Ի՞նչ տրանսֆերային նպատակներ ունի Յուվենտուսը

Ի՞նչ տրանսֆերային նպատակներ ունի Յուվենտուսը

14/08/2020 - 19:34

«Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուահնի ժամանակ մտադիր է լրջորեն փոփոխությունների ենթարկել կազմը։ Արդեն հայտնի են դարձել այն խաղացողները, որոնք հայտնվել են թուրինյան ակումբի ուշադրության կենտրոնում։

«Ատալանտայի» ձախ լատերալ Ռոբին Գոսենսը հայտնվել է «ծեր սենյորայի» ուշադրության կենտրոնում։ Այդ մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

«Ատալանտան» գերմանացի ֆուտբոլիստին գնահատում է 30-35 մլն եվրո։ Սույն թվականի հունվարին «Լիոնը» Գոսենսին փորձել է գնել 25 մլն եվրոյի դիմաց, սակայն մերժում է ստացել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գոսենսի ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՊԼ-ի և Բունդեսլիգայի որոշ ակումբներ։

«Սպիտակասևերը» մտադիր են նաև ուժեղացնել հարձակման կրակածայրը, որի ամենահավանական տարբերակը «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսն է։

Նույն Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, մեքսիկացի հարձակվողի «Յուվե» տեղափոխության հավանականությունը բավականին բարձր է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը արդեն քանի ամիս է աշխատում է այս տրանսֆերի իրականացման համար։

Հաղորդվում է, որ Խիմենեսի ծառայություններով հետաքրքրված է անձամբ թուրինյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն, ում հարկավոր է արդյունավետ կենտրոնական հարձակվող։ Խիմենեսն ավարտված մրցաշրջանում 55 խաղում դարձել էր 27 գոլի հեղինակ։

Երեկ՝ օգոստոսի 13-ին, հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատուիդին հեռացավ ակումբից՝ տեղափոխվելով Դևիդ Բեքհեմի ակումբ՝ «Ինտեր-Մայամի»։

Թուրինյան ակումբը մտադիր է Մատուիդիի փոխարեն ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Թոմաս Փարթիին։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta delo Sport-ը, «Յուվեի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված են գանացի կիսապաշտպանի ծառայություններով։

Թուրինյան ակումբում այժմ միջին գծի սերնդափոխություն է սպասվում և ակումբի ներսում Թոմասին դիտարկում են որպես ամենակարևոր օղակներից մեկը, ով կմիանա Ռոդրիգո Բենտանկուրին, ինչպես նաև «Բարսելոնայից» տեղափոխված Արթուրին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվեն», բացի Ռաուլ Խիմենեսից, կենտրոնական հարձակվողի դիրքում նաև այլ ֆուտբոլիստների է տեսնում։

Չնայած ակումբը անձնական պայմանագրի հարցում համաձայնության էր հասել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկի հետ, միևնույնն է «բյանկոներիներն» այդպես էլ բանակցություններ չսկսեցին նեապոլիտանական ակումբի հետ։ Սպասվում էր, որ այդ գործարքում կներառվի Ֆեդերիկո Բերնարդեսկին, սակայն վինգերը մտադիր չէ լքել «Յուվեն»։

Ակումբը հետաքրքրություն է պահպանում նաև «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի նկատմամբ, սակայն այդ տեղափոխությունը ներկա պահին այդքան էլ իրատեսական չէ։

Այս բոլոր հավանական թեկնածուներին է ավելացել նաև «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան, ով ժամանակին արդեն հանդես եկել է թուրինյան ակումբի կազմում՝ նույնիսկ խաղալով նաև Անդրեա Պիռլոյի հետ։ Իսպանացի հարձակվողի նկատմամբ հետարքրքրությունն ավելի է մեծացել՝ հաշվի առնելով նաև ներկա ֆինանսական վիճակը։

Սպասվում է, որ «Յուվեի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն և ակումբի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարտիչին մոտ օրերս կհանդիպեն՝ հստակեցնելով ակումբի տրանսֆերային ծրագրերը։

Վերջերս խոսակցություններ էին տարածվել, թե «Ռեալ Մադրիդը» մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային՝ թուրինյան ակումբին առաջարկելով փոխանակում։ «Ռեալը» պարտաստ էր խաղացողի դիմաց առաջարկել Տոնի Կրոսի կա՛մ էլ Իսկոյի տրանսֆերային իրավունքները։

Արգենտինացի ֆուտբոլիստի գործակալը «Յուվենտուսի» հետ շարունակում են նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել։

Կողմերը դեռևս համաձայնության չեն հասել, սակայն ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, Դիբալան մտադիր է մնալ թուրինյան ակումբում։ Դիբալան ցանկանում է տարեկան վստակել 15 մլն եվրո աշխատավարձ, սակայն «բյանկոներիները» պատրաստ են վճարել միայն 10 մլն եվրո։

Հավելենք, որ Դիբալայի ու «Յուվեի» գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023