Պորտուն փչացրեց «ազնվականների» տրամադրությունը, սակայն դա բավարար չէր 🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» մրցեց «Պորտուի» դեմ։
Ինչպես դիմակայության առաջին, այնպես էլ պատասխան հանդիպումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կայացավ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպման շրջանակում «ազնվականները» հաղթել էին 2։0 հաշվով։
Պատասխան հանդիպման առաջին խաղակեսը բավական հանգիստ պայքարում անցավ․ երկու թիմերն էլ գրեթե չէին ցանկանում ռիսկի դիմել։
Հատկանշական է, որ ողջ առաջին կեսում այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարեցին կողմերը և ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ թիմերն ակտիվություն ցույց չէի տալիս, իսկ հանդիպման առաջին դիպուկ հարվածը կայացավ միայն 65-րդ րոպեին, սակայն փոխարինման դուրս եկած «Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմիի հարվածից հետո լոնդոնյան ակումբի դարպասապահ Էդուարդ Մենդին փրկեց իր թիմին։
Խաղավարտին մոտ «Պորտուի» ֆուտբոլիստներն ակտիվացան և90+4-րդ րոպեին խփեցին հաղթական գնդակը․ աչքի ընկավ իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին, սակայն դա բավարար չեղավ հաջորդ փուլ դուրս գալու համար։ Հատկանշական է, որ Թարեմիի գոլը բավական գեղեցիկ ստացվեց․ նա մկրատաձև հարվածով գրավեց Մենդիի դարպասը։
Այսպիսով, «Պորտուն» հաղթեց 1։0 հաշվով, սակայն «թոշակառուներն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2։1 հաշվով՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/2 եզրափակչի ուղեգիր։
«Ազնվականները» մրցաշարի կիսաեզրափակչում կմրցեն «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողի դեմ, որի առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 3։1 հաշվով, իսկ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Մենդի, Թոմաս ՏՈւխել, Մեհդի Թարեմի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Սերժիո Կոնսեյսաու