Գործարքը կայացած է. Լուկակուն տեղափոխվում է Չելսի

Գործարքը կայացած է. Լուկակուն տեղափոխվում է Չելսի

07/08/2021 - 19:45

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը վերջին բանակցությունների արդյունքում հասել են համաձայնության։

«Ազնվականները» բելգիացի հարձակցողի դիմաց վճարելու են 115 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր, իսկ գործարքում որևէ այլ ֆուտբոլիստ ներգրավված չի լինելու։

Ինչ վերաբերում է 28-ամյա հարձակվողին, ապա նա տարեկան վաստակելու 12 մլն եվրո, որին նաև տարբեր բոնուսներ են ավելանալու։

«Ինտերն» ու «Չելսին» ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչից հետո Ռոմելու Լուկակուն առաջիկա օրերին կմեկնի Լոնդոն, որպեսզի ձևակերպի իր Comeback-ը Լոնդոն։

Այս տրանսֆերը դառնալու է «թոշակառուների» պատմության ամենաթանկարժեք գործարքը և կգերազանցի Կեպա Արիսաբալագայի և Կայ Հավերցի տեղափոխություններին, որոնց դիմաց ակումբը համախատասխանաբար «Ատլետիկ Բիլբաոյին» և «Բայերին» վաճրել է 80-ական մլն եվրո։

Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտերի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից և մինչ այժմ «կապտասևերի» մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 64 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Բելգիացի ֆուտբոլիստն իր կարիերայի սկզբում` 2011 թ. ամռանը 15 մլն եվրոյի դիմաց «Անդերլեխտից» տեղափոխվեց «Չելսի», սակայն, չհարմարվելով լոնդոնյան ակումբին, 2012/13 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Վեսթ Բրոմվիչում» (38 խաղ, 17 գոլ, 7 գոլային փոխանցում), իսկ 2013/14 մրցաշրջանը` «Էվերտոնում», ինչից հետո «իրիսները» 2014 թ. ամռանը 35.36 մլն եվրոյի դիմաց գնեցին նրա ամբողջական տրանսֆերը (166 խաղ, 87 գոլ, 29 գոլային փոխանցում)։

«Չելսիի» կազմում Լուկակուն անցկացրել է 15 հանդիպում` կատարելով ընդամենը 1 գոլային փոխանցում։

Այսպիսով, բելգիացի հարձակվողը 7 տարի անց վերադառնում է «Չելսի»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023