Weekend-ը լի է լինելու ֆանտաստիկ հանդիպումներով

Weekend-ը լի է լինելու ֆանտաստիկ հանդիպումներով

09/11/2019 - 14:40

Հավաքականների խաղերով պայմանավորված՝ այս weekend-ից հետո ակումբային ֆուտբոլը կգնա երկշաբաթյա դադարի։ Սակայն, նախքան դադարը մեզ գերհետաքրքիր հանդիպումներ են սպասվում, որոնք կվերլուծենք միասին։ Գնացինք։

ԱՊԼ

«Չելսի» – «Քրիստալ Փելես»՝ 9․11, 16։30, «Հ2» հեռուստաընկերություն

Անգլիական պրեմիեր լիգայի շրջանակներում փայլող Լեմպսի սաներն այսօր հերթական քննությունը կհանձնեն «Սթեմֆորդ Բրիջում»՝ մրցելով «Քրիստալ Փելեսի» դեմ։ Նախորդ հինգ խաղերում «կապույտները» տարել են նույնքան հաղթանակ և վստահոերեն ամրապնդվել են Չեմպիոնների լիգայի գոտում՝ գերազանցելով «Արսենալին» 6 միավոր։ Այսօր «ազնվականները» պետք է փորձեն ավելի ամրապնդեն իրենց դիրքերը, քանի որ 3-րդ ու 5-րդ հորիզոնականում գտվնող «Լեսթերն» ու «Արսենալը» մրցելու են միմյանց դեմ։

Կանխատեսում՝ «Չելսիի» հաղթանակ։

«Լեսթեր» – «Արսենալ»՝ 9․11, 21։30, «Հ2» հեռուստաընկերություն

Մյուս «կապույտները»՝ «Լեսթերը», այս մրցաշրջանի իսկական բացահայտումն են։ «Աղվեսները», այս մրցարջանում 11 խաղերից հետո, նույնիսկ, 1 միավոր ավելի շատ են հավաքել, քան չեմպիոնական մրցաշրջանում նույնքան խաղից հետո։ Բրենդան Ռոջերսի սաներին չի կարելի համարել չեմպիոնական մրցավազքի մասնակից, սակայն հաշվի առնելով, «Արսենալի», «Տոտենհեմի», ինչպես նաև «Մանչեսթեր Յունյաթեդի» անկայուն ելույթներն, ապա «Լեսթերն», այսպես շարունակելով, դառնում է ՉԼ չորրորդ ուղեգրի գլխավոր հավակնորդը։ Իսկ բազմաթիվ խնդիրներ ունեցող «Արսենալը», չի կարողանում ուշքի գալ։ «Արսենալում» խնդիրներն այնքան ակնհայտ են, որ նույնիսկ թիմի ավագ Գրանիտ Ջական բացահայտ ցույց է տալիս, որ չի ցանկանում խաղալ այդ թիմում։ Ունայի Էմերին կարծես թե ակումբում կորցրել է կառավարման թելը։

Կանխատեսում՝ «Լեսթերի» հաղթանակ

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 10․11, 20։30, «Հ2» հեռուստաընկերություն

Դե իսկ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա լեգենդար «Էնֆլիդում», որտեղ կմրցեն առաջնության առաջատարներ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Առաջին հայացքից հանդիպման ֆավորիտը Յուրգեն Կլոպպի սաներն են, քանի որ «քաղաքայինների» կազմից բազմաթիվ խաղացողներ բացակայելու են տարբեր պատճառներով։ «Սիթիի» կազմում խաղը բաց կթողնեն այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Էդերսոնը, Էմերիկ Լապորտը, Լերոյ Սանեն, Դավիդ Սիլվան, Ալեքսանդր Զինչենկոն, Ռոդրիգոն, և բոլորին էլ կարելի է համարել մեկնարկային կազմի խաղացողներ։ Սակայն, հաշվի առնելով, «Սիթիի» երկար պահեստայինների նստարանը և Գվարդիոլայի դժվար իրավիճակներից դուրս գալու ունակությունը, ապա թիմերի շանսերը կրկին հավասարվում են։ Իսկ «Լիվերին» վերջերս առաջնությունում հաղթանակները տրվում են բավականին մեծ դժվարությամբ։

Կանխատեսում՝ ոչ-ոքի։

Լա Լիգա

«Էյբար» – «Ռեալ Մադրիդ»՝ 9․11․ 21։30, «Կենտրոն» հեռուստաընկերություն

Առաջատարների թվում ընթացող «Ռեալը» կհյուրընկալվի այս մրցարջանում կամային հատկանիշներ դրսևորող «Էյբարին», որը հասցրել է մի շարք տպավորիչ հաղթանակներ տանել այս մրցաշրջանում։ «Գալաթասարային» 6։0 հաշվով ջախջախելուց հետո, դժվար է պատկերացնել, որ «Ռեալը» կարող է խնդիրներ ունենալ «Էյբարի» դեմ խաղում, սակայն Զիդանի թիմում ամեն ինչ չէ, որ գտնվում է իդեալական վիճակում, հատկապես դաշտի կենտրոնում ևպաշտպանությունում, իսկ ինչպես գիտենք, «Էյբարի» կարգի թիմերը սեփական հարկի տակ գերմոտիվացված են խաղում «Ռեալի» և «Բարսայի» դեմ։

Կանխատեսում՝ «Ռեալի» հաղթանակ։

«Բարսելոնա» – «Սելտա»՝ 9․11, 23։55, «Կենտրոն» հեռուստաընկերություն

Ակնհայտ է, որ Էռնեստո Վալվերդեի խաղային պլանն այս մրցաշրջանում տալիս է ավելի շատ թերացումներ։ Վալվերդեի սաները չեն կարողանում գտնել այն մարզավիճակը, որը նրանց ցանկացած մրցակցի նկատմամբ կտա թե՛ հոգեբանական, թե՛ խաղային առավելություն։ Կատալոնացիները պատեհ-անպատեհ միավորներ են բաժանում հատկապես արտագնա հանդիպումներում։ Իսկ «Նոու Կամպ» մարզադաշտում ոչ միշտ են հաղթանակները տրվում հեշտությամբ, սակայն այս մրցաշրջանում սեփական հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներում «կապտանռնագույնները» տարել են 6 հաղթանակ։ Միակ ոչ-ոքին գրանցվեց նախորդ երեքշաբթի օրը «Սլավիայի» դեմ հանդիպմանը։ Մրցաշրջանը բավականին անհաջող մեկնարկած «Սելտային» օդի ու ջրի նման հարկավոր են միավորներ, սակայն, հաշվի առնելով, որ գալիսիական ակումբը վերջին 4 հանդիպումներում կրել է նույնքան պարտություն, այսօր հյուրերի համար բավականին դժվար է լինելու թեկուզ մեկ միավոր վաստակել։

Կանխատեսում՝ «Բարսայի» հաղթանակ։

«Բետիս» – «Սևիլիա»՝ 10․11, 23։55

Միանշանակ Լա Լիգայի տուրի կենտրոնական հանդիպումը կարելի է համարել միշտ թեժ պայքարում անցնող անդալուզական դերբին։ Այս երկու թիմերը, անկախ մրցաշարային աղյուսակում զբաեցրած իրենց դիրքից, միշտ գոլառատ ներկայացումներ են պատրաստում իրենց երկրպագուների համար։ Թիմերի միջև կայացած վերջին 5 հանդիպումներից չորսում նվազագույնը խփվել է 3 գնդակ։ Երկու թիմերի մարզավիճակները գնահատելով՝ սպասվող հանդիպումը նույնպես չի բացառում լինել գոլառատ։

Կանխատեսում՝ անզիջում պայքար, գոլառատ հանդիպում։

Ա Սերիա

«Ինտեր» – «Վերոնա»՝ 9․11, 21։00

Երկրորդ հորիզոնականում գտնվող «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի այս մրցաշրջանում հաճելիորեն զարմացնող «Վերոնայի» դեմ, որը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Անտոնիո Կոնտեի սաները, եթե ցանկանում են մնալ չեմպիոնական պայքարում, այսօր անպայման պետք է կոտրեն Իվան Յուրիչի սաների դիմադրությունը, ով կարողացել է միջակ թիմից ստանալ բավականին ամուր կորիզ։

Կանխատեսում՝ «Ինտերի» հաղթանակ

«Պարմա» – «Ռոմա»՝ 10․11, 21։00, «Արմենիա» հեռուստաընկերություն

Մրցաշրջանը անհաջող մեկնարկած հռոմեական ակումբը կարծես թե շտկում է իրավիճակը և ներկա պահին զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Ենթադրելի էր, որ Պաուլո Ֆոնսեկայի թիմը գլխավորելուց հետո, թիմին որոշակի ժամանակ էր անհրաժեշտ լինելու նոր խաղային սխեմային հարմարվելու համար։ «Ռոման» վերջին խաղերում նույնիսկ իր անմիջական և սկզբունքային մրցակիցների նկատմամբ հաղթանակներ տարավ՝ «Միլանի» և «Նապոլիի»։ Սակայն, այս հաղում «գայլերին» մրցակցի հարկի տակ, իրոք, լուրջ փորձություն է սպասվում, քանի «Պարման» հեշտ միավորներ բաժանողներից չէ՝ այն էլ սեփական հարկի տակ։

Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում հանդիպումը բաց կթողնի դեռևս վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանը

Կանխատեսում՝ ոչ-ոքի

«Յուվենտուս» – «Միլան` 10.11, 23:45

12-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում իրար դեմ կմրցեն իտալական երբեմնի ամենահզոր ակումբներից երկուսը։ «Ալյանց» մարզադաշտում «Յուվեն» կընդունի «Միլանին»։ Որքան էլ այս մրցաշրջանում«Յուվեին» հաղթանակները տրվում են չափազանց մեծ տառապանքով, միևնույնն է այս խաղում ֆավորիտը «Ծեր Սենիոռան» է։ Հատկապես ֆավորիտի կարգավիճակ է «Յուվեին» տալիս նաև այն փաստը, որ մրցակիցների միջև կայացած վերջին 8 հանդիպումներում հաղթել են հենց թուրինցիները։ Իսկ «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին դեռևս փնտրտուքների մեջ է և չի կարողանում թիմի համար գտնել այն խաղային սխեման, որն ամենահարմարը կլինի։

Կանխատեսում՝ «Յուվեի» հաղթանակ

Բունդեսլիգա

«Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ»՝ 9․11, 21։30

Բունդեսլիգայում խառնաշփոթը շարունակվում է։ Առաջատարների անկայուն ելույթներից մի շարք թիմեր օգտվելով՝ կարողացել են նույնիսկ շրջանցել նրանց։ Իսկ առաջնության առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիան» 9-րդ հորիզոնականում գտնվող «Վոլֆսբուրգին» գերազանցում է ընդամենը 5 միավորով։

«Բավարիան» առաջնությանում Նիկո Կովաչի հեռացումից հետո իր առաջին հանդիպումը կանցկացնի։ Մյունխենցիների գործերն ներկա պահին այնքան վատ են առաջնությունում, որ նույնիսկ, չեն գտնվում չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող գոտում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ Չորեքշաբի օրը տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի՝ «Օլիմպիակոսի» դեմ հանդիպմանը մյունխենցիների գործողությունները պահեստայինների նստարանից ղեկավարում էր Կովաչի օգնականներից Հանս-Դիտեր Ֆլիկը, ում գլխավորությամբ բավարական ակումբը հաղթեց 2։0 հաշվով։

Դորտմունդի «Բորուսիան» չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսը պարզապես ֆանտաստիկ անցկացրեց՝ տանելով անհավանական, գերկամային 3։2 հաշվով հաղթանակ։ Ճիշտ է՝ Լուսիեն Ֆավրի սաները առաջնությունում կրել են ընդամենը 1 պարտություն, սակայն, միևնույնն է, շատ են միավորներ բաժանում այնտեղ, որտեղ պարզապես դժվար է պատկերացնել դա։ Հաշվի առնելով թիմերի ներկա խաղային վիճակը, այս խաղի վերաբերյալ կատարել որևէ կանխատեսում բավականին դժվար է, սակայն, ըստ երևույթին, կգրանցվի արդյունավետ ոչ-ոքի։

Կանխատեսում՝ ոչ-ոքի։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023