Անգլիական գրանդն անում է ամեն ինչ Լուկակուին գնելու համար` պատրաստելով սուպեր առաջարկ

Անգլիական գրանդն անում է ամեն ինչ Լուկակուին գնելու համար` պատրաստելով սուպեր առաջարկ

04/08/2021 - 17:41

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան, այս պահից սկսած, մշուշոտ է։

Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսին» անում է ամեն ինչ, որպեսզի գնի բելգիացի ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» օրեր առաջ 28-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց առաջարկել են 100 մլն եվրո + Մարկոս Ալոնսոյի տրանսֆերային իրավունքները, սակայն մերժում են ստացել միլանյան ակումբի կողմից։

Օգոստոսի 4-ին իտալացի ինսայդերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Չելսին» այժմ նոր առաջարկ է պատրաստու Լուկակուի համար. լոնդոնյան ակումբը պատրաստ է նրա դիմաց վճարել 120/130 մլն եվրո։

Բացի դրանից, «թոշակառուները» բելգիացի ֆուտբոլիստին երկաժամկետ պայմանագիր են առաջարկել` տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։

Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ «կապույտներն» արդեն պայմանագիր են համաձայնեցրել Լուկակուի հետ։ Վերջինս «Չելսիի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը և տարեկան վաստակելու է 15 մլն եվրո։

Ինչ վերաբերում է «Բիգ Ռոմի» դիրքորոշմանը, ապա Ջանլուկա Դի Մարցիոն գրում է, որ ֆուտբոլիստն ու նրա շրջապատը սկսել են լրջորեն մտածել «Չելսի» վերադառնալու մասին։ Այդ հարցի շուրջ մինչ այս պահը 28-ամյա ֆուտբոլիստի կողմից չի եղել ո՛չ դրական և ոչ՛ էլ բացասական պատասխան։

Նշվում է նաև, «ներաձուրիների» համար դժվար կլինի մերժել 120/130 մլն եվրոյի առաջարկը` հաշվի առնելով ակումբի ֆինանսական ոչ բարվոք վիճակը։

Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից և մինչ այժմ «կապտասևերի» մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 64 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Բելգիացի ֆուտբոլիստն իր կարիերայի սկզբում` 2011 թ. ամռանը 15 մլն եվրոյի դիմաց «Անդերլեխտից» տեղափոխվեց «Չելսի», սակայն, չհարմարվելով լոնդոնյան ակումբին, 2012/13 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Վեսթ Բրոմվիչում» (38 խաղ, 17 գոլ, 7 գոլային փոխանցում), իսկ 2013/14 մրցաշրջանը` «Էվերտոնում», ինչից հետո «իրիսները» 2014 թ. ամռանը 35.36 մլն եվրոյի դիմաց գնեցին նրա ամբողջական տրանսֆերը (166 խաղ, 87 գոլ, 29 գոլային փոխանցում)։

«Չելսիի» կազմում Լուկակուն անցկացրել է 15 հանդիպում` կատարելով ընդամենը 1 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023