18! Սիթին հաղթում է բոլոր հնարավոր և անհնար մրցակիցներին 🎥

18! Սիթին հաղթում է բոլոր հնարավոր և անհնար մրցակիցներին 🎥

21/02/2021 - 22:23

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին մանկունյական ակումբի տղաները և արդեն 2-րդ րոպեին կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։ Ռիյադ Մարեզի՝ բարձրից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Ռահիմ Սթերլինգը։

Այդ գոլից հետո «զինագործները» փորձեցին ակտիվություն ցուցեբերել, սակայն փոխնիփոխ գրոհներով ընթացած առաջին խաղակեսում այլևս դարպասի գրավում չարձանագրվեց․ կողմերն ընդմիջման գնացին Պեպ Գվարդիոլայի սաների նվազագույն հաշվով առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ դինամիկ պայքարում և փոխնիփոխ գրոհներով, սակայն պետք է փաստել, որ «Սիթիի» ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաշվի մեջ առավելությունը մեծացնելուն, քան Միկել Արտետայի սաները՝ այն հավասարեցնելուն։

Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսում «զինագործների» 4 հարվածներից և ոչ մեկ դարպասին չընթացավ։ Հյուրերն ավելի շատ էին հարվածում մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն այդ հարվածներից միայն մեկն էր դիպուկ, բայց ոչ գոլային։

Այսպիսով, հանդիպման 2-րդ րոպեին խփված գնդակը միակն էր այս խաղում և հաղթականը «Մանչեսթեր Սիթիի» համար, որն էլ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում 1։0 հաշվով հաղթեց «Արսենալին»։

Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի սաները 25 հանդիպումներից հետո իրենց միավորների քանակը հասցրին 59-ի և այս պահի դրությամբ միանձնյա գլխավորում են պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Լեսթերին» գերազանցելով 10 միավոր։ Հատկանշական է, որ սա «քաղաքաբնակների» 18-րդ անընդմեջ հաղթանակն է բոլոր մրցաշարերի շջանակում։

«Արսենալը» նույնքան խաղերից հետո իր ակտիվում ունի 34 միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023