Տոկիո-2020. Բրազիլիան պատմություն կերտեց` դառնալով օլիմպիական կրկնակի չեմպիոն 🎥

Տոկիո-2020. Բրազիլիան պատմություն կերտեց` դառնալով օլիմպիական կրկնակի չեմպիոն 🎥

07/08/2021 - 18:05

Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Իսպանիայի օլիմպիական հավաքականները։

Հանդիպումը մեկնարկեց բավական զգուշավոր և հավասար պայքարում. կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացիներն սկսեցին տիրել նախաձեռնությանը, ինչի արդյունքում 38-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց։

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մաթեուս Կունիանի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Քրիս Բիթը գնաց դիտեց դրվագի կրկնապատկերը և 11-մետրանոց նշանակեց «ֆուրիա ռոխայի» դարպասին։

Գնդակին մոտեցավ Ռիչարլիսոնը, սակայն նրա հարվածից հետո այն բարձր ընթացավ։

Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալն օլիմպիական գործող չեմպիոնները բացեցին խաղի հաշիվը. 45+2-րդ րոպեին բրազիլացիների բազմաքայլ գրոհն իր ավարտին հասցրեց Մաթեուս Կունիան։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 52-րդ րոպեին, բրազիլացիները նետվեցին հակագրոհի և կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը. հարվածային դիրքում էր կրկին Ռիչարլիսոնը, սակայն նրա հարվածից հետո իսպանացիներին այս անգամ փրկեց դարպասաձողը

Ակնհայտ էր, որ այսօր Ռիչարլիսոնի օրը չէր։ Չես խփում դու, խփում են քեզ… Այդ դրվագից հետո Լուիս դե լա Ֆունետեի սաներն ակտիվացան ու 61-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը. Կառլոս Սոլերի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո Միկել Օյարսաբալը հուժկու հարվածով գրավեց Բարզիլիայի դարպասը։

Խփված գոլից հետո խաղը հանդարտվեց։ Այդպես մինչև 89-րդ րոպե, երբ իսպանացիների վինգեր Բրայան Խիլի հեռահար հարվածից հետո այս անգամ էլ դարպասաձողը փրկեց «պենտակամպիոններին»։

Ի վերջո, հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին խաղակեսն անցնում էր բրազիլացիների թելադրանքով, սակայն նրանց մինչև երկրորդ կեսը չհաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։

Այն, ինչ «պենտակամպիոնները» չկարողացան անել լրացուցիչ առաջին խաղակեսում, արեցին երկրորդում. 108-րդ րոպեին «ֆուրիա ռոխայի» իրացրած անկյունայինի խաղարկումից հետո «դեղինները» նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Էնթոնին հարվածային դիրք դուրս բերեց Մալկոմին, ով էլ ճանապարհին շրջանցեց Խեսուս Վալիեխոյին, մեն-մենակ մնաց Ունայի Սիմոնի դիմաց և հանգիստ գրավեց դարպասը` հաշիվը դարձնելով 2:1։

Խաղավարտին մոտ Իսպանիայի հավաքականը փորձեց ինչ-որ կերպ խփել պատասխան գնդակը և հանդիպումը տեղափոխել 11-մետրանոց հարվածաշար, սակայն Բրազիլիան պահպանեց հաղթական հաշիվը։

Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը լարված պայքարում 2:1 հաշվով հաղթեց Իսպանիային` դառնալով օլիմպիական կրկնակի չեմպիոն։

Հավելենք, որ սա բրազիլացիների երկրորդ անընդմեջ չեմպիոնությունն էր. նախքան Ռիո-2016-ը նրանց երբեք չէր հաջողվել դառնալ օլիմպիական չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023