ԱԱԳ. Կամերունը հաղթեց առանց դարպասապահի մնացած Կոմորյան Կղզիներին` դուրս գալով 1/4 եզրափակիչ

ԱԱԳ. Կամերունը հաղթեց առանց դարպասապահի մնացած Կոմորյան Կղզիներին` դուրս գալով 1/4 եզրափակիչ

25/01/2022 - 11:17

Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Կամերունի հավաքականը մրցեց Կոմորյան Կղզիների ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ Կոմորյան Կղզիներն այս հանդիպմանը ներկայացել էր առանց դարպասապահի։

Հավաքականի դարպասապահներից Սալիմ Բեն Բաունան վնասվածք ուներ, իսկ Մոյադ Հոսեյնին վարակված է կորոնավիրուսով։

Կոմորների հիմնական դարպասապահ Ալի Ահմադան Աֆրիկայի Ազգերի գավաթի` կորոնավիրուսի համաճարակի նոր օրենքի հետևանքով չկարողացավ հանդիպմանը մասնակցել, այդ պատճառով էլ Կամերունի դեմ խաղին Կոմորյան Կղզիների դարպասը պաշտպանում էր նոմինալ ձախ պաշտպան Շակեր Ալհադուրը, ում հասակն ընդամենը 172 սմ է։

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա Կոմորյան Կղզիների դժբախտությունը շարունակվեց արդեն 7-րդ րոպեին, երբ կոպիտ խաղի համար կարմիր քարտով պատժվեց կենտրոնական պաշտպան Նաջիմ Աբդուն։

Ստանալով քանակական առավելություն` Կամերունն անմիջապես տիրեց նախաձեռնությանն ու 29-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. աչքի ընկավ Կարլ Տոկո Էկամբին։

Բաց թողած գոլը չկոտրեց կոմորներին, ովքեր 33-րդ րոպեին մեկ դրվագում երկու գոլային պահ ստեղծեցին, սակայն Ահմեդ Մոգնիի ու Էլ Ֆարդուի հարվածներից հետո փայլեց կամերունցիների դարպասապահ Անդրե Օնանան։

Կողմերն ընդմիջման գնացին Կամերունի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում կամերունցիները մեծ առավելությու ունեին, բայց երկար ժամանակ նրանց չէր հաջողվում մեծացնել իրենց առավելությունը։

Ամեն դեպքում, Յուանդեի «Ստադ դ’Օլեմբե» մարզադաշտի լուսատախտակին 70-րդ րոպեին վառվեց 2:0 հաշիվը. Մարտին Օնգլայի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու Վենսան Աբուբակարը, ով խփեց իր 6-րդ գոլը։

Որքան էլ զարմանալի է, բայց բաց թողած երկրորդ գոլից հետո հանդիպման նախաձեռնությունն անցավ Կոմորյան Կղզիների ֆուտբոլիստների ձեռքը, ովքեր մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին, ինչն էլ նպաստեց, որ 81-րդ րոպեին Յուսուֆ Մչանգաման մեկ գնդակ հետ բերեց` տուգանայինի իրացումից հետո դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։

Խաղավարտին մոտ այլևս գոլեր չգրանցվեցին. Կամերունը 2:1 հաշվով հաղթեց Կոմորյան Կղզիներին և նվաճեց Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Գամբիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022