Միլանը վերադառնում է. Ընթերցողի կարծիք

Միլանը վերադառնում է. Ընթերցողի կարծիք

06/03/2019 - 12:48

Ընթերցողի կարծիք բաժնում շարունակում ենք ներկայացնել մեր ընթերցողների կողմից գրված և մեզ ուղարկված նյութերը: Այս անգամ հրապարակման ենք պատրաստել Հայկ Հարությունյանի «Միլանը վերադառնում է» վերնագրով հոդվածը.

Միլանը Վերադառնում է. սա լավագույն Միլանն է Անչելոտիից հետո

«Մեծ ցանկությունը և համառությունը կարող են միջակությանը դարձնել հանճարեղ, իսկ անտարբերությունը և ալարկոտությունը հանճարեղին կվերածեն միջակության». Ուիլիամ Արթուր Ուորդ

Վերջին տասնամյակի ընթացքում «Միլանի» հետ տեղի ունեցավ, թերևս, ամենասարսափելին. ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբներից մեկը աստիճանաբար վերածվեց միջակության։ Մի պահ ուղղակի պատկերացրեք Սթիվ Ջոբսին ալյումինի գործարանում աշխատելիս և անմիջապես կհասկանաք ողբերգությունը իր ամբողջ խորությամբ։ Թե ինչ էր կատարվում «Միլանում» վերջին տասնամյակի ընթացքում, մեկ բառով կարելի է կոչել տրագիկոմեդիա։ Եվ մենք միասին կփորձենք վերհիշել այդ տարիները, որոնք յուրաքանչյուր միլանիստ ցանկանում է մոռանալ։

2009-2014. Լեոնարդո, Մասիմիլիանո Ալեգրի

Համաշխարհային ճգնաժամը իր մեծ հետ հետքը թողեց իտալական ֆուտբոլի վրա։ Մեկը մյուսին կալչիոն լքում էին համաշխարհային ֆուտբոլի աստղերը, իսկ Իտալիայի գլխավոր տաղանդներ էին համարվում Մարիո Բալոտելին և Սեբաստիանո Ջիովինկոն։ Նման պայմաններում ծերացող «Միլանը» օր օրի դառնում էր ավելի խոցելի։ Ամեն ինչ սկսվեց դեռ 2009 թվականին, երբ Կակայի փոխարեն Իտալիայի հյուսիս տեղափոխվեց Կլաս Յան Հունտելաարը։ 2011 թվականի Ալեգրիի նվաճած սկուդետոն ամենախաբուսիկ հաջողությունն է, որը եղել է այս տարիների ընթացքում։ Այդ Միլանի հենասյունն էին Զեդորֆը, Նեստան, Ձամբրատան, Գատոզոն և մնացածը, որոնք էլ ընդամենը մեկ տարի անց կավարտեն իրենց կարիերան։ Այս ամենի հետ մեկտեղ մենեջմենթի սխալները, որոնք Միլանը լցնում էին միջակ և անհեռանկարային ֆուտբոլիստներով։ Ամենատիպիկ օրինակը Անդրեա Պիրլոին անվճար «Յուվենտուսին» զիջելն էր և նրա փոխարեն Ուրբի Էմանուելսոնի ձեռքբերումը։ Իսկ Իբրահիմովիչի և Տիագո Սիլվայի վաճառքից հետո «Միլանը» վերջնականապես պատրաստվեց վայրեջքի։ Ընդհանուր առմամբ, միայն բարձր գնահատական կարելի է տալ Ալեգրիի կատարած աշխատանքին: Նույնիսկ երբ թիմում կառուցողական միակ ֆուտբոլիստը Կևին Պրինց Բոատենգն էր, նա կարողանում էր Միլանին պահել եվրոպական ֆուտբոլի հորիզոնում։

2014-2018. Միխայլովիչ, Բրոկի, Մոնտելլա, Զեեդորֆ, Ինձագի

Սա «Միլանի» նորագույն պատմության ամենաամոթալի էջն է, որը պետք է փակել մեկընդմիշտ։ Ռոսոներիները վերջնականապես վերածվեցին ֆուտբոլային միջակության։ «Միլանը» կորցրեց իր բոլոր ամբիցիաները և նույնիսկ թիմի նախկին լեգենդներին գլխավոր մարզիչ նշանակելու խղճուկ փորձերը չեին կարող փրկել Բեռլուսկոնիին և Գալիանիին վերջնական խորտակումից։ Երբ Ռիկարդո Մոնտոլիվոն և Քրիստան Աբատեն կապում էին այն ավագի թևկապը, որոնցով Բարեզին և Մալդինին մեկը մյուսի հետևից բարձրացնում էին Չեմպիոնների լիգայի գավաթը, երբ թիմը վաճառում են ինչ որ անհայտ չինացիների և որոնք էլ իրենց հերթին, այն որպես գրավ թողնում են բանկին, սա նմանվում ուղղակի քաոսի…։

2018. Լեոնարդո, Մալդինի, Գատուզո

Այսօրվա «Միլանը» այլևս գործարանային բանվոր չէ, որն աշխատում է օրվա հացի համար։ Այսօրվա «Միլանը» ոչ էլ Իլոն Մասկն է, ով եկել է փոխելու աշխարհը։ Այսօրվա Միլանը նման է պատանի հանճարի, որը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց միևնույն ժամանակ ունի թե՛ ցանկություն, թե՛ տաղանդ և թե պոտենցիալ շրջելու աշխարհը։ Պաուլո Մալդինին, Լեոնարդոն և Ջենարո Գատոզոն եկել են, որպեսզի վերադարձնեն «Միլանին» երբեմնի փառքը։ Ոչ ոք ավելի լավ չի կարող հասկանալ սև և կարմիր գույների ամբողջ մեծությունը, որքան այս եռյակը։

Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ Ուսման Դեմբելեի տրանսֆերային արժեքը 100 միլլիոն եվրո է, Իսկ Կեպայինը՝ 80։ Նման պարագայում միլիոնների հաշվին թիմ կառուցելու հավանականությունը հավասարվում է զրոյի, նույնիսկ եթե այդ միլիոնները քեզ համար խնդիր չեն։ Ի՞նչ կարելի է անել 55 միլիոն եվրոյով. գնել Լուկակուի մեկ ո՞տքը, երկու տարի աշխատավարձ տալ Սանչեսի՞ն, կամ ավելացնել ևս 50 միլլիոն և գնել 34 ամյա Ռոնալդուի՞ն. ո՛չ, կարելի մեկ ամսվա ընթացքում գնել Եվրոպայի ամենահեռանկարային հարձակվողներից մեկին՝ Կշիշտոֆ Պյոնտեկին և գնել նույնպես հեռանկարային Լուկաս Պակետային։ Այսօր «Միլան» վերջապես նմանվել է ինքն իրեն։ Դոնարուման, Կալդարան, թիմի ավագ Ռոմանյոլին, ում աչքերում կարելի է տեսնել նույն կրակը , որը վառվում էր երիտասարդ Նեստայի աչքերում։ Լուկաս Պակետան, ով հիշեցնում է պատանի Կակային, և վերջապես Պյոնտեկը, ով կարծես նոր է տեղափոխվել Կիևի «Դինամոյից» և եկել է իր անունը ոսկե տառերով գրելու Կալչիոյի պատմության մեջ…։

Ներկա պահին անիմաստ է խոսել տակտիկայի, Գատուզոյի մարզչական ունակությունների մասին, վերլուծություններ անել Ռոսոներիների խաղային գաղափարների վերաբերյալ։ Գատուզոյի տղաներին պետք է վերաբերվել նույնքան թափանցիկ և լիրիկական, որքան այս տեքստն է։ Մի բան հստակ է. «Միլանը» վերդառնում է, և դա պետք է պարզապես վայելել, ոչ թե ավելորդ հույսերով, նպատակներով, հախուռն վերլուծություններով, այլ մեկ գավաթ տոսկանական գինիով,,,:

Հայկ Հարությունյան

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023