Բարսելոնան ապացուցեց բարձր կարգը՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում?

Բարսելոնան ապացուցեց բարձր կարգը՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում?

14/06/2020 - 02:17

Ավելի քան եռամսյա դադարից հետո վերսկսված իսպանական Լա լիգայի շրջանակում գործի անցավ նաև առաջնության առաջատար «Բարսելոնան»՝ հյուրընկալվելով հետնապահների թվում ընթացող «Մալյորկային»։

Կատալոնացիներից ընդամենը 65 վայրկյան պահանջվեց, որպեսզի հաշվի մեջ առաջ անցնեն։ Ժորդի Ալբայի ձախ եզրից կատարած հիանալի փոխանցումից հետո «բլաուգարանասին» առաջ մղեց Արթուրո Վիդալը։

Խփած գնդակից հետո էլ «Բարսելոնան» մասամբ վերահսկում էր խաղի ընթացքը, իսկ «Մալյորկան» փորձում էր ինչ-որ կերպ ճեղքել հյուրերի պաշտպանությունը, հատկապես հիշատակման է արժանի կղզիաբնակների եզրային ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոյի անցումները։ Կուբոն 31-րդ րոպեին փորձեց նաև տուգանային հարվածի իրացումից հետո աչքի ընկնել, սակայն «Բարսային» փրկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։ Ակտիվ էր նաև Անտե Բուդիմիրը, ով նույնպես ունեցավ մի քանի գոլային պահ, սակայն նպաստավոր դիրքերից կա՛մ վրիպեց կա՛մ էլ հիանալի խաղաց Տեր Շտեգենը։

36-րդ րոպեին «կատպանռնագույնները» կրկին ձախ եզրով գրոհ զարգացրին։ Ժորդի Ալբան գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Լեո Մեսսին խառնաշփոթ իրավիճակում գնդակը գլխով հասցրեց Մարտին Բրեյթվեյթին, ով շեշտակի հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Դանիացի ֆուտբոլիստը բացեց իր գոլերի հաշիվը «Բարսելոնայի» կազմում։

59-րդ րոպեին Լեո Մեսսին կրկին հարվածային դիրք դուրս բերեց Բրեյթվեյթին, սակայն դանիացի հարձակվողի հարվածից հետո «Մալյորկային» փրկեց Մանոլոն Ռեյնան։

Այն, ինչ չկարողացավ անել Բրեյթվեյթը, 80-րդ րոպեին արեց Ժորդի Ալբան, երբ Լեո Մեսսիի հերթական կատարյալ փոխանցումից հետո եզրային պաշտպանը մեն-մենակ հայտնվեց դարպասահի դիմաց՝ հաշիվը դարձնելով ավելի խոշոր։

93-րդ րոպեին էլ վերջապես իր գոլը խփեց նաև արգենտինացի հարձակվողը։ «Բարսելոնան» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Լուիս Սուարեսը հարվածային դիրք դուրս բերեց Մեսսիին։ Արգենտինացին մի փոքր շարժվեց դաշտի կենտրոն և աջ ոտքով գրավեց մրցակցի դարպասը։ Այդ դրվագում Մեսսիին մի փոքր օգնեց անդրադարձը։ Նշենք, որ Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 20-րդ գնդակը։ Արգենտինացին կատարել է նաև 14 գոլային փոխանցում։

Այսպիսով, կատալանոական ակումբը հիանալի կերպով վերսկսեց առաջնությունը՝ 61 միավորով ամրապնդվելով առաջին հորիզոնականում։ «Ռեալը», որն իր հանդիպումն անցկացնելու է հունիսի 14-ին, 56 միավոր ունի։ «Մալյորկան» մնաց 25 միավորով և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023