Լա լիգայում ամեն ինչ թեժ է․ Գրիզմանը Բարսելոնային մոտեցրեց առաջատարին🎥

Լա լիգայում ամեն ինչ թեժ է․ Գրիզմանը Բարսելոնային մոտեցրեց առաջատարին🎥

25/04/2021 - 20:02

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց կատալոնական ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն հաշիվը բացեց «Վիլյառեալը»։

26-րդ րոպեին «դեղինների» կենտրոնական պաշտպան Պաու Տոռեսը հարվածային դիրք դուրս բերեց Սամուել Չուկվուեզեին, ով էլ դիպուկ հարվածով գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասը։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները շատ արագ ուշքի եկան բաց թողած գոլից և կարճ ժամանակահատվածում ոչ միայն հավասարեցրին, այլ առաջ անցան հաշվի մեջ․ 28-րդ ու 35-րդ րոպեներին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։

Նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 2։1 հաշվի պայմաններում՝ հօգուտ «Բարսելոնայի»։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ հիմնականում հանգիստ պայքարում էր անցնում, սակայն 65-րդ րոպեին Ունայի Էմերիի սաները մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար կարմիր քարտով պատժվեց Մանուել Տրիգերոսը։

Ճիշտ է՝ երկրորդ խաղակեսում «դեղին սուզանավի» ֆուտբոլիստներն ավելի շատ և ավելի դիպուկ էին հարվածում մրցակցի դարպասի ուղղությամբ (5 հարված, 3-ը՝ դիպուկ), սակայն ակնհայտ էր, որ նրանց խանգարում էր մեկ ֆուտբոլիստի պակասը։

84-րդ րոպեին էլ Ռոնալդ Կումանի սաները մոտ էին հաշիվն ավելի մեծացնելուն, սակայն Ֆրենկի դե Յոնգի մոտ տարածությունից կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Ամեն դեպքում, «Բարսելոնան» այս խաղում հաղթեց 2։1 հաշվով։

Կատալոնական ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 71 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարել Լա լիգայի չեմպիոնի տիտղոսի համար։

Նույնքան միավոր ունի նաև 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռեալ Մադրիդը», իսկ առաջատար «Ատլետիկոյի» ակտիվում կա 73 միավոր։

«Վիլյառեալն» էլ մնաց 49 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023