Ընթերցողի կարծիք․Յունայթեդի ու Արսենալի «10 համարի» դիրքի խնդիրների մասին

Ընթերցողի կարծիք․Յունայթեդի ու Արսենալի «10 համարի» դիրքի խնդիրների մասին

02/11/2020 - 21:18

ԱՊԼ-ում  «մեծ վեցնյակի» թիմերի գերակշռող մասը հիմնականում չեն խաղում  հատուկ «10 համարով», այսինքն տակտիկական սխեման այնպես է, որ ընդգծված ենթահարձակվողը կարող է լինել, կարող է չլինել՝ կախված մարզչից։

Օրինակ Յուրգեն Կլոպպի 4-3-3- ը վերածվում է 4-2-3-1-ի՝ հիմնականում կախված Ռոբերտո Ֆիրմինոյի դիրքից։ Նույնը անում է Պեպ Գվարդիոլան, բայց այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» չափազանց շատ է կախված Կևին դե Բրույնեյի տաղանդից, հատկապես, երբ վերջինս խաղում է «10 համարի» դիրքում։

Ֆրենկ Լեմպարդն ու Ժոզե Մոուրինյոյի թիմերը նույնպես կարող են փոփախական սխեմաներով հանդես գալ՝ անկախ թիմերի կազմերից։

Բայց այստեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ու Արսենալը առանձնանում են վերը նշված թիմերից․ «Յունայթեդի» խաղը կառուցվում է «10 համարի» շուրջ, իսկ «Արսենալը» միանշանակ հրաժարվել է «10 համարի» (ենթահարձակվողի կիրառումից), լոնդոնցիները ոչ բարով Մեսութ Օզիլ անունով ֆուտբոլիստ ունեին, ում Միկել Արտետան դուրս է թողել Արսենալի հայտացուցակից, հենց նա էր ստանձնում այդ դերը։

Որպեսզի ավելի ընկալելի լինի ասեմ այսպես․ «Յունայթեդը» փորձում է ստեղծել անհատականությունների միջոցով, իսկ «Արսենալը»՝ թիմային դասավորության, կառուցվածքի։ Կիրակի օրվա «Օլդ Թրաֆֆորդում» կայացած խաղը այդ երկու մոտեցումների հանդիպումն էր։

«Արսենալը» շատ լավ պրեսինգի էր դիմում, սական, Վիլիանը, «կեղծ» 9 համարի  դիրքում խաղացող Լակազետը, բոլորը լավ էին կատարում մարզչի առաջադրանքը, բայց Արտետայի թիմում չկար իսկական արարող, ով  լոնդոնցիների առաջին խաղակեսի  խոստումնալից պահերը կվերածեր գոլայինի։

Առաջին խաղակեսից հետո չնայած  տակտիկական առավելությանը, լոնդոնցիները ընդմիջման գնացին 0։0 հաշվով։  Եկրորդ կեսում նրանք այդքան առավելություն չունեին, բայց վաստակեցին 11 մետրանոց Պոգբայի անփութության շնորհիվ։

«Մանչեսթեր Յունայթեդի» «10 համարի» դիրքում խաղում է Ֆերնանդեշը։ Հունվարին, երբ պորտուգալացին միացավ Սուլշերի թիմին մանկունյանցիները կերպարանափոխվեցին, բայց դա խնդիր է, երբ թիմի խաղը այդքան վառ արտահայտված ձևով կախված է մի ֆուտբոլիստից, երբ նրա խաղը չի ստացվում, երբ նրան կարողանում են հսկել պաշտպանության ու կիսապաշտպանության միջև կապը կորում է։

Սուլշերը չափազանց կանխատեսելի է դառնում, այստեղ խնդիրը այն չէ, որ Ֆերնանդեշը վատ հանդիպում անցկացրեց, ընդհակառակը, ուղղակի Արտետան շատ լավ էր պատրաստվել հանդիպմանը։

4-2-3-1 դասավորության դեպքում, երբ Ֆերնանդեշը խաղում է «10 համարի» դիրքում, ավելի նպատակահարմար է, որ կիսպաշտպանությունում լինեն Ֆրեդը, Մակտոմինայը և Մատիչը, այսինքն ֆուտբոլիստներ, ովքեր շարժիչի պես կաշխատեն՝ ազատելով Բրունոյին ոչ թե ընդհանրապես, այլ հիմնական պաշտպանական գործողություններից։ Բացի դա,  նման ընգծված «10 համարով» խաղը  նվազեցնում է Պոգբայի, Վան դե Բեկի Էֆեկտիվությունը։ Սուլշերը միանշանակ մտածելու շատ բան ունի։

Ֆերնանդեշը, իհարկե, հոյակապ ֆուտբոլիստ է, ով Մանչեսթեր գալուց հետո արմատապես փոխեց թիմի խաղը, ու երևի դրանով է պայմանավորված Սուլշերի՝ նրա շուրջ թիմի խաղը կառուցելու ձգտումը, բայց փորձը ցույց է տալիս, որ նման որոշումը բավականին ռիսկային է, ու եթե պորտուգալացու խաղը չի ստացվում, «Յունայթեդը» դրական արդյունք չի կարողանում գրանցել։

Այդ է պատճառը, որ շատ թոփ մարզիչներ կառուցում են  խաղ ընդհանուր կազմի շուրջ, ոչ թե առանձին անհատականության։

Հեղ․՝ Կարեն Պողոսյան

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023