Թուրք երկրպագուների և վրացի ոստիկանների միջև դաժան բախում է տեղի ունեցել 🎥
Թուրք երկրպագուների և վրացի ոստիկանների միջև դաժան բախում է տեղի ունեցել 🎥
27/11/2026 - 13:52

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում թուրքական «Բեշիկթաշը» 2:1 հաշվով հաղթել է Իսրայելի չեմպիոնին` Բեր Շևայի «Հապոելին»։

Վրաստանի Բաթում քաղաքում կայացած հանդիպումը թուրք երկրպագուների և վրացի ոստիկանների միջև տեղի ունեցած դաժան բախման հետևանքով առաջին խաղակեսում ընդհատվել է մոտ կես ժամով։

Ստամբուլից ժամանած երկրպագուները պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել. «Բողոք` օկուպացիայի դեմ, ազատություն Պաղեստինին»։

Իրավիճակն սկսել է լարվել, երբ գործին միջամտել են ոստիկանները, հայտնում է Fanatik-ը։

«Թուրք երկրպագուների նկատմամբ վրացական ոստիկանության անհամաչափ խիստ վերաբերմունքը պատասխան բուռն արձագանք է առաջացրել»,- գրում է աղբյուրը։

Ոստիկանների` արցունքաբեր գազի և մահակների կիրառման հետևանքով «Բեշիկթաշի» երկրպագուներից մեկը շտապօգնության մեքենայով անմիջապես հոսպիտալացվել է։

Հանդիպման գլխավոր մրցավար Մորտեն Կրոգը ստիպված է եղել ընդհատել հանդիպումը։ Խաղը շարունակվել է 27-րդ րոպեից։

Իրավիճակը լարված է եղել դեռ խաղից առաջ։ Թուրք երկրպագուներն աղմկոտ երթ են անցկացրել Բաթումի փողոցներով։ Ոստիկանների` կարգուկանոն պահպանելու հորդորներին ի պատասխան` երկրպագուները ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել։

«Բաթումի Արենա» ստադիոնի տարածքում թուրք երկրպագուները ևս շարունակել են անկարգությունները։ Նրանք կոտրել են մարզադաշտի նստատեղերն ու դրանք նետել ոստիկանների ուղղությամբ։

Հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլու հետ` քննարկելով կատարվածը։ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մարզադաշտում անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել` իրավիճակը հարթելու համար։

Հեռախոսազրույց են ունեցել նաև երկու երկրների ներքին գործերի նախարարները` Մուստաֆա Չիֆթչին ու Սուլխան Թամազաշվիլին։

Հանդիպումից հետո «Բեշիկթաշը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Խստորեն դատապարտում ենք իրավապահ մարմիններին, որոնք անհամաչափ ուժ են կիրառել մեր երկրպագուների նկատմամբ Բեր Շևայի «Հապոելի» դեմ Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Վրաստանի Բաթում քաղաքում կայացած հանդիպումից առաջ և դրանից ընթացքում։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մեր երկրպագուներին։

​Ակումբի նօրենների խորհրդի անդամներն ու ակումբի պաշտոնյաները ուշադիր հետևել են գործընթացին այն պահից, երբ մեր երկրպագուներն սկսել են շարժվել դեպի մարզադաշտ։

​Երբ պարզ է դարձել, որ անվտանգության ուժերը խոչընդոտներ են ստեղծում մեր երկրպագուների՝ մարզադաշտ մուտք գործելու համար, անհապաղ կապ է հաստատվել ՈՒԵՖԱ-ի պատվիրակի հետ, ինչից հետո բացվել են ստադիոնի տարհանման մուտքերը, և ապահովվել է նրանց արագ ու անվտանգ մուտքը։

​Հայտնում ենք, որ մեր երկրպագուների նկատմամբ անվտանգության ուժերի կողմից կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ համապատասխան քայլեր են ձեռնարկվել Բաթումում մեր գլխավոր հյուպատոսության և ՈՒԵՖԱ-ի մակարդակով։ Նշում ենք, որ հետևողական ենք լինելու գործընթացին, մինչև մեր յուրաքանչյուր երկրպագու վերադառնա Թուրքիա։

​Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը զրույց է ունեցել ակումբի նախագահ Սերդալ Ադալի հետ` նշելով, որ ուշադիր հետևում է գործընթացին, իր զորակցությունն է հայտնել մեր համայնքին ու երկրպագուներին։

​Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր հարգարժան ակումբներին, որոնք Վրաստանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների կապակցությամբ համերաշխության օրինակ են ծառայել՝ իրենց աջակցությունը հայտնելով «Բեշիկթաշին» և երկրպագուներին։

Միջադեպը դատապարտել են նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու երկրի սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքը։

Հավելենք, որ «Բեշիկթաշ» – «Հապոել» հանդիպումը Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա լարված հարաբեւությունների պատճառով, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել էր Վրաստան։

Թուրքական ակումբը հաղթանակից հետո 10 միավորով բարձրացել է 7-րդ տեղ։ Իսրայելի չեմպիոնը 1 միավորով նախավերջինն է` 35-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026