որոշում կայացնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ իմ հայրը Աֆրիկայից է՝ Կոտ դ’Իվուարից։ Ես անտարբեր չեմ, թե իվուարցիներն ինչպես են ապրում։ Ես եղել եմ այնտեղ և տեսել եմ, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչից հետո ցանկանում եմ ինչ-որ կերպ օգնել նրանց, իսկ շքեղ ու ճոխ կյանքը յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում։ Ինչ-որ մեկի համար կարևոր են թանկարժեք ավտոմեքենաները, ոսկյա շղթաները, իսկ ինձ բավարարում է նույնիսկ միայն ֆուտբոլ խաղալը և մարդկանց օգնելը։ Դա ավելի արժեքավոր է շքեղ կյանքից»,- նշել է Գնաբրին։

Գնաբրիի «Վերդեր» տեղափոպությանը, իրոք, հնարավոր է, նպաստաել է նաև «Բավարիան», քանի որ արդեն 2017 թվակակնին նա ընդամենը 8 մլն եվրոյի դիմաց համալրեց հենց մյունխենյան ակումբի շարքերը։ 2017/18 մրցաշրջանը «Բավարիան» Գնաբրիին վարձավճարով տրամադրեց «Հոֆֆենհայմին», իսկ այդ մրցաշրջանում նա մասնակցեց 27 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղնակ, իսկ արդեն 2018/19 մրցաշրջանից սկսած նա կանոնավոր տեղ ունի «Բավարիայի» մեկնարկային կազմում։ Նախորդ մրցաշրջանի ավարտին նա նույնիսկ ճանաչվեց «Բավարիայի» տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2019/20 մրցաշրջանը միանշանակ նրա կարեիայում լավագույնն է, որի շրջանակում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրիի մրցելույթներից հատկապես տպավորիչ էր «Տոտենհեմի» հարկի տակ գրանցած պոկերը, որն օգնեց «Բավարիային» 7։2 հաշվով ջախջախել մրցակցին։

Սերժ Գնաբրիին կարելի է դասել այն ֆուտբոլիստների շարքին, որոնք ճիշտ ժամանակին հասկացան, թե իրենց ինչ է պետք և ճիշտ պահին հայտնվեցին ճիշտ տեղում։ Գնաբրին ապացուցում է կյանքի ամենակարևոր օրենքներից մեկը, որ երբեք ուշ չէ մի բան սկսել, մի բան փոխել ինքդ քո մեջ, քո մետոցումներում։ Նա 180 աստիճանով փոխեց իր մոտեցումները և կյանքը, երբ սկսեց համագործակցել Focus-on-Performance-ի։ Այժմ նա «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկն է, իսկ օրեր անց մյունխենյան ակումբի կազմում պայքարելու է Չեմպիոնների լիգայի ոսկու համար։ Նա քայլ առ քայլ «անտաղանդ» և «ԱՊԼ-ի մակարդակը «չձգող» տղայից» դառնում է համաշխարհային մակարդակի աստղ։ 2016 թվակնաին, երբ նա նոր էր տեղափոխվել «Վերդեր», գնահատվում էր ընդամենը 5 մլն եվրո, իսկ այժմ Գնաբրիի տրանսֆերային արժեքը կազմում է արդեն 72 մլն եվրո, իսկ այդ ամենը պատահանակություն չէ։

Համեմատության համար վերջում ցանկանում ենք նշել, որ այն մասնագետը՝ Տոնի Պյուլիսը, ով ժամանակին Գնաբրիին չհավատաց «Վեսթ Բրոմվիչում», 2019 թվականի մայիսի 17-ից անգործ է և չունի աշխատանքի որևէ առաջարկ․․․․․․․ )))

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով և միշտ հավատացե՛ք ձեր ուժերին!!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023