Դրամա «Վիա դել Մարեում». Ինտերը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լեչեի դեմ խաղում🎥

Դրամա «Վիա դել Մարեում». Ինտերը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լեչեի դեմ խաղում🎥

14/08/2022 - 11:06

Իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Ինտերը»` «Վիա դել Մարե» մարզադաշտում, մրցեց «Լեչեի» դեմ։

Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն բացեց հանդիպման հաշիվը, ով «Ինտեր» վերադառնալուց հետո խփեց առաջին գոլը։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Սիմոնե Ինձզագիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքն ու ունեին տարածքային մեծ առավելություն, սակայն նախքան ընդմիջման գնալը դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։

Երկրորդ կեսի մեկնարկում սառը ցնցուղ էին պատրաստել արդեն «Լեչեի» ֆուտբոլիստները, ովքեր 48-րդ րոպեին նետվեցին արագ հակագրոհի և Ասան Սիսեյի ջանքերով խփեցին պատասխան գնդակը` հավասարեցնելով հաշիվը։

Բաց թողած արագ գոլից հետո միլանյան ակումբը տևական ժամանակ չէր կարողանում գտնել իրեն, ինչից էլ փորձում էին օգտվել Մարկո Բարոնիի սաները։

60-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր «Լեչեի» կիսապաշտպան Քրիստիան Բիստրովիչը, սակայն նրա հարվածից հետո «Ինտերին» փրկեց դարպասապահ Սամիր Հանդանովիչը։

Այդուհանդերձ, «Ինտերը» քիչ-քիչ կրկին վերադարձավ խաղ ու տիրեց նախաձեռնությանը, սակայն գրոհների եզրափակման փուլում «ներաձուրիներին» չէր հերիքում դիպուկությունը, իսկ որոշ դրվագներում փայլեց նաև տանտերերի դարպասապահ Վլադիմիրո Ֆալկոնեն, ով միայն երկրորդ խաղակեսում կատարեց 5 սեյվ։

Երբ թվում էր` հանդիպումն ավարվելու է ոչ-ոքի արդյունքումով, «Ինտերի» ֆուտբոլիստները մրցավարի կողմից ավելացված վերջին` 4-րդ րոպեին, հարձակման աջ եզրից անկյունայինի իրավունք վաստակեցին, որի խաղարկումից հետո կարողացան հաղթանակ կորզել, իսկ գոլի հեղինակ դարձավ Դենզել Դումֆրիսը։

Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի թիմը 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց «Լեչեի» դեմ խաղում` նոր մեկնարկած մրցաշրջանում վաստակելով առաջին 3 միավորը։

Հավելենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023