«Վոլֆսբուրգը» 29 տարի անց դուրս մնաց Բունդեսլիգայից 🎥
«Պադերբորնը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր։
Անցումային փլեյ-օֆֆ-ի պատասպան խաղում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասը ներկայացնող ակումբը սեփական դաշտում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 2:1 հաշվով հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Վոլֆսբուրգին»։ Դիմակայության առաջին խաղում ակումբները գոլեր չէին խփել։
«Գայլերը» արդեն 3-րդ րոպեին Ջենան Պեյչինովիչի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ ու թվում էր, թե հեշտ հաղթանակ կտանեն։
Այդուհանդերձ, 14-րդ րոպեին Յոաքիմ Մելյեն երկրորդ դեղին քարտ ստացավ` 10 հոգով թողնելով հյուրերին։
Քանակական առավելություն ստացած «Պադերբորնը» 38-րդ րոպեին Ֆիլիպ Բիլբիայի ջանքերով խփեց պատասխան գոլը։
100-րդ րոպեին էլ Լաուրին Կուրդան խփեց Ռալֆ Կետեմանի գլխավորած թիմի հաղթական գնդակը։
«Պադերբորնը» Բունդեսլիգայում հանդես է եկել միայն 2014/15 և 2019/20 մրցաշրջաններում։ Երկու դեպքում էլ ակումբը զբաղեցրել է վերջին` 18-րդ տեղը և դուրս մնացել ուժեղագույնների խմբից։
«Վոլֆսբուրգը» 29 տարի անց դուրս մնաց Բունդեսլիգայից։ «Գայլերն» առաջին անգամ գլխավոր դիվիզիոն բարձրացել էին 1997/98 մրցաշրջանում ու մինչև օր պահում էին տեղը երկրի ուժեղագույն լիգայում։
Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասը ներկայացնող ակումբը 2009թ. դարձել է Գերմանիայի չեմպիոն, 2015թ.` գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml