Շալկեում, հնարավոր է, կրկին մարզչական փոփոխություն տեղի ունենա

Շալկեում, հնարավոր է, կրկին մարզչական փոփոխություն տեղի ունենա

22/02/2021 - 11:50

«Շալկե-04»-ը դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում կրկին նշանակել Դոմենիկո Տեդեսկոյին, ով ներկայումս մարզում է Մոսկվայի «Սպարտակը»։

Ինչպես տեղեկացնում է Sky Sport De-ն, 35-ամյա մասնագետի թեկնածությունն արդեն քննարկվել է գելզենկիրխենյան ակումբի ղեկավարության շրջանակում։

«Ես լսել եմ Տեդեսկոյի մասին։ Նա դեռևս մեծ նշանակություն ունի «Շալկեի» համար։ Ես նրան կվստահեի ակումբի վերակառումցան գործընթացը»,- նշել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը, ում խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։

Հաղորդվում է, որ «Շալկեի» ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստիան Գրոսը կլքի զբաղեցրած պաշտոնը, եթե ակումբը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով դուրս մնա բարձրագույն խմբից։ Այդ դեպքում ակումբը կլքի նաև սպորտային տնօրեն Յոհեն Շնայդերը։

«Շալկե-04»-ը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում անչափ անհաջող է հանդես գալիս։ Գելզենկիրխենը ներկայացնող ակումբն, անցկացրած 22 խաղից հետո, տարել է ընդամենը 1 հաղթանակ և վաստակած 9 միավորով՝ անհույս եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ անցումային խաղերի իրավունք տվող 16-րդ հորիզոնականը զբաղեցնող «Արմինիային» «Շալկեն» զիջում է 9 միավոր։

Հատկանշական է, որ Բունդեսլիգայի շրջանակում «կապույտները» վերջին հաղթանակը տարել են սույն թվականի հունվարի 9-ին, երբ Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում 4։0 հաշվով հաղթեցին «Հոֆֆենհայմին»։ Մինչև այդ ակումբը ներքին առաջնության շրջանակում չէր հաղթել ոչ ավել, ոչ պակաս 30 հանդիպում։ Եթե մեկ հանդիպում էլ չհաղթեր «Շալկեն», ապա կկրկներ Բունդեսլիգայի պատմական հակառեկորդը։

Ինչ վերաբերվում է Դոմենիկո Տեդեսկոյին, ապա գերմանացի մարզիչը 2017 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի մարտ արդնեն մարզել է «Շալկեն»։ Ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 75 հանդիպում՝ այդ ընթացքում տանելով 34 հաղթանակ, 16 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ 25 խաղում էլ գրանցվել է պարտություն։

Տեդեսկոն 2019 թվականի հոկտեմբրեից մարզում է «Սպարտակը», որտեղից հեռանալու է սույն թվականի հունիսին։

Տեդեսկոյի հեռացումից հետո «Շալկե-04»-ն արդեն 4 անգամ գլխավոր մարզիչ է փոխել։ Տեդեսկոյից հետո նշանակվեց Հուբ Ստևենսը, ով աշխատեց մինչև 2019 թ․ հուլիս, Ստևենսին՝ Դավիդ Վագները (2019թ․ հուլիս – 2020թ․ սեպտեմբեր), Վագներին՝ Մանուել Բաումը (2020թ․ սեպտեմբեր – դեկտեմբեր), ինչից հետո կրկին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Ստևենսը (2020թ․ դեկտեմբերի 18-26)։

Ակումբի վերջին նշանակումը եղել է շվեյցարացի մասնագետ Քրիստիան Գրոսը, ում գլխավորությամբ ակումբն անցկացրել է 10 հանդիպում։ Այդ ընթացքում «Շալկեն» տոնել է 1 հաղթանակ, կրել 7 պարտություն, իսկ 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023