Պաշտոնական. Ֆինալիսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը չեղարկվեց
Ֆինալիսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման պատճառով չի կայանա, հաստատում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«ՈՒԵՖԱ-ի և հանդիպման կազմակերպիչների միջև երկարատև քննարկումներից հետո այսօր հայտարարվեց, որ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի և Ամերիկայի գավաթիր Արգենտինայի միջև վճռորոշ խաղը չի կարող տեղի ունենալ Կատարում մարտի 27-ին, ինչպես նախատեսված էր։
ՈՒԵՖԱ-ի և կազմակերպիչների համար մեծ հիասթափություն է, որ հանգամանքները զրկեցին թիմերին այս հեղինակավոր մրցանակի համար պայքարելու հնարավորությունից Կատարում՝ մի երկրում, որը բազմիցս ցույց է տվել իր կարողությունը՝ հյուրընկալելու համաշխարհային մակարդակի միջազգային մրցումներ ժամանակակից բոլոր լուծումներով:
ՈՒԵՖԱ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում կազմկոմիտեին և Կատարի իշխանություններին խաղը հյուրընկալելու ջանքերի և տարածաշրջանում խաղաղության վերականգնման քայլերի համար։
ՈՒԵՖԱ-ն դիտարկել է նաև հանդիպման անցկացման հնարավոր այլընտրանքներ, բայց դրանցից յուրաքանչյուրը, ի վերջո, անընդունելի դարձավ Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի համար։
Առաջին տարբերակը խաղը նախապես որոշված ամսաթվին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում անցկացնելն էր՝ տրիբունաներում հավասար քանակի երկրպագուներով (50-50)։ Սա կապահովեր համաշխարհային մակարդակի պայմաններ, որոնք արժանի էին նման հեղինակավոր միջոցառման, սակայն Արգենտինան հրաժարվեց։
Երկրորդ տարբերակը երկու մրցավեճով դիմակայությունն էր, որի առաջին հանդիպումը պետք է կայանար Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մարտի 27-ին, իսկ մյուս խաղը` Եվրո-2028-ից ու Կոպա Ամերիկա-2028-ից առաջ Բուենոս Այրեսում։ Այդ տարբերակը ևս մերժվեց։
Տվյալ դեպքում ՈՒԵՖԱ-ն Արգենտինայից պահանջեց նախապես որոշված մարտի 27-ի համար Եվրոպայում հանդիպման անցկացման համար վայր գտնել։ Այլընտրանքային ամսաթիվ էր առաջարկվել մարտի 30-ը, բայց այդ տարբերակը նույնպես մերժվեց։
Արգենտինան առաջարկում էր հանդիպումն անցկացնել ԱԱ-2026-ից հետո, բայց, քանի որ, Իսպանիայի հավաքականն ազատ օր չուներ, այդ տարբերակն էլ բացառվեց։
Արգենտինան հայտարարեց մարտի 31-ին հանդիպման մասնակցության պատրաստակամության մասին, որը, սակայն, նույնպես ահնար էր։ Արդյունքում, ցավոք, ՈՒԵՖԱ-ն որոշեց չեղարկել Ֆինալիսիմայի հանդիպումը։
ՈՒԵՖԱ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբին, կազմկոմիտեին և Կատարի իշխանություններին այս խաղի կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։ «Ռեալ Մադրիդի» դեպքում նրանց ջանքերը ձեռնարկվել են չափազանց սեղմ ժամկետներում:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային ճկունության և ողջ գործընթացի ընթացքում առաջարկվող բոլոր տարբերակներին հարմարվելու պատրաստակամության համար»,- նշված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Արգենտինա – Իսպանիա հանդիպումը պետք է կայանար մարտի 27-ին Կատարի մայրաքաղաք Դոհայի «Լուսայիլ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, ՈւԵՖԱ, Ֆինալիսիմա