Յունայթեդը կողմնորոշվել է, թե ով է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու Ռանգնիկին

Յունայթեդը կողմնորոշվել է, թե ով է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու Ռանգնիկին

07/04/2022 - 15:26

Ինչպես հայտնի է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժ/պ Ռալֆ Ռանգնիկը լքելու է զբաղեցրած պաշտոնն ու դառնալու է ակումբի ղեկավարության խորհրդականը։

Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մանկունյական ակումբը կողմնորոշվել է, թե ով է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու գերմանացի մասնագետին։

Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաների» ընտրությունը կանգ է առել Էրիկ Տեն Հագի վրա, ով ներկայումս մարզում է «Այաքսը»։

Հոլանդացի մասնագետը շաբաթներ առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ ակնարկել էր, որ պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», ինչից հետո մանկունյական ակումբի ղեվարությունը քայլեր է ձեռնարկում նրա հետ վերջնական համաձայնության հասնելու համար։

Ռոմանոն գրում է, որ Տեն Հագն այժմ առավել քան մոտ է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելուն։

Նշվում է, որ ներկա պահին կողմերը քննարկում են մանկունյական ակումբի հետագա երկարաժամկետ ծրագրերը, որոշում են տրանսֆերային նպատակներն ու դրա համար նախատեսվող գումարի չափը։

Հաղորդվում է, որ Տեն Հագի ու «Այաքսի» միջև գործող պայմանագրում կա նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 2 մլն եվրո, սակայն դա չի կարող խնդիրներ ստեղծել «ՄՅՈՒ»-ի ղեկավարների համար, եթե նրանք վերջնական համաձայնության հասնեն հոլանդացի մասնագետի հետ։

Էրիկ Տեն Հագին նաև այլ ակումբներ են ցանկանում տեսնել իրենց ղեկին, սակայն 52-ամյա մասնագետի հիմնական նպատակը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաները» դիտարկում են նաև Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելու տարբերակը, սակայն արգենտինացի մասնագետը ՊՍԺ-ն լքելու հարցում դեռևս չի շատապում ու մտադիր է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը։

Հավելենք, որ Էրիկ Տեն Հագը 2017 թ. դեկտեմբերից մարզում է «Այաքսը»։ Ամստերդամը ներկայացնող ակումբը նրա գլխավորությամբ երկուական անգամ դարձել է Էրեդիվիզիայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր, մեկ անգամ էլ` Սուպերգավաթակիր։

Հոլանդացի մասնագետը մարզել է նաև «Տվենտեի» Մ-17-ն ու Մ-19-ը, «Գո Ըհեդ Իգլսը», «Բավարիա II»-ը, «Ուտրեխտը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023