Մեսսին անհավանական պայմանագիր է համաձայնեցրել Սիթիի ղեկավարների հետ
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է լքել ակումբը, իսկ նրա բոլոր քայլերը տանում են դեպի դրան։ Արգենտինացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, տեղեկատվություն տարածվեց, որ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այժմ գտնվում է Բարսելոնայում և հեռախոսազրույց է ունեցել Լեո Մեսսիի հետ՝ հորդորելով մնալ «Բարսելոնայում»։ Չնայած այդ հորդորներին՝ «Լուն» արդեն համաձայնության է հասել City Football Group-ի հետ, որին էլ պատկանում է «Մանչեսթեր Սիթին»։ Այդ մասին տեղեկացնում է Daily Record-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սիթիի» ղեկավարների հետ Մեսսին համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր։ Այդ ընթացքում Մեսսին կվաստակի 700 մլն եվրո։ Հավանական է, որ Լեո Մեսսին 3 տարի կանցացնի մանկունյական ակումբի կազմում, ինչից հետո ևս 2 տարի հանդես կգա ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի» ակումբում, որը նույնպես պատկանում է City Football Group-ին։
Այն աղբյուրը, որը մոտ է կանգնած այդ բանակցություններին, հաստատում է, որ City Football Group-ի սեփականատերերը արգենտինացի ֆուտբոլիստին առաջարկել աշխատավարձի փոխարեն մասնաբաժին ունենալ ընկերությունում, սակայն Լեոն կողմ է գումարային փոխհատուցմանը, քանի որ կարող են դժվարություններ առաջանալ այդ հոլդինգի բաժնեմասերի գնահտման հարցում։ Ըստ վերջին հաշվետվությունների՝ այն անձը կամ ընկերությունը, որը կցանկանա գնել CFG-ի ամբողջ բաժնեմասը, ստիպված կլինի վճարել 4․03 մլրդ եվրո։
Մեսսիի՝ «Սիթիի» տեղափոխության հավանականությունն էլ ավելի մեծացնում Պեպ Գվարդիոլայի հետ կրկին աշխատելու մոտիվացիան։ «Մեսսին կարծում է, որ Գվարդիոլայի գլխավորությամբ ցուցադրել է իր լավագույն ֆուտբոլը և ցանկանում է կրկնել այդ փորձը»,- փոխանցում է Daily Record-ը։
Եթե տեղափոխությունը կայանա, ապա Լեո Մեսսին կվաստակի 140 մլն եվրո աշխատավարձ, սակայն չի հստակեցվում՝ հարկերը ներառված են այդ առաջարկում, թե ոչ։
Վերջում հավելենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայում» ներկա պահին հարկերը չհաշված վաստակում է 100 մլն եվրո։
# City Football Group, Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ