Լիվերպուլը վերակենդանանում է․ Ժոտան ու Սալահը Կլոպի թիմին պահում են խաղի մեջ🎥

Լիվերպուլը վերակենդանանում է․ Ժոտան ու Սալահը Կլոպի թիմին պահում են խաղի մեջ🎥

04/04/2021 - 00:58

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» ընդունեց «Լիվերպուլին»։

Ճիշտ է՝ հանդիպման առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմն ավելի շատ էր տիրում գնդակին (65%), ավելի շատ էր հարվածում (6 հարված, 1-ը՝ դիպուկ), սակայն «Լիվերպուլի» խաղում չկար սրություն։

Առաջին կեսի միակ իրական գոլային պահն ուներ Ջեյմս Միլները, սակայն վետերան կիսապաշտպանի հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Ամեն դեպքում, առաջին կեսում խփած գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը մասամբ նման էր առաջինին․ հյուրերը վերահսկում էին գնդակը, սակայն վտանգավոր պահեր չկային մինչև 61-րդ րոպե, երբ «Լիվերպուլի» կազմում Էնդրյու Ռոբերտսոնի փոխարեն դաշտ մտավ Դիոգու Ժոտան։

Պորտուգալացի ֆուտբոլիստը դուրս եկավ դաշտ և ընդամենը 3 րոպե անց բացեց խաղի հաշիվը՝ 64-րդ րոպեին գլխի հարվածով եզրափակելով Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումը։

Անցավ ևս 4 րոպե, և հաշիվը դարձավ արդեն 0։2։ Ֆաբինիոյի՝ հեռվից կատարած փոխանցումից հետո Մոհամեդ Սալահը դուրս եկավ հարվածային դիրք՝ գնդակը Բերնդ Լենոյի ոտքերի արանքով ուղարկելով «Արսենալի» դարպասը։

Հավելենք, որ եգիպտացի վինգերը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց իր 18-րդ գոլը, շրջանցեց «Տոտենհեմի» գոլահար Հարի Քեյնին և լավագույն ռմբարկուների պայքարում կրկին դարձավ միանձնյա առաջատար։

82-րդ րոպեին մերսիսայդյան ակումբը հաշիվը «Արսենալի» համար դարձրեց արդեն ջախջախիչ, իսկ գոլի հեղինակը կրկին Դիոգու Ժոտան էր, ով դարձավ դուբլի հեղինակ։

Միկել Արտետայի թիմն այս խաղում շատ անատամ տեսք ուներ և որևէ բան չկարողացավ առաջարկել «Լիվերպուլին»։

Այսպիսով, «Լիվերպուլը» երկրորդ խաղակեսում երեք գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը՝ հաղթելով 3։0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբը վաստակեց 49 միավոր, շրջանցեց «Վեսթ Հեմին» և «Տոտենհեմին», բարձրացավ 5-րդ հորիզոնական՝ կրճատելով միավորների տարբերությունը նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիից», որն այս տուրում սեփական հարկի տակ 2։5 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Վեսթ Բրոմվիչից»։ «Ազնվականների» անվան դիմաց կա 51 միավոր։

«Արսենալը» մնաց 42 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023