Ռեալը կրկին ուժեղ էր Բարսայից` հաղթելով Էլ Կլասիկոյում🎥

Ռեալը կրկին ուժեղ էր Բարսայից` հաղթելով Էլ Կլասիկոյում🎥

24/10/2021 - 20:09

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Էլ կլասիկոն. «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հանդիպման մեկնարկը բավական հանգիստ և իներտ պայքարում անցավ ու տևական ժամանակ գոլային պահեր չկային։

Առաջին իրական վտանգավոր պահը 25-րդ րոպեին ստեղծեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները. հարվածային դիրքում էր հայտնվել Սերժինիո Դեստը, սակայն վերջինս նպաստավոր դիրքից անչափ անհաջող հարվածեց։

32-րդ րոպեին «Ռեալը» նետվեց կտրուկ հակագրոհի, ինչի արդյուքնում կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Դավիդ Ալաբան։

Հավելենք, որ ավստրիացի պաշտպանը «արքայական» ակումբի կազմում խփեց իր առաջին գնդակը։

Բաց թողած գոլից անմիջապես հետո` 35-րդ րոպեին, «բլաուգրանասը» կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո Ժերար Պիկեի` գլխով կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին մադրիդյան ակումբի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարն անցավ կատալոնական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները ստեղծեցին մի շարք կիսաիրական գոլային պահեր, սակայն չհաջողվեց խփել պատասխան գնդակը։

Ժամանակի ընթացքում Կառլո Անչելոտիի սաները «կոտրեցին» տանտերերի ակտիվությունն ու սկսցին ստեղծել իրենց գոլային պահերը։

63-րդ րոպեին հաջողությանը շատ մոտ էր Կարիմ Բենզեման, սակայն «Բարսելոնային» փրկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։

Այդ դրվագից հետո մասամբ հանգստացավ խաղը։ Ռոնալդ Կումանը կատարեց մի շարք փոփոխություններ` փորձելով բեկել հանդիպման ընթացքը, սակայն ապարդյուն. հյուրերը կասեցնում էին «Բարսայի» բոլոր գրոհները։

Դեռ ավելին` 90+4-րդ րոպեին հյուրերը ևս մեկ գնդակ ուղարկեցին «Բարսայի» դարպասը. արագ հակագրոհը եզրափակեց Լուկաս Վասկեսը։

«Բարսային» հաջողվեց 90+7-րդ րոպեին հետ բերել մեկ գնդակ, որն իր անվան դիմաց գրանեց Սերխիո Ագուերոն, սակայն ավելին անել չհաջողվեց։

Ի վերջո, «Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով հաղթելով «Բարսելոնային»։

Հավելենք, որ մադրիդյան ակումբն իր օգտին է ավարտում արդեն չորրորդ անընդմեջ Էլ Կլասիկոն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 20 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Նույնքան միավոր ունեն նաև «Սևիլիան» ու «Ռեալ Սոսիեդադը» սակայն վերջիններս լրացուցիչ ցուցանիշներով կիսում են համապատասխանաբար 2-3-րդ հորիզոնականները։

«Բարսելոնան» մնաց 15 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor