ՉԼ-ում ամենաշատ սեյվ կատարած դարպասապահը Նորվեգիայի քաղաքացիություն է ստացել 📸
«Բուդյո Գլիմտի» դարպասապահ Նիկիտիա Հայկինը սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով, որ Նորվեգիայի քաղաքացիություն է ստացել։
«2019թ. երբ եկա Նորվեգիա, չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում։ Այդ ժամանակից ի վեր թիմի և մեզ շրջապատող մարդկանց հետ այստեղ շատ բան եմ վերապրել` տիտղոսների համար պայքարելուց մինչև Եվրոպայում կախարդական երեկոներ անցկացնելը, իսկ վերջերս Չեմպիոնների լիգայում հասանք 1/8 եզրափակիչ։ Դա անհավանական ճանապարհ է, և մեծ նշանակություն ունի ինձ համար։
Բուդյոն և Նորվեգիան դարձել են իմ տունը։ Նավահանգիստը, ամառային լուսավոր երեկոները, հյուսիսափայլը, մարդիկ և, ամենակարևորը` այն հանգստությունը, որը այստեղ գտել եմ։
Անչափ երախտապարտ եմ, որ այժմ Նորվեգիայի քաղաքացի եմ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ ու եղել են այս ճանապարհի մի մասնիկը»,- գրել է 30-ամյա դարպասապահը։
Ռուս դարպասապահը «Բուդյո Գլիմտում» հանդես է գալիս 2023թ. մարտից։ Նա ակումբում խաղացել է նաև 2019-23 թվականներին և, ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն, մարզական քաղաքացիությունը փոխելու իրավունք ուներ։ Հայկինը նորվեգական ակումբում 261 խաղից 90-ում դարպասն անառիկ է պահել։
Ֆուտբոլիստը ծնվել է Իսրայելի Նեթանյա քաղաքում։ Նա ունի նաև Իսրայելի, Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։
Հայկինը մեկ անգամ հրավիրվել է Ռուսաստանի հավաքական, բայց այդպես էլ նորամուտը չի նշել ազգային թիմում։ Դարպասապահը խաղացել է ռուսների Մ16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում։
Ակնկալվում է, որ Հայկինը կհրավիրվի Նորվեգիայի ազգային հավաքական` մասնակցելու աշխարհի 2026թ. առաջնությանը։
Հավելենք, որ Հայկինը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բուդյո Գլիմտի» կազմում 68 սեյվ է կատարել և այդ ցուցանիշով մեծ առավելությամբ լավագույն դարպասապահն է։ Նրան հաջորդող Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ») 56 սեյվ է գրանցել։
Տվյալները` ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բուդե Գլիմպտ, Մունդիալ-2026, Նիկիտա Հայկին, Նորվեգիայի հավաքական, Չեմպիոնների-լիգա, Ռուսաստանի հավաքական