Լուկակուն Ինտերի ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով. լոնդոնյան ակումբն արդեն պայմանագիր է համաձայնեցրել նրա հետ ու պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել բելգիացի ֆուտբոլիստին գնելու համար։
Ըստ Sky Sports-ի տեղեկությունների` 28-ամյա հարձակվողը մտադիր է վերադառնալ «Չելսի» և «ներաձուրիների» ղեկավարությանը խնդրել է ընդունել «ազնվականների» առաջարկը։
Ավելի վաղ տեղեկություններ հաղորդվեցին, որ «թոշակառուները» անցնող օրերին Լուկակուի տրանսֆերի դիմաց առաջարկել են 100 մլն եվրո + Մարկոս Ալոնսոյի տրանսֆերային իրավունքները, սակայն մերժում են ստացել միլանկան ակումբի կողմից. այժմ նրանք պատրաստում են 120/130-մլնանոց առաջարկ։
Հատկանշական է, որ Լուկակուի ծառայություններով ինչ-որ պահ հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «քաղաքաբնակների» կողմից այդպես էլ որևէ պաշտոնական առաջարկ չեղավ։ Բացի դրանից, մանկունյական ակումբը շեշտը դրեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի վրա։
Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից և մինչ այժմ «կապտասևերի» մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 64 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Բելգիացի ֆուտբոլիստն իր կարիերայի սկզբում` 2011 թ. ամռանը 15 մլն եվրոյի դիմաց «Անդերլեխտից» տեղափոխվեց «Չելսի», սակայն, չհարմարվելով լոնդոնյան ակումբին, 2012/13 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Վեսթ Բրոմվիչում» (38 խաղ, 17 գոլ, 7 գոլային փոխանցում), իսկ 2013/14 մրցաշրջանը` «Էվերտոնում», ինչից հետո «իրիսները» 2014 թ. ամռանը 35.36 մլն եվրոյի դիմաց գնեցին նրա ամբողջական տրանսֆերը (166 խաղ, 87 գոլ, 29 գոլային փոխանցում)։
«Չելսիի» կազմում Լուկակուն անցկացրել է 15 հանդիպում` կատարելով ընդամենը 1 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, ԱՊԼ, Ինտեր, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ռոմելու-Լուկակու, Տոտենհեմ, տրանսֆերներ