Ակումբային ֆուտբոլը վերադառնում է. ի՞նչ հանդիպումներ դիտել weekend-ին

Ակումբային ֆուտբոլը վերադառնում է. ի՞նչ հանդիպումներ դիտել weekend-ին

23/11/2019 - 15:45

Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին երկու տուրերով պայմանավորված, ակումբային ֆուտբոլը երկշաբաթյա հանգստի էր գնացել ։ Երեկ՝ ուշ երեկոյան, արդեն վերսկսվել են մի շարք առաջնություններ։ Այս weekend-ը նույնպես խոստանում է թեժ լինել, քանի որ հզոր դիմակայությունների պակաս չի սպասվելու։ Գնացինք։

ԱՊԼ

Շաբաթ՝ 23․11

«Վեսթ Հեմ» – «Տոտենհեմ» 16։30

«Քրիստալ Փելես» – «Լիվերպուլ» 19։00, «Հ2» ՀԸ

«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» 21։30, «Հ2» ՀԸ

Կիրակի՝ 24․11

«Շեֆիլդ Յունայթեդ» – «Մանչեսթեր Յունոյթեդ» 20։30, «Հ2» ՀԸ

Ինչպես միշտ սկսում ենք անգլիական Պրեմիեր լիգայից։ Տուրը կմեկնարկի Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ Մանուել Պելեգրինիի «Վեսթ Հեմը» կընդունի Ժոզե Մոուրինիոյի «Տոտենհեմին»։ Այո, այո Ժոզեի «Տոտենհեմին»։ Որքան էլ Ժոզեի «Տոտենհեմ» ասվածը հնչի տարօրինակ, դա կայացած իրողություն է։ Նոյեմբերի 19-ին Դենիել Լևին՝ որպես «Տոտենհեմի» սեփականատեր, հավանաբար, կայացրեց իր ամենակարևոր որոշումը՝ հեռացնելով Մաուրիսիո Պոչետինոյին, իսկ նրա փոխարեն նշանակեց «Յուրահատուկին»։ Եվ այսօր Մոուրի առաջին խաղն է՝ որպես «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ և միանշանակ այս հանդիպումն արժանի է ուշադրության։

Կանխատեսում՝ «Տոտենհեմի» հաղթանակ

Մրցաշրջանը պարզապես ֆանտաստիկ մեկնարկած «Լիվերպուլն» այսօր դժվար արտագնա հանդիպում ունի։ «Քրիստալ Փելեսն» այն թիմերից է, որին հաջողվում է սեփական հարկի տակ հաճախ խնդիրներ ստեղծել գրանդ ակումբների համար։ Հավանական է, որ այսօր հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնեն «մերսիսայդցիների» առանցքային խաղացողներից Մո Սալահն ու Էնդրյու Ռոբերտսոնը։ Հավաքականների խաղերից հետո այսօր Կլոպպի սաների համար դժվար է լինելու և հաշվի առնելով, որ ԱՊԼ-ում ցանկացած միավոր պարզապես պետք է վաստակել, իրոք, այսօր դժվար հանդիպում է սպասվում երկու թիմերին էլ։

Կանխատեսում՝ «Լիվերպուլի» հաղթանակ

Տուրի կենտրոնական հանդիպումը միանշանակ կկայանա Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։ Ֆրենկ Լեմպարդը որպես մարզիչ առաջին անգամ կմցրի Պեպ Գվարդիոլայի դեմ։ «Մանչեսթեր Սիթին» նախորդ տուրում պարտվելով հիմնական մրցակից «Լիվերպուլին»՝ այսօր պիտի փորձի վերականգնել հեղինակությունը, քանի որ նահանջել է 4-րդ հորիզոնական։ Իսկ Լեմպարդի «Չելսին» պետք է փորձի ապացուցել, որ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած հորիզոնականը պատահականություն չէ և արժանի են դրան։ Ամեն դեպքում՝ «Սիթին» միանշանակ այս հանդիպման ֆավորիտն է։

Կանխատեսում՝ «Սիթիի» հաղթանակ

Օլե Գունար Սուլշերի սաներն այս տուրում կհյուրընկալվեն հաճելիորեն զարմացնող «Շեֆիլդ Յունայթեդին»։ Քրիս Ուայլդերի սաները հայտնվել են եվրագավաթային գոտում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ «Շեֆիլդն» այս մրցաշրջանում հասցրել է հաղթել «Արսենալին» և չպարտվել «Տոտենհեմին» ու «Չելսիին»։ Դե իսկ «Յունայթեդից», ինչպես միշտ, սպասելիքները շատ են, սակայն արդարացումներ չկան ու, շատ հավանական է, որ «կարմին սատանաները» կրկին միավորներ կկորցնեն վաղվա խաղում, քանի որ սարսափելի վիճակագրություն ունեն արտագնա հանդիպումներում։

Կանխատեսում՝ ոչ-ոքի

Լա Լիգա

Շաբաթ՝ 23․11

«Լեգանես» – «Բարսելոնա»՝ 16։00, «Կենտրոն» ՀԸ

«Գրանադա» – «Ատլետիկո Մադրիդ» 21։30

«Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսիեդադ» 23։55, «Կենտրոն» ՀԸ

Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը «Ռեալի» հետող կիսող «Բարսելոնան» այսօր կհյուրընկալվի հետնապահ «Լեգանեսին»։ Ակնհայտ է, որ Էռնեստո Վալվերդեի սաներն արտագնա հանդիպումներում խնդիրներ են ունենում, ու եթե Լեո Մեսսիի տաղանդը չի փայլատակում, կատալոնացիները չգիտես՝ կհաղթե՞ն, թե՞ ոչ։ Անտուան Գրիզմանն էլ «Բարսայի» խաղային մոդելի հետ, բառի բուն իմաստով, ընդհանրապես կապ չունի։ Եթե խորանանք, կհասկանանք, որ Վալվերդեն երբեմնի հզոր «Բարսելոնան» վերածել խաղային առումով միջակ թիմի։ Այս խաղում երկու թիմերին էլ անհրաժեշտ են միավորներ, «Բարսային»՝ չեմպիոնական պայքարում մնալու համար, իսկ «Լեգանեսին»՝ վտանգավոր գոտուց դուրս գալու համար։

Կանխատեսում՝ «Բարսայի» հաղթանակ

Դեռևս 3 տուր առաջ, «Գրանադան» նույնիսկ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին 3 խաղերում կրելով նույնքան պարտություն, նահանջեց 8-րդ հորիզոնական։ «Գրանադան» հիշեցնում է այն թիմերին, որոնք մեկնարկային տուրերում ոգևորության ազդեցության տակ մի քանի տուր անակնկալներ են մատուցում, սակայն հենց թիմում որոշակի կադրային խնդիրներ են առաջանում, սկսում են նահանջել իրենց բնորոշ հորիզոնական։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ատլետիկոյում» տեղի ունեցած կադրային լուրջ փոփոխություններից հետո ակնկալվում էր, որ Սիմիեոնեի խաղաոճն ինչ-որ չափով կփոխվի, նույնիսկ «Ռեալի» ու «Բարսելոնայի» խաղային խնդիրների ֆոնին «հնդկացիներին» համարում էին առաջնության ֆավորիտ, բայց «Ատլետիկոն» այդպես էլ լուրջ տպավորություն չի թողնում իր խաղով։ Մադրիդյան ակումբի կազմում մի խաղացողը, որն իրոք զարմացնում է իր խաղով, Ալվարո Մորատան է։ Նախքան Իսպանիա – Ռումինիա հանդիպմանը մանսակցելը, Մորատան 7 անընդմեջ խաղում գրավել էր մրցակիցների դարպասը, սակայն այդ խաղում չհաջողվեց շարունակել երջանիկ շարքը։

Կանխատեսում՝ ոչ-ոքի

Մրցաշարային աղյուսակի առաջատարներից Մադրիդի «Ռեալը» կարծես թե որոշակիորեն լուծել է մրցաշրջանի սկզբում առաջացած խնդիրները։ Զինեդին Զիդանի սաները վերջին 5 խաղերում դարպասը պահել են անառիկ, իսկ այդ հինգ խաղից չորսում հաջողվել է հաղթել՝ ընդհանուր 11։0 հաշվով։ Ակնհայտ է, որ «Ռեալին» մրցաշրջանի սկզբում խանգարում էր շատ խաղացողների վատ մարզավիճակը, սակայն կամաց-կամաց ամեն ինչ տեղն է ընկնում։ Մի փոքր ստաբիլություն և «սերուցքայինները» կվերականգնեն իրենց նախկին դիրքը։

Կանխատեսում՝ «Ռեալի» հաղթանակ

Ա Սերիա

Շաբաթ՝ 23․11

«Ատալանտա» – «Յուվենտուս» 18։00

«Միլան» – «Նապոլի» 21։00

«Տորինո» – «Ինտեր» 23։45

Կիրակի՝ 24․11

«Ռոմա» – «Բրեշիա» 18։00, «Արմենիա» ՀԸ

Ըստ շատ մասնագետների՝ Մաուրիցիո Սարրի «Յուվենտուսը» չունի այն վստահ տեսքը, ինչ Մասիմիլիանո Ալեգրիի օրոք էր։ «Յուվեն» ոչ միայն խնդիրներ ունի պաշտպանությունում, չնայած Մաթիաս դե Լիխտով համալրվելուն, այլև կարծես ողջ թիմը խնդիրներ ունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նախ Սարրին երկու անգամ Ռոնալդուին փոխարինեց հանդիպման ընթացքում, Ռոնալդուն հրապարակավ արտահայտեց իր դժգոհությունը, այնուհետև իտալացի մասնագետը հայտարարեց, թե ԿՌ-ն վնասվածք ունի, այդ ամենից հետո Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում երկու ամբողջական հանդիպման է մասնակցում, դառնալով 4 գոլի հեղինակ, իսկ այժմ դուրս է մնացել հայտացուցակից։ Այս ամենից միանշանակ վատ հոտ է գալիս, իսկ այս ամենի հետ մեկտեղ, այսօր ծանրագույն հանդիպում են անցկացնելու մի տեղ, որտեղ բոլորի համար է դժվար։ Չնայած նրան, որ ներկա պահին «Ատալանտայում» ևս կան բազմաթիվ խնդիրներ՝ թե՛ կադրային, թե՛ խաղային, նրանց համար հինաալի հնարավորություն է ընձեռնվել շտկել մրցաշարային աղյուսակում իրենց դիրքը։

Կանխատեսում՝ «Ատալանտայի» հաղթանակ

Այսօր իրար դեմ դուրս կգան նաև ճգնաժամում գնտվող երկու թիմեր։ «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի «Նապոլիին»։ «Նապոլին» լուրջ սկանդալի եզրին է հայտնվել․ խաղացողները սկսել են չենթարկվել ակումբի սեփականատիրոջ խոսքին, իսկ ի պատասխան դրան, նրանց տների վրա հարձակումներ են տեղի ունեցել։ Այս ամենը միանշանակ չէր կարող չանդրադառնալ նաև թիմի արդյունքների վրա։ Անչելոտիի սաները վերջին 5 խաղում տարել են ընդամենը 1 հաղթանակ՝ նահանջելով 7-րդ հորիզոնական։ Իսկ «Միլանը» նմանվում է «Մանչեսթեր Յունայթեդին»․ բոլորն ունեն անթիվ սպասումներ այս թիմից, սակայն թիմը ոչ մի կերպ չի արդարացնում այդ սպասելիքները։ Երբեմնի հզոր ակումբը հայտնվել է 14-րդ հորիզոնականում։ Տարեց տարի թիմի արդյունքները վատանում են, իսկ թիմի մարզիչները հերթով գալիս և գնում են։ Դժվար է ասել, թե որ թիմն է այս խաղի ֆավորիտ, սակայն հաշվի առնելով, որ «Միլանը» խաղալու է սեփական հարկի տակ, նրանց շնսերը մի փոքր ավելի շատ են

Կանխատեսում՝ «Միլանի» հաղթանակ

Ա Սերիայի 13-րդ տուրում այնքան շատ են հետաքրքիր և կարևոր հանդիպումները, որ դժվար է առանձնացնել, թե ի վերջո, որ հանդիպումն է այս տուրի կենտրոնական հանդիպումը։ Եվս մեկ հետաքրքիր դիմակայություն սպասվում է Թուրինում․ իրար դեմ դուրս կգան ամուր «Տորինոն» և 2-րդ հորիզոնականում գտնվող «Ինտերը»։ Վալտեր Մացցարիի սաները հատկապես տնային հանդիպումներում իսկական կռիվ են տալիս ցանկացած մրցակցի դեմ և այսօրվա խաղում էլ կարծում ենք՝ «Ինտերին» այսօր էլ հեշտ դիմակայություն չի սպասվում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Անտոնիո Կոնտեի սաները մի քանի օր անց Չեմպիոնների լիգայի շրջանակում չափազանց կարևոր հանդիպում ունենց անցկացնելու Պրահայի «Սպարտայի» դեմ։

Կանխատեսում՝ ոչ-ոքի

Այս տուրի արդյունքներով շահած դիրքում կարող է հայտնվել «Ռոման», քանի որ, հավանական է, որ առաջատարներից շատերը միավորներ կկորցնեն, իսկ Պաուլու Ֆոնսեկայի սաները մրցելու են հետնապահ «Բրեշիայի» դեմ։ Հռոեմական ակումբի համար այս խաղը հիանալի հնարավորություն է 3 միավոր վաստակելու համար և կրկին մոտենալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող գոտուն։ Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը վերջապես ապաքինվել է վնասվածքից, ու ըստ իտալական թիմի տարածած տեղեկությունների, վաղվա հանդիպմանը հայ կիսապաշտպանը հայտավորված է լինելու։

Կանխատեսում՝ «Ռոմայի» հաղթանակ

Nicolo Zaniolo celebrating after the score , Roma

Լատինական Ամերիկա, Լիբերտադորեսի գավաթ

Շաբաթ՝ 23․11, 23։55

«Ֆլամենգո» -«Ռիվեր Փլեյթ»

Որպես բոնուս ձեզ համար ընտրել ենք Լատինական Ամերիկայի տարվա գլխավոր հանդիպումը։ Կիրակի՝ ուշ երեկոյան, Պերուի մայրաքաղաք Լիմայի «Մոնումենտալ» մարզադաշտում տեղի կունենա Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչը։ Այս տարի առաջին անգամ եզրափակիչը անցկացվելու է մեկ խաղով։ Մարսելո Գալյարդոյի գլխավորած «Ռիվերը» 5 տարում 3-րդ անգամ է դուրս է եկել եզրափակիչ, իսկ նախորդ 2 դեպքում արգենտինական թիմը տիրացել է բաղձալի գավաթին։ Սա փաստում է այն մասին, որ այս թիմում իսկական մարտիկներ են հավաքված ու գավաթային թիմ են դարձել, քանի որ Արգենտինայի Սուպերլիգայի չեմիոնությունը մայրաքաղաքային թիմը վերջին անգամ նվաճել է 5 տարի առաջ։ Բրազիլական «Ֆլամենգոն» պորտուգալացի հանրահայտ Ժորժե Ժեզուսի գլխավորությամբ արդեն գրեթե նվաճել է բրազիլական Ա Սերիայի չեմպիոնությունը և լրիվ կենտրոնացել է այս հանդիպման վրա։ «Ֆլամենգոն» իր պատմության մեջ այդքան էլ լուրջ հաջողությունների չի հասել։ Ռիո Դե Ժանեյրոն ներկայցնող ակումբը 5 անգամ դարձել է բրազիլական Ա Սերիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել է երկրի գավաթն, 1 անգամ էլ տիրացել է Լիբերտադորեսի գավաթակին։ Այս եզրափակիչը 1981 թվականից ի վեր առաջին եզրափակիչն է լինելու բրազիլական ակումբի համար և շատ մասնագետների կարծիքով հենց «Ֆլամենգոն» է եզրափակչի ֆավորիտը, սակայն ըստ իս, գավաթը կնվաճեն Գալյարդոյի սաներն՝ իրենց փորձի հաշվին։ Հուսով ենք՝ մեզ՝ չեզոք երկրպագուներիս, թիմերը կուրախացնեն գոլառատ խաղով, քանի որ գրեթե միշտ Լիբերտադորես գավաթի եզրափակիչներն աչքի են ընկնում գոլառատ պայքարում։

Կանխատեսում՝ «Ռիվերը» կնվաճի գավաթը

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023