Կալվերտը, Ռիչարլիսոնն ու Խամեսը ներկայացում էին պատրաստել Վեսթ Բրոմի համար🎥
Մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Էվերտոնն» ու «Վեսթ Բրոմվիչը»։
Կառլո Անչելոտիի սաների համար հանդիպումը բավականին անհաջող սկսվեց, քանի որ արդեն 10-րդ րոպեին Մաթեուս Պերեյրայի փոխանցումից հետո Գրեյդի Դիագանան առաջ մղեց հյուրերին։
31-րդ րոպեին մերսիսայդյան ակումբը հավասարեցրեց հաշիվը։ Բավականին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, ով կրկնով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
Նախքան ընդմիջման գնալը 45-րդ րոպեին «կապույտներին» առաջ մղեց Խամես Ռոդրիգեսը, ով ակումբի կազմում խփեց իր առաջին գոլը, իսկ 45+2-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով․ կոպիտ խաղի համար կարմիր քարտով պատժվեց Կիրան Գիբսը։
Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով «Վեսթ Բրոմի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում կարողացան հաշիվը դարձնել 2։2։ 47-րդ րոպեին Մաթեուս Պերեյրան տուգանայինից կատարած հիանալի հարվածով հավասրեցրեց խաղի հաշիվը։
Բաց թողած երկրորդ գոլից հետո «Էվերտոնի» ֆուտբոլիստներն արագ ուշքի եկան և 54-66-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ ձևակերպով հանդիպման վերջնական հաշիվը՝ 5։2։ Այդ երեք գոլերից երկուսը գրանցվեց Կալվերտ-Լյուինի անվան դիմաց, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ այս խաղում, իսկ մեկ գոլ էլ խփեց կենտրոնական պաշտպան Մայքլ Քինը։
Հավելենք, որ հիանալի հանդիպում անցկացրեց նաև Ռիչարլիսոնը, ով աչքի ընկավ 2 գոլային փոխանցումով։
Այսպիսով, երկու խաղերից հետո «Էվերտոնը» վաստակեց 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Սլավեն Բիլիչի թիմը դեռևս որևէ միավոր չունի։
# ԱՊԼ, Դոմենիկ Կալվերտ-Լյուին, Էվերտոն, Խամես-Ռոդրիգես, Կառլո Անչելոտի, Մաթեուս Պերեյրա, Մայքլ Քին, Ռիչարլիսոն, Սլավեն Բիլիչ, Վեսթ Բրոմվիչ