ԿԴՀ-ի հավաքականին կարող է թույլ չտան մասնակցել ԱԱ-2026-ին
Ֆուտբոլի Կոնգոյի Դեմոկրատական ազգային հավաքականը լուրջ խնդրի առաջ է կանգնել, հայտնում է ESPN-ը։
Երկրում Էբոլայի համաճարակի բռնկման պատճառով հավաքականի ֆուտբոլիստներին կարող է թույլ չտան մուտք գործել ԱՄՆ ու մասնակցել աշխարհի 2026թ. առաջնությանը։
Սպիտակ տան` ԱԱ-2026-ի հարցերով աշխատանքային խմբի գործադիր տնօրեն Էնդրյու Ջուլիանիի խոսքով՝ ԿԴՀ-ի հավաքականի բոլոր անդամեները Բելգիայում պետք է մեկուսացման շրջան անցնեն։
Նախքան մրցաշարի մեկնարկը ԿԴՀ-ն Բելգիայում ծրագրում է ուսումնամարզական հավաք և ընկերական հանդիպումներ անցկացնել։
«Մենք ԿԴՀ-ի ներկայացուցիչներին հստակ ծանուցել ենք, որ մինչև Հյուսթոն ժամանելը հավաքականի անձնակազմի բոլոր անդամները պետք է 21-օրյա կարանտին պահեն։ Նույնը վերաբերում է նաև երկրի կառավարության անդամներին, որոնք ծրագրում ներկա լինել մրցաշարին։ Հակառակ դեպքում նրանք ռիսկի են դիմում չհայտնվել ԱՄՆ-ում։
Մենք շատ հստակ ենք արտահայտվել և ցանկանում ենք համոզված լինել, որ այդ վիրուսը չի տարածվի ԱՄՆ-ի սահմանից ներս»,- ասել է Ջուլիանին։
Ավելի վաղ ԿԴՀ-ի հավաքականն Էբոլայի համաճարակի պատճառով չեղարկել է երկրի մայրաքաղաք Կինշասայում նախատեսված հավաքը։
Հիշեցնենք, որ «Ընձառյուծներն» աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել են 52 տարի անց։ Աֆրիկյան հավաքականը մասնակցել է միայն աշխարհի 1974թ. առաջնությանը։
Կոնգոյի Դեմոկրատական հավաքականում է հանդես գալիս նաև Հայաստանի չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Թիմոթի Ֆայուլու, ԿԴՀ-ի հավաքական, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքական, Մունդիալ-2026