Ոստիկանությունը խուզարկել է Բարսելոնայի գլխավոր գրասենյակը

Ոստիկանությունը խուզարկել է Բարսելոնայի գլխավոր գրասենյակը

01/03/2021 - 15:24

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այսօր՝ մարտի 1-ի առավոտյան, Կատալոնիայի ոստիկանությունը խուզարկել է «Բարսելոնայի» գլխավոր գրասենյակը ։

Աղբյուրը նշում է, որ այդ խուզարկությունը կապված է այն սկանդալի հետ, որը սկսվել է 2020 թվականի փետրվարին և ստացել է «Բարսագեյթ» անվանումը։

Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը համագործակցում է I3 Ventures ընկերության հետ, որն աշխատում էր սոցցանցերում ստեղծել այն ժամանակվա «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի դրական իմիջը։

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ I3 Ventures-ը տարբեր հարթակներում կատարել է Բարտեմուի հետ կապված բազմաթիվ գրառումներ, ինչի միջոցով փորձել է բարձրացնել նրա հեղինակությունը, իսկ դրան զուգահեռ քննադատել է մի շարք ֆուտբոլիստների։ Քննադատվողների թվում են եղել հատկապես Լեո Մեսսին ու Ժերար Պիկեն։

«Բլաուգրանասին» մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ այդ գործի առթիվ Mossos d’Esquadra-ի աշխատակիցները (Խմբ․՝ Կատալոնիայի ոստիկանությունը) խուզարկություն են անցկացրել ակումբի գլխավոր գրասենյակում, որի արդյունքները դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ այդ բացահայտումներից հետո Բարտոմեուն հերքեց իր մասնակցությունն այդ գործին և նշանակեց հետաքննություն, ինչից հետո կատարված աուդիտն էլ նույնպես չհաստատեց, որ «Բարսելոնայի» ղեկավարը սոցցանցներում «հարձակումներ» է կազմակերպել սեփական խաղացողների վրա։ Այդ դեպքից հետո ակումբի տնօրենների խորհրդի մի շարք անդամներ հրաժարական տվեցին։

Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն «Բարսայի» նախագահի պաշտոնում եղել է 2014 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը։ Նա հրաժարական տվեց, ինչից հետո նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնք տեղի են ունենալու սույն թվականի մարտի 7-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023