Պաշտոնական. Կոդի Գակպոն կարիերան կշարունակի անգլիական գրանդի կազմում
Ինչպես տեղեկացնում է ՊՍՎ-ի պաշտոնական կայքը, ակումբը հարձակվող Կոդի Գակպոյի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ։
Էյնդհովենը ներկայացնող ակումբը նշել է, որ 23-ամյա ֆուտբոլիստի գործարքը վերջնական կայացած կլինի այն ժամանակ, երբ կողմերի միջև ստորագրվեն բոլոր փաստաթղթերը։
Աղբյուրի փոխանցմամբ` երկու ակումբներն էլ չեն բացահայտելու տրանսֆերի ֆինանսական կողմը, սակայն այն ՊՍՎ-ի համար ռեկորդային է լինելու։
Այդուհանդերձ, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին հաջողվել է պարզել, որ մերսիսայդյան ակումբը Գակպոյի դիմաց վճարելու է 55 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հաստատում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Գակպոն առաջիկա օրերին կմեկնի Անգլիա, բուժզննում կանցնի «Լիվերպուլի» համար, ինչից հետո կստորագրի նախապես համաձայնեցված պայմանագիրը։
Հավելենք, որ մինչ այս պահը ՊՍՎ-ն իր ամենաթանկարժեք վաճառքն իրականացրել էր 2019 թ. ամռանը, երբ «Նապոլին» Իրվինգ Լոսանոյի տրանսֆերի դիմաց հոլանդական ակումբին վճարեց 45 մլն եվրո։
Նշենք, որ Կոդի Գակպոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 34 խաղում դարձել է 18 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Օրնշտայն, Լիվերպուլ, Կոդի Գակպո, Նիկոլո Սկիրա, ՊՍՎ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո