Արսենալը կործանվում է. Սիթին ջախջախեց «զինագործներին»🎥

Արսենալը կործանվում է. Սիթին ջախջախեց «զինագործներին»🎥

28/08/2021 - 17:23

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։

Հանդիպման մեկնարկային րոպեներն անցան «Արսենալի» ֆուտբոլիստների ակտիվությամբ, ինչը «քաղաքաբնակները» կոտրեցին շատ արագ խփած երկու գնդակով։

Նախ 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իլկայ Գյունդողանը, ապա 12-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ֆերրան Տորեսը։

«Արսենալի» դժբախտությունները շարունակվեցին արդեն 35-րդ րոպեին, երբ, կոպիտ խաղի պատճառով, դաշտից անմիջապես հեռացվեց Գրանիտ Ջական` թողնելով իր թիմին 10 ֆուտբոլիստներով։

Նախքան ընդմիջման գնալն էլ Պեպ Գվարդիոլայի սաները ևս մեկ գնդակ ուղարկեցին Բերնդ Լենոյի պաշտպանած դարպասը, որն էլ 43-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Գաբրիել Ժեզուսը։

Կողմերն ընդմիջման գնացին «քաղաքաբնակների»` 3 գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում, բառի բուն իմաստով, դիտեցինք «մեկգոլանի» ֆուտբոլ. «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ունեին տոտալ առավելություն և անում էին այն, ինչ ցանկանում էին։

Այդ առավելությունը պարզապես չէր կարող չտալ իր արդյունքը, և մանկունյական ակումբը ևս երկու գոլ խփեց այս խաղում. աչքի ընկան Ռոդրին և Ֆերրան Տորեսը, ով այս դարձավ արդեն դուբլի հեղինակ։

Նշենք, որ «Արսենալը» երկրորդ խաղակեսում այնքան վատ տեսք ուներ, որ գնդակին տիրել է ժամանկի 14%-ը, կատարել է 68 փոխանցում և չի կատարել գեթ մեկ հարված մրցակցի դարպասի ուղղությամբ։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով պարզապես ջախջախեց «Արսենալին», վաստակեց 6 միավոր և ժամանակավորապես բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։

«Արսենալն» էլ մեկնարկային երեք խաղերում էլ պարտվել է և դեռևս միավոր չի վաստակել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023