Հույները շրխկացրին իրենց հետևից դուռը, սակայն Արսենալը պահպանեց ընդհանուր առավելությունը 🎥

Հույները շրխկացրին իրենց հետևից դուռը, սակայն Արսենալը պահպանեց ընդհանուր առավելությունը 🎥

18/03/2021 - 23:48

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։

Հիշեցնենք, որ կողմերի միջև մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում «զինագործները» հյուրընկալվելիս հաղթել են 3։1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսում ճիշտ է՝ տարածքային շոշափելի առավելություն ունեին Պիրեյից ժամանած հյուրերը և գնդակին տիրում էին ժամանակի 61%-ը, սակայն լոնդոնյան ակումբի գրոհներն ու գոլային պահերը շատ ավելի վտանգավոր էին։

Միկել Արտետայի թիմից առաջին կեսում աչքի ընկնելու լավ պահեր վատնեցին Նիկոլա Պեպեն և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հունական ակումբը նույնպես կարող էր նախքան ընդմիջման գնալն առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Յուսեֆ Էլ-Արաբիի հարվածից հետո լոնդոնյան ակումբին փրկեց դարպասապահ Բերնդ Լենոն։

Կողմերը, ամեն դեպքում, ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսն «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստները շատ ակտիվ մեկնարկեցին և 51-րդ րոպեին, ի վերջո, առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Յուսեֆ Էլ-Արաբին՝ առաջ մղելով հյուրերին։

Խփած գոլից հետո էլ Պեդրո Մարտինշի թիմն ուներ խաղային առավելություն․ «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին (51%), ավելի շատ էին հարվածում մրցակցի դարպասին (5 հարված գոլից հետո, որոնցից ոչ մեկ դիպուկ չէին), սակայն նրանց խաղում չկար սրություն։

Ինչ-որ պահից սկսած՝ ակնհայտ դարձավ, որ խաղն ընթանում է «զինագործների» սցենարով։ Դրան գումարվեց նաև «Օլիմպիակոսի» կենտրոնական պաշտպան Հուսեինու Բայի կարմիր քարտը, ով 82-րդ րոպեին մեկ դրվագում երկու անգամ զգուշացվեց դեղին քարտով՝ հեռացվելով խաղադաշտից։

Այդ կարմիր քարտից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները մոտ էին հաշիվը հավասարեցնելուն, սակայն 87-րդ րոպեին Օբամեյանգի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասպահ Ժորժե Սան։

Չնայած «զինագործներին» չհաջողվեց խուսափել պարտությունից, և «Օլիմպիակոսը» հաղթեց 1։0 հաշվով, սակայն նրանք ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 3։2 հաշվով՝ նվաճելով Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023