Ա սերիայի գրանդը փորձում է Դոնարումային համոզել համալրել իր շարքերը

Ա սերիայի գրանդը փորձում է Դոնարումային համոզել համալրել իր շարքերը

24/09/2021 - 22:54

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման դժգոհ է փարիզյան ակումբում իր կարգավիճակից, քանի որ գրեթե զրկված է խաղային պրակտիկայից։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իտալացի դարպասապահը, հնարավոր է, վերադառնա Ա սերիա։

Աղբյուրի փոխանցամբ, այդ ամենը հաշվի առնելով, «Յուվենտուսը» կրկին հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով։

Թուրինյան ակումբն էլ, իր հերթին, վերջին շրջանում դժգոհ է ակումբի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շյեսնիի խաղից։

Նույնիսկ խոսակցություններ կան, որ ներկա պահին «բյանկոներիները» փորձում են Ջանլուիջի Դոնարումային համոզել, որպեսզի նա համալրի իրենց շարքերը։

Ըստ Corriere della Sera-ի տեղեկությունների` իտալացի դարպասապահն սպասել է, որ մրցակցության է բախվելու ՊՍԺ-ի կազմում, սակայն չի կարծել, որ գրեթե դաշտ դուրս չի գալու։

Ստեղծված իրավիճակից դժգոհ է նաև Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան, ով մրցաշրջանից առաջ վստահ էր, որ 22-ամյա դարպասապահը լինելու է «Փարիզի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։

Հաղորդվում է, որ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի համար դժվար է 22-ամյա դարպասպահին ընդգրկել մեկնարկային կազմում, քանի որ Կեյլոր Նավասի տարբերակն աջակցում են «Պարի Սեն-Ժերմենի» լատինաամերիկացի ֆուտբոլիստների մեծ մասը։ Խոսքը Լեո Մեսսի, Անխել Դի Մարիայի, Նեյմարի, Լեանդրո Պարեդեսի և Մարկինիոսի մասին է։ Պոչետինոն այդ հարցում չի ցանկանում հայտնվել տհաճ իրավիճակում։

Դոնարումայի հետ պայմանագիր կնքելու որոշում կայացրել է ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն, ով չի ցանկացել ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը։

Վերջում հավելենք, որ իտալացի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում հնարավոր 7 հանդիպումներից մասնակցել է միայն երկուսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023