Սունես. «Ռեշֆորդը փտած խնձոր է և վնասում է Ման. Յունայթեդին»
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Գրեմ Սունեսը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին.
«Տեսնելով, թե ինչպես է անկում ապրում Մարկուս Ռեշֆորդի կարիերան` չեմ կարող չհիշել «Լիվերպուլի» հանդերձարանը, որի մի մասնիկն էի նաև ես, և չեմ կարող չհիշել, թե մենք ինչ կասեինք նման պահվածքի համար մեր թիմակիցներին։
Վստահեցնում եմ ձեզ` մենք ոչ ոքի թույլ չէինք տա իրեն պահել այդպես։ Նրան պարզապես կսպանեին։ Նրան բոլորը կանվանեին «ապուշ»։
Կարծում եմ` նույն կերպ կարձագանքեին նաև Սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում։ Նախինում Ռեշֆորդն իրեն չէր կարող այդպես պահել, քանի որ ակումբի առաջատարները նրան ցույց կտային իր տեղը։ Ֆերգին նույնպես չէր կարող հանդուրժել այդ ամենը։
Ռեշֆորդի եղբայրները նրա գործակալներն են։ Այդ տղաները պետք է կանգնեցնեն նրան, թույլ չտան անել հիմար արարքներ և ասեն, որ իրեն ապուշի պես է պահում, բայց կարծես թե նրանց դուր է գալիս Մարկուսի ապրելակերպը։ Նրանք ամեն ուր մեկնում են մասնավոր ինքնաթիռով։
Եթե Ռեշֆորդը չի լսում իր եղբայրներին, ապա նրանք պետք է հեռանան և ասեն. «Կարծում ենք` դու պետք է այնպիսի մարդու հետ աշխատես, ով հոգ կտանի քո մասին»։
Ես արդեն տևական ժամանակ է նկատել եմ, որ Ռեշֆորդը խաղադաշտում երջանիկ չէ։ Տպավորություն է, թե ֆուտբոլը նրա համար խնդիր է և բեռ։ Կարող եմ նրան վստահեցնել, որ ժամանակն ու տարիներն արագ են անցնում. չէ՞ որ ֆուտբոլիստի կյանքը շատ կարճ է։
Ռեշֆորդը տաղանդավոր երիտասարդ է իր ծաղկման շրջանում և պետք է մոտենա իր լավագույն մարզավիճակին:
Նա հանդես է գալիս բավական գլամուր ակումբում և Անգլիայի հավաքականում։ Առջևում նրան սպասվում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններ։ Շատերը կարծում են, թե կարիերան հավերժ է, սակայն դա այդպես չէ։
Ռեշֆորդը պետք է վերականգնվի և մտածի, թե ում է լսում։ Ռեշֆորդին անհրաժեշտ է այնպիսի մարդ, ով կօգնի նրան ճիշտ քայլեր կատարել և իրապես վայելել ժամանակը։
Դրա փոխարեն, թվում է, թե Ռեշֆորդին շրջապատում են մարդիկ, որոնք նրա գլուխը լցնում են այնպիսի բաներով, ինչպիսիք են. «Մենք կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք»: Նրան հիմա ճիշտ խորհուրդներ չեն տալիս։
Նա շարունակում է իրեն պահել 19 տարեկան երեխայի պես, ով շատ փող ունի։
Մենք Ռեշֆորդին շարունակո՞ւմ ենք համարել «թոփ ֆուտբոլիստ», երբ նա ընդամենը մեկ լավ մրցաշրջան է անցկացրել 2016 թվականին 18 տարեկան հասակում։ Ես խստորեն խորհուրդ կտայի չանել դա:
Ես թոփ ֆուտբոլիստ համարում եմ նրան, ով յուրաքանչյուր խաղում ներդնում է ողջ ուժերը, 10 խաղից նվազագույնը 7-ում արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում։ Ռեշֆորդը ներկա պահին շատ հաճախ է անախորժությունների մեջ հայտնվում։
Այժմ «Ման. Յունայթեդին» անհրաժեշտ է Ռեշֆորդի լավագույն տարբերակը, իսկ նրանք ունեն միայն վատագույնը` մի ֆուտբոլիստի, ով դաշտի սահմաններից դուրս վատ արարքներ է թույլ տալիս և Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է ընդամենը 5 գոլ։ Նա ինքն իրեն, պարզապես, հնարավորություն չի տալիս` դաշտում կատարել լավ աշխատանք։
Եթե Ռեշֆորդն այսպես շարունակի, լուրջ վնաս կհասցնի «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանին։ Սա, միգուցե, շատ կոպիտ հնչի, սակայն Ռեշֆորդը փտած խնձոր է և վնասում է ակումբին։
Հանդերձարանում Ռեշֆորդը, միանշանակ, կունենա ընկերներ, սակայն նրանք կնայեն նրան և կմտածեն. «Արյդո՞ք ցանկանում ենք` նման ֆուտբոլիստը մեզ հետ հանդես գա»»,- գրել է Սունեսը Daily Mail-ի իր սյունյակում։
Նշենք, որ օրեր առաջ Daily Mail-ը հայտնել էր, որ Մարկուս Ռեշֆորդը եղել է Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի գիշերային ակումբներից մեկում, ինչից հետո հաջորդ օրը բաց է թողել «Ման. Յունայթեդի» մարզումը։
Այդ ամենը քննարկումների լուրջ առիթ դարձավ. «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը 26-ամյա ֆուտբոլիստին, նույնիսկ, դուրս թողեց Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Նյուփորթի» դեմ հանդիպման (4:2) հայտացուցակից։
Հավելենք, որ անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գրեմ Սունես, Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ