Ընթերցողի կարծիք․ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 10 բացահայտումները

Ընթերցողի կարծիք․ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 10 բացահայտումները

09/06/2020 - 00:38

Յուրաքանչյուր մրցաշրջանից հետո նոր անուններ են բացահայտվում՝ մեր սիրած սպորտաձևը պարուրելով աստղերով: Իհարկե նրանցից ոչ բոլորին է հաջողվում հաջողության ընթացքը երկար պահպանել, սակայն կան դեմքեր, որոնց համար առաջին և կայուն մրցաշրջանը շարժառիթ է հանդիսանում ապագայում ուժեղագույնների կողքին դասվելու համար: Այժմ կներկայացնենք Պրեմիեր Լիգայի 2019/20 մրցաշրջանի 10 լոսավոր կերպարների մասին՝ ֆուտբոլիստներ, ովքեր արդեն իսկ շատերին խոսել են տալիս իրենց մասին:

Թեմի Աբրահամ

Ակումբ – «Չելսի»

Դիրք – կենտրոնական հարձակվող

Տրանսֆերային արժեք – 40 մլն եվրո

Թեմի Աբրահամը դեռ անցած մրցաշրջանից ստիպեց շատերին, որ հետաքրքրվեն իրենով: Չեմպիոնշիփում հեղինակելով 25 գոլ՝ վերադարձավ «Չելսի» և առաջին իսկ պահից սկսեց փայլել՝ որպես անհատ: Լեմպարդը հիանալի տեղ գտավ Աբրահամի համար մեկնարկային կազմում: Անգլիացի մարզիչը, միանշանակ, իր ազդեցությունն ունի Թեմիի արդյունավետության վրա: Հարձակվողի գլխավոր հատկությունը այն է, որ կարողանում է արագ որոշումներ կայացնել վայրկյանների ընթացքում և անսպասելի վտանգ մատուցել մրցակցին: Պաշտպաններին խուճապի է մատնում, գտնվում է ճիշտ պահին ճիշտ տեղում: Նաև հիանալի է խաղում երկրորդ հարկում: Ընթացիկ մրցաշրջանում Թեմին մրցակիցների դարպասը գրավել է 15 անգամ, իսկ դա փաստում է, որ մեր առաջ ձևավորվում է հերթական բարձրակարգ հարձակվողը: Այո հիմա Աբրահամին խոչնդոտում են վնասվածքները, բայց միևնույն է անգլիացին մնում է բարձր նշաձողի վրա և շարունակում է մնալ թիմի համար կարևոր ֆուտբոլիստ: Մոտ ապագայում չի բացառվում, որ Աբրահամը մշտապես իր տեղը կամրագրի նաև Անգլիայի հավաքականում, որը նրան լրացուցիչ մոտիվացիա և էներգիա կհաղորդի։

Մեյսոն Գրինվուդ

Ակումբ – «Մանչեսթեր Յունայթեդ»

Դիրք – աջ վինգեր/կենտրոնական հարձակվող

Տրանսֆերային արժեք – 29 մլն եվրո

Մեյսոն Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է: Նրա տաղանդը բացահայտեց Օլե-Գունար Սուլշերը այս մրցաշրջանի սկզբին: Գրինվուդը երկու ոտքերով էլ հիանալի է խաղում, ինչը խոսում է այն մասին, որ Մեյսոնը սահմանափակ ֆուտբոլիստ չէ՝ օժտված լինելով փայլուն դրիբլինգով և բարձր մեկնարկային արագությամբ: Գրինվուդը կարող է երկար տարիներ «Մանչեսթեր Յունայթեդում» փակել և՛ վինգերի և՛ կենտրոնական հարձակվոի դիրքը : Գրինվուդին հաճախ համեմատում և նմանեցնում են Ռոբին վան Պերսիի հետ: Ակնհայտ է, որ նրանց խաղային մեթոդները որոշակի նմանություն ունեն: Անցկացնելով շատ քիչ քանակությամբ խաղեր և հիմնականում խաղերը սկսելով պահեստայինների նստարանից՝ Մեյսոնը բավականին արդյունավետ վիճակագրություն ունի: Նա բոլոր մրցաշարերում արդեն 14 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Վստահեցնում ենք, որ հաճախ կլսենք անգլիացի հրաշամանուկի անունը:

Գաբրիել Մարտինելի

Ակուբ – «Արսենալ»

Դիրք – ձախ վինգեր/կենտրոնական հարձակվող

Տրանսֆերային արժեք – 25 մլն եվրո

Գաբրիել Մարտինելիին «Արսենալը» ընդամենը 7 մլն. եվրոյով ձեռք բերեց նախորդ ամռանը: Սկզբնական շրջանում Մատրինելին մատնվում էր անուշադրության, սակայն այսօր երիտասարդը սպեցիֆիկ բնույթ է կրում «Արսենալի» համար: Գաբրիելը իր անզուգական վերաբերմունքը ունի գնդակի հանդեպ: Հիանալի դրիբլինգով է օժտված, գլուխը միշտ բարձր է խաղում, տիրապետում է պայթունավտանգ արագությունները, հատկապես երբ թիմը միտվում է հակագրոհի: Դրա վառ օրինակն էր «Չելսիի» դեմ կամային ոչ-ոքին, երբ Մարտինելին խփեց իր կարիերայի երևի թե լավագույն գոլը՝ կտրելով մի հեկտար տարածք: Երբ գնդակը Մարտինելիի մոտ է հայտնվում, ֆուտբոլիստը հաշվի չի առնում մրցակցի բարձր կարգը և խուճապի չի մատնվում, այլ համեստորեն անում է իր գործը: 18-ամյա տաղանդին շատ հաճախ նմանեցնում են բրազիլացի Ռոնալդոին, իսկ դա նշանակում է, որ նրանց խաղային ձեռագրերը գրեթե նման են: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինելին 10 անգամ գրավել է մրցակիցների դարպասը և «զինագործների» կազմում լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Ֆուտբոլիստ, ով այսօրվա տխուր «Արսենալի» լուսավոր կետերից մեկն է համարվում: Միանշանակ, եթե Մարտինելին շարունակի իր համարձակ ելույթները, ապա մոտ ապագայում հրավեր կստանա Բրազիլիայի ազգային հավաքականից:

Ջեյմս Մեդիսոն

Ակումբ – «Լեսթեր»

Խաղային դիրք – ենթահարձակվող

Տրանսֆերային արժեք – 48 մլն երվո

«Լեսթերը» գերազանց մեկնարկեց ընթացիկ մրցաշրջանը: Բրենդան Ռոջերսի փիլիսոփայությունը փայլուն կերպով համատեղվեց թիմի արդյունքների հետ: Ներկայիս «Լեսթերի» ֆանտազիստներից մեկը` Ջեյմս Մեդիսոնը ամբողջությամբ դուրս եկավ նոր խաղամակարդակի վրա: Ֆուտբոլիստը դեռ նախորդ մրցաշրջանից էր նկատելի դարձել Անգլիայի առաջնությունում, իսկ հիմա անգլիացի տաղանդը մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհով: Ֆուտբոլիստին բացահայտեց Կլոդ Պյուելը, իսկ Բրենդան Ռոջերսը հղկեց նրան որպես անհատ և կատարելագործեց՝ հասցնելով թոփ մակարդակի: Ֆուտբոլիստը «Լեսթերի» կիսապաշտպանության դիրիժորն է` գլխավոր հենասյունը: Մեդիսոնի զինանոցում կան բազմաթիվ որակներ՝ տիրապետում է երկար փոխանցումների արվեստին, խաղային բարձր ինտելեկտի շնորհիվ կտրող փոխանցումներով գնդակներ է մատակարարում առաջնագիծ: Կիսապաշտպանի համար բացառիկ գոլային հոտառություն ունի և վճոռորոշ դեր է ունենում տուգանային հարվածների ժամանակ: Կիսապաշտպան, ով գրեթե չունի թույլ կողմեր: Հատկանշական է, որ այս գագաթնակետին հասել է ուժեղ բնավորության և աշխատասիրության շնորհիվ: Ֆուտբոլիստ, որով արդեն մի շարք թոփ ակումբներ են հետաքրքրվում և չի բացառվում, որ եկող մրցաշրջանում Ջեյմսին կտեսնենք մեկ այլ ակումբի գլխավոր հրամանատարի կարգավիճակում:

Դանիել Ջեյմս

Ակումբ – «Մանչեսթեր Յունայթեդ»

Խաղային դիրք – աջ/ձախ վինգեր

Տրանսֆերային արժեք – 22,5 մլն եվրո

Դանիել Ջեյմսը «կարմիր սատանաների» ճամբարը համալրել է 2019 թվականի ամռանը։ Առաջին իսկ խաղերից նա ցույց տվեց իր հիանալի որակները: Ջեյմսը տիրապետում է սըրնթաց արագության և կարող է ճեղքել յուրաքանչյուր պաշտպանություն՝ տեխնիկական որակների հաշվին: Շատ հաճախ, երբ թիմի խաղը չի ստացվում, նա եզրային ճեղքումներ է իրականացնում և կատարում փոխանցումներ, որոնք օգնում են թիմակիցներին խփել անհրաժեշտ գնդակները: Ուելսցին տեղավորվում է ցանկացած մարտավարության մեջ՝ հանդես գալով հարձակման և՛ աջ, և՛ ձախ եզրերում: 19-ամյա ֆուտբոլիստը կարողացավ կարևոր օղակ հանդիսանալ Սուլշերի գծած տակտիկայում: Ջեյմսը հատկապես փայլում է հակագրոհային ֆուտբոլի ժամանակ, ինչի վառ ապացույցն էր «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայացած  «Լիվերպուլի» հետ հանդիպումը, երբ Ջեյմսը դարձավ գոլային փոխանցման հեղինակ և աչքի ընկավ իրեն բնորոշ անցումներով: Չհասունացած դեմքով տղան դրական ազդեց Սուլշերի թիմին: Երիտասարդ ուելսցին դեռ շատ կստիպի ֆուտբոլասերներին և մասնագետներին հիանալ իր խաղով:

Մեյսոն Մաունթ

Ակումբ – «Չելսի»

խաղային դիրք – ենթահարձակվող

Տրանսֆերային արժեք – 40,5 մլն եվրո

Ֆրենկ Լեմպարդի «Չելսին» այժմ ամբողջովին գտնվում է վերակազմավորման փուլում: Հեղափոխություն լոնդոնյան ակումբում, որը փայլուն կերպով է իրականացնում անգլիացի մարզիչը: Ռեվոլուցիա ապրող ակումբի կարևորագույն օղակներից մեկը դարձավ Մեյսոն Մաունթը: Էդեն Ազարի հեռանալուց հետո խաղ կազմակերպողի դիրքը մնաց բաց, սակայն Մաունթը որոշ խաղերում կարողացավ իր օգտակար գործողությունների շնորհիվ լրացնել այդ բացը: Անգլիացին կայուն խաղով աչքի չի ընկնում, սակայն խաղում է ազարտով և տաքարյուն ֆուտբոլ: Որպես այդպիսին՝ ֆուտբոլիստին բացահայտեց հենց նույն Լեմպարդը «Դերբի Քաունթիում», որտեղից էլ իր հետ «Չելսի» տարավ: Մեյսոնը բազմակողմանի զարգացած կիսապաշտպան է: Հիանալի խաբսերի է տիրապետում, փայլուն է կողմնորոշվում կարճ տարածությունների ժամանակ: Իսկական դահիճի է նման, երբ մրցակիցը թերանում է սեփական կիսադաշտում: Մեյսոնը բավականին սիստեմատիկ ֆուտբոլիստ է: Անգլիացին տեղավորվում է ցանկացած մարտավարության մեջ` հենակետային կիսապաշտպանից ընդհուպ մինչև եզրային հարձակող: Ինչպես Թեմի Աբրահամը, այնպես էլ Մաունթը այս մրցաշրջանում դարձավ «Չելսիի» համար պատասխանատու անձիք: Մաունթը փայլուն կերպով ինտեգրվեց Ժորժինյո, Կանտե զույգի կողքին և նպաստեց նրանց արդյունավետությանը:  Եթե այս տղայի հետ ճիշտ աշխատեն, ապա համաշխարհային ֆուտբոլը կունենա ևս մեկ բարձրակարգ կիսապաշտպան:

Բուկայո Սակա

Ակումբ – «Արսենալ»

Խաղային դիրք – ձախ պաշտպան/ձախ վինգեր

Տրանսֆերային արժեք – 20 մլն եվրո

Լոնդոնի «Արսենալը» գրեթե միշտ համարվել է տաղանդածին թիմերից մեկը: Ընթացիկ մրցաշրջանում Բուկայո Սական նրանց «արտադրամասի» հերթական պտուղը դարձավ: Անգլիացին ֆուտբոլիստը նոմինալ կիսապաշտպան է, երբեմն հանդես է գալիս վինգերի դիրքում, սակայն 19/20 մրցաշրջանից նրա դերը խաղադաշտում ավելի պատկերավոր դարձավ: Ամեն ինչ դասավորվեց այնպես, որ Սեադ Կոլաշինացն ու Կիրան Թիրնին վնասվածքներ ստացան և դուրս մնացին շարքից, իսկ Միկել Արտետան ձախ պաշտպանի դիրքում ընդգրկեց 18-ամյա Բուկայո Սակային: Բավականին ռիսկային, բայց գովելի որոշում: Միկելը վերջինիս կարողացավ ճիշտ օգտագործել և նոր որակներ բացահայտեց ֆուտբոլիստի մոտ, իսկ պատանի անգլիացին առավելագույն չափով օգտվեց այդ հնարավորությունից: Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:  Ֆուտբոլիս, ով գնդակը հիանալի վարել գիտի, օժտված է տպավորիչ արագությամբ: Լինելով պաշտպան՝ չի վախենում կտրուկ որոշումներ կայացնել, և որ ամենակարևորն է՝ չի կոտրվում սխալվելուց: Բացի այս ամենից՝ յուրահատուկ խաբսերի է տիրապետում և շատ հաճախ մրցակցին հանում է հուներից: Երբեմն, սական, այնպիսի խաղով է աչքի ընկնում կարծես թե ամբողջ կյանքում խաղացել է «Արսենալի» ձախ թևում, և եթե ինչ-որ հրաշքով Կոլաշինացը և Թիրնին շարք վերադառնան դժվար թե կարողանան տեղ գտնել մեկնարկային կազմում: Ամեն դեպքում՝ Սական դեռևս երիտասարդ է և կարող է հանդես գալ բազում դիրքերում: Եթե ֆուտբոլիստի խաղում հետընթաց չսկսկվի, առնվազն երկու տարի հետո ֆուտբոլիստը դուրս կգա անհավանական մակարդակի վրա:

Չագլար Սոյունչու

Ակումբ – «Լեսթեր»

Խաղային դիրք – կենտրոնական պաշտպան

Տրանսֆերային արժեք – 32 մլն եվրո

Մի շարք փայլուն մրցաշրջաններից հետո եկավ ժամանակը, որպեսզի Հարի Մագուայերը լքի «աղվեսների» ճամբարը: Մագուայրի «Մանչեսթեր» մեկնելը կարող էր սարսափելի սցենար հանդիսանալ «Լեսթերի» համար, թեև այդպես կարծում էին ԱՊԼ-ի մի շարք երկրպագուներ, անգամ փորձագետներ, սակայն եկավ նաև այն ժամանակը, երբ «Լեսթերը» պայքարում է ուժեղագույնների դեմ նաև առանց Մագուայրի: Չագլար Սոյունչուն ԱՊԼ-ի առաջին մրցաշրջանում շատ սահմանափակ խաղաժամանակ ունեցավ՝ դառնալով ընդամենը 6 հանդիպման մասնակից և բնականաբար չէր հայտնվում ուշադրության կենտրոնում, իսկ Մագուայերի հեռանալուց հետո ամբողջովին ուշադրության սլաքը Սոյունչուի վրա կանգ առավ: Բրենդան Ռոջերսը որոշեց վստահել ֆուտբոլիստին և տալ այդքան սպասված շանսը: Ֆուտբոլիստն  արագորեն հաստատվեց «Լեսթերում»՝ որպես նոր «հերոս», որոշ ժամանակ հետո ստացավ երկրպագուների սերն ու ջերմությունը: 24-ամյա ֆուտբոլիստը շատ արագ ինտեգրվեց 4-1-4-1 մարտավարական սխեմայում։ Նրա խաղում նկատվեց հասունության տպավորիչ քանակություն և մեծ ագրեսիա: Պաշտպան, ով խաղադաշտը հիանալի է տեսնում: Երբեմն պաշտպանի համար անբնորոշ փոխանցումներով գոլային գրոհների սկիզբ է դնում: Մրցակիցները անհաջողության են մատնվում, երբ դուրս են գալիս Չագլարի դեմ մեն-մենակ: Ֆուտբոլիստ, ով չի վախենում ռիսկի գնալուց: Խաղային ինչ իրավիճակում էլ նա հայտնվի, անհանգիստ տեսք չի ունենում: Փորձառու Ջոնի Էվանսի կողքին Սոյունչուն էլ ավելի է բարձրացնում հեղինակությունը: Թուրքը և հյուսիսիռլանդացին միմյանց շատ լավ են լրացնում: Սոյունչուն դարձավ «Լեսթերի» առաջխաղացման առանցքային մասը: Նրա ազդեցությունը «Լեսթերի» այս թիմի վրա իսկապես աստղային է եղել այլ լավագույն կատարողների մեծամասնության շրջանում:

Դին Հենդերսոն

Ակումբ – «Շեֆիլդ Յունայթեդ»/«Մանչեսթեր Յունայթեդ»

Խաղային դիրք – դարպասապահ

Տրանսֆերային արժեք – 14,5 մլն եվրո

Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր Լիգայի նորեկ «Շեֆիլդ Յունայթեդը» առաջնության գլխավոր բացահայտումներից մեկն է դարձել : 89 միավորով Չեմպիոնշիփը հաղթահարած համեստ ակումբը ցույց տվեց այնպիսի խաղ, որ ֆուտբոլասերների աչքերից անպակաս մնաց: «Շեղբերի» այս կազմակերպված թիմի դարպասն է անառիկ պահում մեծ ճանաչում չվայելող Դին Հենդերսոնը: Ֆուտբոլիստը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ և վարձավճարով է հանդես գալիս «Շեֆիլդի» կազմում: 23-ամյա դարպասապահի շնորհիվ է, որ այսօր «Շեֆիլդ Յունայթեդից» քիչ գոլ բաց է թողել միայն «Լիվերպուլը»: Երբ Դին Հենդերսոնը սկսեց հանդես գալ Պրեմիեր Լիգայի առաջին խաղարկութնունում, ոչ ոք չէր կարող կանխատեսել ,որ նա կգրանցի այդքան մեծ աճ այդպիսի կարճ ժամանակահատվածում, իսկ դա նշանակում է, որ «Շեֆիլդի» փայլուն խաղին մեծապես աճ է տվել հենց Դին Հենդերսոնը: Դարպասապահը հզոր ռեակցիա ունի, լավ է խաղում գծի վրա, տիրապետում է ոտքով խաղին նաև անկյունայինների և տուգանայինների ժամանակ կարողանում է հաջող որսալ գնդակները: Իր առաջին մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը հարաբերական հեշտությամբ հարմարվեց ԱՊԼ-ին: Այս ամառ պետք է կայանար Եվրոպայի առաջնությունը, սակայն հայտնի պանդեմիայի պատճառով խաղարկությունը տեղի կունենա 2021 թվականին, և դա նշանակում է, որ Հենդերսոնը ունի  բավարար ժամանակահատված ավելի մեծ փորձ ձեռք բերելու, խաղային որակները ուժեղացնելու և թերությունները շտկելու համար: Գարեթ Սաութգեյթը որևէ սահմանափակում չունի և տալիս է երիտասարդ կադրերին իրենց դրսևորելու հնարավորությունը: Աշխարհի գավաթի խաղարկության 2018 թվականի Փիկֆորդի հերոսություններն այժմ հեռավոր հիշողություններ են թվում, ինչը խոսում է Հենդերսոնի օգտին: «Էվերթոնի» անհաջողությունների հետ մեկտեղ Փիկֆորդի  մարզավիճակը ևս ընկավ, սակայն ամեն ինչ առջևում է, իսկ տաղանդավոր ու աշխատասեր դարպասապահը ջանք չի խնայի Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում հայտնվելու համար: Ստացվում է, որ Գարեթ Սաութգեյթը ունի երկու բավականին տաղանդավոր և աշխատասեր դարպասապահներ,որոնք պետք է կռիվ տան Անգլիայի հավաքականի մեկնարկում հայտնվելու համար: Չի բացառվում որ մրցաշրջանի ավարտից հետո Դինին կտեսնենք «Մանչեսթեր Յունայթեդի» ճամբարում, քանի որ Դե Խեան գնալով էլ ավելի լավը չի դառնում:

Ջեք Գրիլիշ

Ակումբ – «Աստոն Վիլլա»

Խաղային դիրք – ձախ վինգեր/ենթահարձակվող

Տրանսֆերային արժեք – 30,5 մլն եվրո

Դասական փլեյմեյքերի դերը այնպիսի դիրք է, որը գրեթե ոչնչացված է ֆուտբոլում, սակայն կա մեկը, ով փորձում է կոտրել այդ կարծրատիպը: Ջեք Գրիլիշը համարվում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենավառ իրադարձությունների ֆուտբոլիստներից մեկը: Անգլիացի տաղանդը մեծապես օգնեց «Աստոն Վիլային» բարձրանալ ԱՊԼ: Չնայած ակումբի սակավ միավորների հաջորդականությանը ֆուտբոլիստը իր խաղով կարողանում է առավելագույնը քաղել և ուշադրություն գրավել թոփ ակումբների շրջանում: 24-ամյա ֆուտբոլիստը չափազանց ինտելեկտուալ խաղացող է ՝ տեխնիկական շատ մեծ կարողությամբ: «Աստոն Վիլայի» մարզիչ Դին Սմիթը մրցաշրջանի ընթացքում օգտագործել է տարբեր համակարգեր: Նա գործածում էր 4-2-3-1 և 3-4-3 մարտավարությունները: Գրիլիշը հեշտությամբ տեղավորվեց երկու համակարգերում էլ: 4-2-3-1-ում նա նախընտրելի թվով խաղում է խաղադաշտում և ձեռք է բերում լայն տարածություն: 3-4-3-ում կիսապաշտպանը խաղում է ձախակողմյան հատվածում: Ձախակողմյան հատվածից ֆուտբոլիստը սլանում է դեպի կենտրոնական տարածքներ, որպեսզի ավելի մեծ ազդեցություն ունենա խաղի վրա: «Աստոն Վիլայի» ավագը ժամանակակից կիսապաշտպանի համադրություն է: Գրիլիշը հնարավորություն ունի խաղալ ինչպես առաջնագծում, այնպես էլ կիսապաշտպանության եռյակում: Նա նաև «Աստոն Վիլայի» գրոհների լուրջ ներդրումն է, ինչպես ցույց է տալիս նրա հարձակողական արդյունքը: Անգլիացին այն մեկն է, ով չափից դուրս չի շեղվում, այլ փորձում է խաղի մեջ մտցնել իր թիմակիցներին: Եզրափակելով՝ Գրիլիշի կարողությունն ու մտածելակերպը կարող է խթան դառնալ, որպեսզի ֆուտբոլիստը տեղ գտնի ավելի մեծ ակումբներում: Տարբեր մարզիչներ բարձր գնահատական են տալիս Գրիլիշին, քանի որ տղան իր խաղով ապացուցում է, որ հասունացել է պատասխանատու և ընդունակ խաղացողի կոչման համար: Կան խոսակցություններ, որ ֆուտբոլիստը շուտով «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի: Կարող ենք վստահաբար ասել, որ ֆուտբոլիստը Օլե-Գունար Սուլշերի ակումբին մեծապես օգուտ կբերի իրր աշխատասիրության և ունիվերսալության հաշվին:

Հայկ Սահակյան

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023