Մբապեեեե՜ե!!! ՊՍԺ-ն քանդում և ավիրում է Բարսային🎥

Մբապեեեե՜ե!!! ՊՍԺ-ն քանդում և ավիրում է Բարսային🎥

17/02/2021 - 01:49

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը։ Մրցաշարի 1/8 եզրափակչի  առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի դեմ։

Հանդիպումը մեկնարկեց հիմնականում հանգիստ պայքարում և մինչև 15-րդ րոպեն թիմերը հետախուզում էին միմյանց՝ փնտրելով ճանապարհներ դեպի մրցակցի դարպասը։

Հենց 15-րդ րոպեին էլ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ստեղծեցին առաջին գոլային պահը, երբ Անտուան Գրիզմանը հարձակման ձախ եզրում սուր անկյան տակ հայտնվեց հարվածային դիրքում, սակայն նրա հարվածից հետո ՊՍԺ-ին փրկեց Կեյլոր Նավասը։

19-րդ րոպեին իրենց գոլային պահով պատասխանեցին արդեն «Փարիզի» ֆուտբոլիստները։ Մաուրո Իկարդին անչափ նպաստավոր դիրքից շատ վատ հարվածեց, որից հետո «Բարսայի» պաշտպանները հեռացրին գնդակը։

27-րդ րոպեին խփվեց այս խաղի առաջին գոլը․ Լայվին Կուրզավան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ֆրենկի դե Յոնգի նկատմամբ և հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կույպերսը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին և դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին։

Բաց թողած գոլից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը միանգամից ակտիվացավ և շատ արագ հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։

Կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում, սակայն նախքան ընդմիջումը երկու թիմերն էլ աչքի ընկնելու լավ պահեր ձեռքից բաց թողեցին։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից «Պարի Սեն-Ժերմենը» հսկայական առավելություն ստացավ։

51-րդ րոպեին փարիզյան ակումբի տղաները հիանալի գրոհ անցկացրին, ինչի արդյունքում Մաուրո Իկարդին Մոյզե Քինին հարվածային դիրք դուրս բերեց, սակայն իտալացի հարձակվողի հարվածից հետո հիանալի սեյվի հեղինակ դարձավ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին։

«Բարսայի» ֆուտբոլիստները մի փոքր փորձեցին հավասարեցնել խաղը, սակայն ապարդյուն, իսկ 65-րդ րոպեին արդեն երկրորդ գնդակը հանեցին սեփական դարպասից։ Ալեսանդրո Ֆլորենցին հարձակման աջ եզրից ներխուժեց «Բարսելոնայի» տուգանային հրապարակ, փոխանցեց դեպի Կիլիան Մբապեն, ով էլ մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը։ Երիտասարդ հարձակվողը ոչ միայն դարձավ դուբլի հեղինակ, այլև հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին։

Ռոնալդ Կումանի թիմը բաց թողած երկրորդ գոլից չէր հասցրել ուշքի գալ, երբ 70-րդ րոպեին հաշիվը դարձավ արդեն 1։3։ Լեոանդրո Պարեդեսի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո Մոյզե Քինը հաշիվը ՊՍԺ-ի համար դարձրեց շատ ավելի հարմարավետ։

Խփած երրորդ գոլից հետո փարիզեցիները հանգստացան, իսկ խաղի նախաձեռնությունն անցավ «Բարսելոնայի» ձեռքը, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում «բլաուգրանասի» գրոհներն այնքան անատամ էին, որ որևէ բան չկարողացան առաջարկել մրցակցին՝ չստեղծելով որևէ իրական գոլային պահ ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում։

Հանդիպման խաղավերջում ՊՍԺ-ն վերջնականապես քանդեց Բարսելոնային», քանի որ 85-րդ րոպեին փարիզյան ակումբը նետվեց կայծակնային հակագրոհի և Կիլիան Մբապեի ջանքերով հաշիվը դարձավ 1։4․ վերջինս էլ դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Այսպիսով, ՊՍԺ-ն «Բարսելոնային» հաղթեց հյուրընկալվելիս 4։1 հաշվով և պատասխան խաղից առաջ ստացավ հսկայական առավելություն։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023