«Ռեալը» պատրաստ է «Ման. Սիթիի» աստղին 4 տարվա պայմանագիր առաջարկել
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», գրում է Sky Sport-ը։
Հուլիսի 21-ին «Արքայական ակումբի» ներկայացուցիչները Մադրիդի ռեստորաններից մեկում հանդիպել են Իսպանիայի ազգային հավաքականի ավագի գործակալին։
«Լոս Բլանկոսը» պատրաստ է մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր առաջարկել 30-ամյա ֆուտբոլիստին։ Ռոդրիին ձեռք բերելը մադրիդյան գրանդի տրանսֆերային գլխավոր նպատակներից է։
Փորձառու ֆուտբոլիստը բազմիցս ակնարկել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք։ Իսպանացի կիսապաշտպանը դեռ չի շտապում երկարաձգել «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագիրը, որը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։
Հավանական տեղափոխության հարցում «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև դեռ բանակցություններ չեն սկսվել։ «Սերուցքայիններն» այժմ փորձում են սկզբունքային համաձայնության հասնել ֆուտբոլիստի հետ։
Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019թ. հուլիսից, 298 խաղում խփել է 28 գոլ, կատարել 32 ասիստ։ Նա իսպանական ակումբներից խաղացել է «Վիլյառեալում» և Մադրիդի «Ատլետիկոյում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ, Ռոդրի, տրանսֆերներ