Գործարքը կայացած է. Մուդրիկն անհավանական գումարի դիմաց տեղափոխվում է Չելսի

Գործարքը կայացած է. Մուդրիկն անհավանական գումարի դիմաց տեղափոխվում է Չելսի

15/01/2023 - 00:44

«Շախտյոր Դոնեցկի» վինգեր Միխայլ Մուդրիկը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

«Ազնվականները» գործարքի դիմաց «հանքափորներին» վճարելու են 100 մլն եվրո, որը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։

22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2030 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 7.5 մլն եվրո։

Այժմ ակումբները պատրաստում են վերջին փաստաթղթերը, որոնք ստորագրելուց և փոխանակելուց հետո կկարողանան պաշտոնապես ավարտին հասցնել գործարքը։

Ռոմանոն հաստատում է, որ Մուդրիկն այժմ Լոնդոն մեկնող ինքնաթիռում է, քանի որ նրա բուժզննումը նախատեսված է կիրակի օրը` հունվարի 15-ին։

Նշենք, որ «Չելսին» այս գործարքն ավարտին է հասցրել գրեթե 24 ժամում` առաջ անցնելով «Արսենալից»։

Դեռևս ժամեր առաջ «Շախտյորի» մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ ակումբի սեփականատեր Ռինատ Ախմետովը և «Չելսիի» համասեփականատեր Բեհդադ Էղբալին քննարկել են Մուդրիկի հավանական տրանսֆերը ու շատ մոտ են համաձայնության հասնելուն։

Ռոմանոն էլ Twitter-ի իր միկրոբլոգում հայտնեց, որ «Չելսիի» ղեկավարությունը հունվարի 14-ին մեկնել է Լեհաստան` «հանքափորների» հետ բանակցելու գործարքի հարցում։

Հավելենք, որ Մուդրիկին արդեն բավական երկար ժամանակ իր շարքերում էր ցանկանում տեսնել «Արսենալը», որն այդպես էլ չկարողացավ բավարարել «Շախտյորի» ֆինանսական պահանջները։

«Զինագործները» Մուդրիկին ձեռք բերելու համար երեք պաշտոնական առաջարկ են կատարել, որի վերջինը եղել է 70+25 մլն եվրո։

Հայտնի էր նաև, որ 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է համալրել «Արսենալի» շարքերը, որի հետ դեռևս 3 ամիս առաջ անձնական պայմանագիր էր համաձայնեցրել։

Վերջում ավելացնենք, որ Միխայիլ Մուդրիկը «Շախտյորի» սան է, որի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 12 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023