21-ամյա անհայտ ֆուտբոլիստը փրկում է Յուվենտուսին լուրջ անակնկալից🎥
Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Ջենոայի» դեմ` հանդիպելով լուրջ դիմադրության։
Այս հանդիպմանը Անդրեա Պիռլոն մի շարք առաջատար ֆուտբոլիստների փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդների, սակայն, նույնիսկ այդ հանագամանքը չխանգարեց, որ «բյանկոներիները» խաղի մեծ մասում ունենան տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ 23-րդ րոպեի դրությամբ «Յուվեն» հաղթում էր արդեն 2։0 հաշվով․ գոլերի հեղինակներ էին դարձել Դեյան Կուլուսևսկին և Ալվարո Մորատան։
Նախքան ընդմիջման գնալը «Ջենոայի» ֆուտբոլիստները 28-րդ րոպեին Լենարտ-Մարտեն Չիբորայի գոլի շնորհիվ կրճատեցի հաշվի տարբերությունը։
Երկրորդ խաղակեսում թուրինյան ակումբը փորձեց հանգստացնել խաղը և մոտեցնել տրամաբանական ավարտին, սակայն դրա համար պատժվեց, քանի որ 74-րդ րոպեին Ֆիլիպո Մելեգոնին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ինչից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում «Յուվենտուսը» կրկին առավելություն ուներ, և 105-րդ րոպեին 21-ամյա թունիսցի կիսապաշտպան Համզա Ռաֆիան հաշիվը դարձրեց 3։2։
Ինչպես հետագայում պարզվեց, շատերի համար անծանոթ այդ երիտասարդ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգվեց Անդրեա Պիռլոյի սաներին։
Այսպիսով, «Յուվենտուսը» մեծ դժվարությամբ հաղթեց 3։2 հաշվով և Իտալիայի գավաթի խաղարկությունում պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում, որի շրջանակում կմրցի «Սասուոլո» – ՍՊԱԼ զույգի հաղթողի դեմ։
# Ալվարո Մորատա, Դեյան Կուլուսևսկի, Իտալիայի-Գավաթ, Լենարտ-Մարտեն Չիբորա, Համզա Ռաֆիա, Յուվենտուս, Ջենոա, ֆիլիպո Մելեգոնի