Ռոնալդ Արաուխոն չի շտապում երկարաձգել պայմանագիրը Բարսելոնայի հետ
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ուրուգվայցի պաշտպանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «բլաուգրանայի» հետ, որն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը փորձում անել ամեն ինչ, որպեսզի 24-ամյա պաշտպանին պահի իր շարքերում, քանի որ նրա նկատմամբ «Բավարիայի» կողմից հետաքրքրվածությունը վերջին շրջանում մեծացել է։
Sky Sports Deutschland-ի խմբագիր Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ «Բավարիան» ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արաուխոյի դիմաց պատրաստ է եղել «կապտնառնագույններին» վճարել 70 մլն եվրո, սակայն ուրուգվայցի ֆուտբոլիստը դեռևս ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։
Դրան զուգահեռ, կատալոնական ակումբն ուրուգվայցի պաշտպանին վաճառելու դեպքում հավանական գնորդներից պահանջելու է նվազագույնը 80-100 մլն եվրո։
Ավելի վաղ Պլետենբերգը հաստատել էր, որ 2023 թ. տարեվերջին «ռեկորդ մայսթերի» սպորտային տնօրեն Քրստոֆ Ֆրոյնդը և գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հեռախոսազրույց են ունեցել Արաուխոյի հետ` հասկանալու համար նրա ծրագրերը։
Հավելենք, որ Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2018 թ. օգոստոսից, որի հիմնական թիմում անցկացրել է 131 հանդիպում` դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Թոմաս ՏՈւխել, Ռոնալդ Արաուխո, տրանսֆերներ, Քրիստոֆ Ֆրոյնդ, Ֆլորիան Պլետենբերգ