Գայիչ․ «Ես սիրում եմ Հայաստանը. այստեղ մարդիկ ջերմ են»

Գայիչ․ «Ես սիրում եմ Հայաստանը. այստեղ մարդիկ ջերմ են»

09/12/2022 - 12:35

«Փյունիկի» պաշտպան Զորան Գայիչը դրեց ակումբի հաջողությունների հիմքը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Կլուժի» դեմ կայացած պատասխան խաղում խփելով երկու գոլ։

Սակայն, հետագայում սերբ պաշտպանին խանգարեցին տարբեր վնասվածքները, ինչի հետևանքով վերջինս չկարողացավ մասնակից դառնալ «Փյունիկի» եվրագավաթային պատմական հետագա հաջողություններին։

Interfootball-ը շատ հետաքրքիր ու ջերմ զրույց է ունեցել 32-ամյա պաշտպանի հետ։

Զորան, Դուք խաղացել եք Ձեր հայրենիքում՝ Սերբիայում, երկար տարիներ Չեխիայում, նաև Բուլղարիայում։ Ի՞նչ տարբերություններ կան այնտեղի և հայկական ֆուտբոլի միջև։

– Տարբերությունը չեխական ու հայկական ֆուտբոլի այն է, որ տեղի թիմերն ունեն մեծ մարզադաշտեր և շատ երկրպագուներ։ Տարբերություններից մյուսն այն է, որ այնտեղի թիմերում կան միջազգային ֆուտբոլիստներ, ովքեր գրեթե մշտապես հրավիրվում են հավաքականներ։

Եթե դու անգամ ֆուտբոլից չես հասկանում, անզեն աչքով կարող ես հասկանալ տարբերությունը, քանի որ այնտեղ տակտիկան ավելի զարգացած է, ֆուտբոլիստները ավելի բարձրակարգ են, իսկ բուլղարական ու հայկական ֆուտբոլում տարբերությունները մեծ չեն։ Այնտեղ կան երեք հիմնական ակումբներ, որոնք գրեթե միշտ խաղում են եվրագավաթներում և ֆինանսապես ավելի կայուն են։

«Փյունիկի» կազմում Դուք առաջին անգամ կարիերայում խաղացիք եվրագավաթում՝ Չեմպիոնների Լիգայում «Կլուժի» դեմ խաղում։ Առաջին մրցավեճում պահեստայինների նստարանին էիք, իսկ պատասխան խաղում ամբողջ խաղին մասնակցեցիք։ Նաև Ձեր գոլերի շնորհիվ թիմը կարողացավ հաղթել մրցակցին։ Ի՞նչ ապրումներ ու հույզեր ունեիք խաղից հետո։

– Այո՛, առաջին խաղում ես պահեստայինների նստարանին էի նստած ու չխաղացի, սակայն հասկանում էի, որ իմ թիմն է խաղում։

Ես նրանց հետ խաղում էի այդ խաղը, ապրում էի այդ ամենով, իսկ երկրորդ խաղում արդեն դաշտ դուրս եկա, նույնիսկ գոլի հեղինակ դարձա, հետո նաև դուբլի։ Ես թիմին շատ եմ օգնել։ Դուք գիտեք, որ ամենակարևորը այն է՝ դուք խաղում եք լեփ-լեցուն մարզադաշտում։

Քեզ տեսնում են մարդիկ, ովքեր քեզ չեն ճանաչում, մարդիկ, ովքեր քո անունն անգամ չգիտեն և գաղափար էլ չունեն, թե դու ով ես։ Ամենակարևորը այն է, որ ինձ նայում են երեխաներս, ընտանիքս, կինս, եղբայրներս, ու ես ընթացքում տեսնում են նրանց հայացքները։

Անբացատրելի զգացողություններ են, երբ դու գոլ ես խփում, բոլորը ծափահարում են քեզ, մարդիկ, ովքեր քեզ չեն ճանաչում, ուզում են գրկել քեզ, հետո տեսնում ես ընտանիքիդ գոհ հայացքը, հետո խաղընկերներդ վազում են քեզ գրկելու։ Հրաշալի զգացողություններ էին։

Ցավալիորեն, չմասնակցեցիք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին. վնասվածք ունեիք։ Ի՞նչ կասեք այդ ապրումների մասին։

– Ես ոսկրային վնասվածք ունեի, ինչի հետևանքով չէի խաղում։ Ես նույնիսկ այդպես շարունակել եմ խաղալ։ Ահավոր վատ զգացողություն էր, երբ վնասվածք ստացա։

Ինձ ներարկել էին, ու ես ցավով էի խաղում, բայց չդիմացա։ Այդ ժամանակ ինձ թվում էր, թե դա կարիերայիս վերջին խաղն էր, որովհետև շատ ուժեղ ցավեր ունեի։

Ձեզ համար, կարելի է ասել, մրցաշրջանը նոր է սկսվում։ Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև այս մրցաշրջանում։

– Առաջարկներ կան եվրոպական ակումբներից, սակայն ես դեռ պայմանագիր ունեմ «Փյունիկի» հետ և նպատակս այս պահին միայն ներկայիս ակումբի հետ հաջողություններ գրանցելն է։

Թիմը լավ սկսեց մրցաշրջանը՝ եվրագավաթային մրցաշարերում հասնելով պտմական նվաճման։ ի՞նչ սպասենք «Փյունիկից» այս մրցաշրջանում։

– Մենք կարող ենք ակնկալել, որ թիմը մրցաշրջանի առաջին իսկ օրվանից գնում է դրված հստակ ուղիով և լավ պատրաստվում է չեմպիոնության հետագա պայքարին և փորձելու է հաղթել առաջնությունը։ Մենք տխուր ենք, որ միավորներ ենք կորցնում այն ​​խաղերում, որտեղ պետք է հաղթեինք. պետք է բարելավենք մեր խաղը։

Եղիշե Մելիքյանը բավական լավ կազմ է հավաքել, թիմում կան հրաշալի խաղացողներ։ Ո՞ր ֆուտբոլիստին կառանձնացնեք իր խաղային որակներով, ով ամենաշատն է տպավորել։

– Այո՛, թիմը շատ լավն է, շատ բարձրակարգ խաղացոներ կան, բայց մենք թիմ ենք կառուցում։ Կարծում եմ, որ մարզիչը նույնպես կցանկանար ունենալ բոլոր խաղացողներին մրցաշրջանի առաջին օրվանից: Ես կառանձնացնեմ Լուկա Յուրիչիչին․ նա ամենաշատը տպավորեց ինձ։

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջին հատվածն ավարտվում է։ Ի՞նչ կասեք առաջին հատվածի մասին։

– Դեռ չի ավարտվել մրցաշրջանի առաջին հատվածը։ Մենք ունենք նաև «Ուրարտուի» դեմ խաղ։ Հուսով ենք, որ «Ուրարտուի» և «Արարատի» նկատմամբ հաղթանակով մոտ կլինենք նրանց և երկրորդ հատվածում անպայման կդառնանք չեմպիոն: Մենք վստահ ենք մեր ուժերի վրա։

Երկրորդ մրցաշրջանն եք անցկացնում Հայաստանում։ Ինչպիսի՞ տպավորություն ունեք երկրի, մայրաքաղաքի ու մարդկանց մասին։

– Ես մարդկանց շատ եմ սիրում, իմ երեխաները շատ են սիրում քաղաքը, շատ ջերմ մարդիկ են։ Նույնը չէի ասի Չեխիայում եղած տարիների մասին։ Այնտեղ մարդիկ շատ սառն էին, նույնիսկ երեխաների հետ։

Դուք խաղում եք կենտրոնական պաշտպանի դիրքում։ Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում արդեն 28 խաղի եք մասնակցել։ Ո՞ր ֆուտբոլիստի դեմ խաղն է եղել Ձեզ համար ամենադժվարը։

– Չգիտեմ՝ ում ասեմ, միգուցե, նախորդ մրցաշրջանում, երբ Յուսուֆ Օտուբանջոն խաղում էր «Արարատ-Արմենիայում», նա երկու գոլ խփեց մեր դարպասը։ Ես չեմ հիշում, որ ինչ-որ խաղացող ավելի շատ դժվարություններ ստեղծած լինի մեզ համար։

Դուք խաղում եք Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։ Ի՞նչ կասեք նրա ֆուտբոլային փիլիսոփայության մասին։ Ի՞նչ է սովորեցրել նա Ձեզ։

– Ես շատ բան եմ սովորել նրանից։ Երբ մարզիչը խոսում է ձեզ հետ, յուրաքանչյուր մարզչից վերցրեք այն, ինչ ասում է և իմացեք, որ կարող եք օգտագործել այդ իմացածը ձեր խաղի համար։

Աշխարհի առաջնությունը շարունակվում է։ Կարծում եմ՝ Դուք երկրպագում էիք Սերբիայի ընտրանուն, որը դուրս մնաց պայքարից։ Այժմ ո՞ր հավաքականին եք ուզում տեսնել չեմպիոնի կարգավիճակում։

– Ես կցանկանայի, որ Արգենտինան հաղթեր աշխարհի առաջնությունը, քանի որ Լեո Մեսսին արժանի է դրան։

Եվ վերջում․ ո՞րն է Ձեր ֆուտբոլային ամենամեծ երազանքը։

– Ես փորձում եմ իրականացնել իմ երազանքը՝ խաղալ «Ցրվենա Զվեզդայի» կազմում լեփ-լեցուն մարզադաշտում։ Սա երազանքներից մեկն է։ Նաև ես երկու գոլ եմ խփել Չեմպիոնների լիգայում՝ «Կլուժի» դեմ խաղում, այնպես որ ես չեմ կարող ավելին խնդրել:

Սամվել Մխիթարյան

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022