Ինտերի անորոշության մասին. ի՞նչ խնդիրներ ունեն «ներաձուրիները»

Ինտերի անորոշության մասին. ի՞նչ խնդիրներ ունեն «ներաձուրիները»

23/08/2021 - 23:46

Աշրաֆ Հակիմին ու Անտոնիո Կոնտեն հեռացան։ Հեռացավ նաև Ռոմելու Լուկակուն։ Ի՞նչ է կատարվում «Ինտերի» հետ։

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ «Ինտերը» նվաճեց «Սկուդետտոն», թիմի սեփականատեր Չժան Ցզինդունը երկրպագուներին ուղղված նամակում հայտարարեց, որ «այս պատմական հաղթանակը, ոչ թե վերջն է, այլ «Ինտերի» հաղթական ճանապարհի սկիզբը»։


Նրա տղան, Սթիվենը, ով ակումբի տնօրենն է, ինը ամսվա ընդիմիջումից հետո ժամանեց Միլան, որպեսզի նշի պատմական հաղթանակը ակումբի հետ։ Inter TV-ին տված հարցազրույցում նա նշեց հետևյալը․ «Սա բավական զգացմունքային ու հատուկ պահ է ակումբի և բոլորիս համար։ «Ինտերի» ապագան այնպիսին է, ինչպիսին եղել է 100 տարի առաջ և այդպես կլինի միշտ»։


Թիմի ապագայի հետ կապված հարցերը շատ էին, քանի որ արդեն գարնանը պարզ էր, որ «Ինտերի» սեփականատեր Չժան Ցզինդունին պատկանող ընկերությունը` Suning-ը, մեծ ֆինանսական վնասներ է կրում, և Իտալիայի չեմպիոնը տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք է ձգի գոտիները։ «Ներաձուրիների» ղեկավար կազմի լավատեսական ելույթները վառ հույսեր էին ներշնչում թիմի երկրպագուներին, չնայած շատ շուտ այդ լավատեսության եկավ փոխարինելու իրական պատկերը։
Երբ երկրպագուները հեռացան «Պիացա Դուոմո» հրապարակից և էյֆորիկ տրամադրությունները նահանջեցին, եկավ ժամանակը խոսել իրականության մասին, ինչը այդքան էլ խոստումնալից չէր հնչում։

Ինչպես նշեցինք, ակումբում ֆինանսական ծանր դրության մասին դեռ գարնան էր հայտնի, ինչն էլ պատճառ հանդիսացավ նաև, որ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի վերջին չորս խաղերից առաջ քաղաքավարի հրաժարվեց շփվել մամուլի հետ, քանի որ կարող էին հարցեր առաջանալ ակումբի և իր ապագայի մասով։ Բացի այդ, ակումբի սեփականատերը հատուկ խնդրանքով դիմել էր ֆուտբոլիստների հրաժարվել վերջին երկու ամսվա աշխատավարձից։

Այդ ամենը չէր կարող չանհանգստացնել մարզչին և ֆուտբոլիստներին, քանի որ ապագայի հետ կապված անորոշություն էր տիրում։
Անտոնիո Կոնտեն արդեն այդ ժամանակ գուցե գիտեր, որ գալիք մրցաշրջանում չի մարզելու «Ինտերը» և ուղղակի ուզում էր վայելել Ա Սերիայի չեմպիոնական պահը։ Չնայած «ներաձուրիների» մարզական տնօրեն Բեբե Մարոտան, պատասխանելով լրագրողի հարցին, թե Կոնտեն կշարունակի մարզել «Ինտերը» 2021/22 մրցաշրջանում ասաց հետևյալը․ «Մենք չունենք պլան Բ, ունենք միայն պլան Ա, և հուսով ենք, որ Անտոնիոն կշարունակի մարզել ակումբը»։
Չժան Ցզինդունը Oaktree Capital-ից վարկով ստացել էր 275 միլոն եվրո, բայց այդ գումարը տրանսֆերների համար նախատեսված չէր։ Այն ակումբն ավելի խորը պարտքերից փրկելու համար էր, որին զուգահեռ պարտադիր պայման էր տրանսֆերային պատուհանի ժամանակ «խիստ դիետան»։ Կոնտեն ոչ միայն չէր կարող նոր ֆուտբոլիստներ ձեռքբերել իր թիմի համար, այլև պետք է կրճատվեր աշխատավարձերի բյուջեն 15-20%-ով, ու ամռային տրանսֆերային պատուհանը պետք է փակվեր մաքուր 75 միլիոն եվոր եկամտով։

Այս պայմանների հետ իտալացի մանսագետը չհամաձայնվեց և չերկարաձգեց պայմանագիրը։ Նրա հարաժարագինը կազմեց մոտ 7,5 միլիոն եվրո։ Սա նույնպես այն էր, ինչը չէր մտնում ակումբի զարգացման ծրագրի մեջ, որը Բեբե Մարոտան ներկայացրել էր 2019 թվականին։
Կոնտեն հետագայում «Ինտերը» մարզելու փորձը կորակի որպես տարօրինակ, բայց նաև նա ափսոսանքով նշեց, որ չի կարող շարունակել մարզել ակումբը, շնորհակալություն հայնտնեց երկրպագուներին, որոնց վերաբերմունքը «Սկուդետտոյից էլ թանկ է» իր համար։
Այս ամենը, ինչպես նշեցինք, բուրում էր անորոշությամբ և «Ինտերի» երկրպագուները սկսեցին բողոքի ակցիաներ իրականցրել․ նրանք բացատրությունից էին պահանջում ակումբի ղեկավարությունից։ Պաստառներից մեկի վրա գրված էր․ «Չժան, կա՛մ բացատրություն տուր կա՛մ էլ հեռացիր»։
Երբ 60 միլիոն եվրոյի դիմաց Աշրաֆ Հակիմին տեղափոխվեց ՊՍԺ, բոլորին թվաց, թե այսքանով ամեն ինչ ավարտված է, հատկապես, երբ «ներաձուրիների» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասաց, որ նրան ասել են՝ Հակիմիի տրանսֆերի մասին, ու որ մյուս կարևոր խաղացողները մնալու են, սակայն այդ ամենից ընդամենը երկու շաբաթ անց Ռոմելու Լուկակուն տեղափոխվեց «Չելսի»։

Լուկակուի տրանսֆերը, ի տարբերություն Հակիմիի, լրիվ այլ էր։ Բելգիացի հարձակվողը ցանկանում էր մնալ, բայց իտալական ակումբի ֆինանսական վիճակը լրիվ ուրիշ բան էր ստիպում։ Այս ամենին զուգահեռ, խոսակցություններ կան նաև, որ ակումբից, հնարավոր է, հեռանա նաև Լաուտարո Մարտինեսը, ինչը վկայում այն բանի մասին, որ Հակիմիի տրանսֆերից ստացած գումարը կա՛մ իր նպատակին չի ծառայել կա՛մ էլ չի բավականացրել։
Սրան զուգահեռ, «Ինտերը» իրականացրեց Հական Չալահանօղլոի տրանսֆերը, իսկ թիմի պաշտպանությունը, չնայած Հակիմիի հեռանալուն, շատ լավն է, այս ամենին գումարենք նաև Նիկոլո Բարելայի և Արթուրո Վիդալի առկայությյունը, պատկերը այդքան էլ վատ չի ստացվի։ Թիմին արդեն միացել նաև Դենզել Դումֆրիսն ու Էդին Ջեկոն. վերջինս կփոխրինի Լուկակուին ավելի քիչ աշխատավարձի դիմաց։

Չնայած «Ինտերի» վերը նշված կորուստներին` թիմը բավական համակարգված և կազմակերպված է։ Սիմոնե Ինձզագին հաջող ժառանգություն է ստացել Անտոնիո Կոնտեից։
Հունիս ամսին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում Ստիվեն Չանը ասաց, որ «Suning» ընկերությանը միջնաժամկետ և վերջնաժամկետ հեռանկարներում մեծ վերելք է սպասվում, երբ նրանից հետաքրքրվեցին, թե ինչ է դա նշանակում, նա բացատրեց․ «Միջնաժամկետ հեռանկարում մինչև հինգ տարին, իսկ վերջնաժամկետ հեռանկարում 10 տարուց մինչև․․․․․ 100 տարի»։ Հուլիսին նրա հայրը լքեց ընկերության ղեկավարի պաշտոնը։

Oaktree Capital-ի տված օգնությանը կմեղմացնի ակումբի ֆինանսական դրությունը և շատ պարտավորություններ կմարվեն, չնայած դրան երկրպագուները ավելի հստակություն են պահանջում Չան ընտանիքից։
Անորոշությունը միայն ավելի կբարդացնի «Ինտերի» վիճակը, և եթե խաղային առումով Ինձզագին մեծ առաջընթաց գրանցի, այդ ամենին հիմք տալու համար ակումբի ղեկավարությունից որոշակիություն է պահանջվում։

Հանուն արդարության` նշենք նաև, որ «Ինտերը» նոր մրցաշրջանը բավական հաջող մեկնարկեց և Ա սերիայի 1-ին տուրում 4:0 հաղթեց «Ջենոյաին»։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor