3 գաղտնի հետախոսազանգ. ինչպե՞ս է կայացել Ռոնալդուի` Յունայթեդ տեղափոխությունը

3 գաղտնի հետախոսազանգ. ինչպե՞ս է կայացել Ռոնալդուի` Յունայթեդ տեղափոխությունը

08/09/2021 - 13:33

Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին` օգոստոսի 27-ին, հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»` 12 տարի անց կրկին դառնալով «կարմիր սատանա»։

Պորտուգալացի ֆուտբոլիստի հետ կապված տրանսֆերային ողջ սագային հետևում էր համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ով Youtube-ի իր պաշտոնական ալիքում օրեր առաջ տեսանյութ է հրապարակել և հետաքրքիր մանրամասներ հայտնել Ռոնալդուի` «Յունայթեդ» տեղափոխությունից։

Ըստ իտալացի ինսայդերի հայտնած տեղեկությունների` նախքան 36-ամյա ֆուտբոլիստի «ՄՅՈՒ» տեղափոխությունը, նրա գործակալ Ժորժե Մենդեշը 3 օր շարունակ բանակցում էր մանկունյական մեկ այլ ակումբի` «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Երկար ու լարված բանակցություններն որևէ արդյունք չէին տալիս. «քաղաքաբնակները» չէին ցանկանուն վճարել «Յուվենտուսի» պահանջած 25 մլն եվր գումարը, իսկ Ռոնալդուի անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրած էին միայն բանավոր մակարդակով։

Այդ ամենին հաջորդում են 3 գաղտնի հեռախոսազանգեր, որոնք էլ ճակատագրական են դառնում CR7-ի ապագայի հարցում։

Առաջին հեռախոսազանգն եղել է օգոստոսի 26-ի երոկոյան։ Ժորժե Մենդեշը զանգահարում է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներից մեկին, տեղեկացնում ստեղված իրավիճակի մասին` նշելով, որ եթե նրանք ցանկանում են Ռոնալդուի հետ պայմանագիր կնքել, ապա նա պատրաստ է լքել «Յուվենտուսը»։

Այդ պահից սկսած` Մենդեշը մշտական կապի մեջ է մտնում նաև «կարմիր սատանաների» ղեկավարության հետ։

Հաջորդ հեռախոսազանգն եղել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի կողմից։ Շոտլանդացի լեգենդար մասնագետը զանգահարել է «Յունայթեդի» ղեկավարությանը, սկսել է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի վերջիններս պայմանագիր կնքեն Ռոնալդուի հետ` պնդելով, որ «կարմիր սատանաները» դրա համար ունեն ավելի շատ հնարավորություններ, քան «Մանչեսթեր Սիթին»։

Բացի դրանից, Սըր Ալեքսն այդ հեռախոսազրույցի ժամանակ «Յունայթեդի» ղեկավարներին ասել է` ակումբը չի կարող թույլ տալ, որ Ռոնալդուն համալրի «Մանչեսթեր Սիթիի» շարքերը։

Երրորդ վճռորոշ հեռախոսազանգը կատարել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Բրունո Ֆերնանդեշը, ով զանգել է հենց Կրիշտիանու Ռոնալդուին։ Բրունոն այդ զրույցի ժամանակ համոզել է, որ Կրիշը վերադառնա հարազատ ակումբ` նշելով, որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի ակումբում միայն դրական մթնոլորտ տիրի նրա համար։

Մինչև օգոստոսի 27-ը գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ Ռոնալդուն տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի», սակայն այդ 3 հեռախոսազանգերն ընդամենը 24 ժամում 180 աստիճանով փոխում են Ռոնալդուի ու «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքորոշումները։

Այդ ամենին նպաստել է նաև Մենդեշի ու «Սիթիի» միջև ծանր բանակցությունները և Պեպ Գվարդիոլայի ու Ռոնալդուի միջև տեղի ունեցած զրույցը. «Սիթիի» գլխավոր մարզիչը չի երաշխավորել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մշտական տեղ է ունենալու իր թիմի մեկնարկային կազմում։

Օգոստոսի 27-ին` օրվա երկրորդ կեսին, հայտնի դարձավ, որ «Սիթին» դադարեցրել է Ժորժե Մենդեշի հետ բանակցությունները։ Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնեց, որ Ռոնալդուի գործակալը բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որից 2-3 ժամ անց էլ նրա տեղափոխությունը «Յունայթեդ» պաշտոնապես կայցավ։

Հավելենք, որ տրանսֆերի կայացումից օրեր անց «Յուվենտուսը» բացահայեց այդ գործարքի մանրամասները։ «Կարմիր սատանաները» Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» վճարելու են 15 մլն եվրո գումար, որը թուրինյան ակումբն ստանալու է 5 տարվա ընթացքում։

Կնքված համաձայնագրում կա նաև հավելավճարի կետ, ըստ որի, եթե Ռոնալդուն հաջող հանդես գա «կարմիր սատանաների» կազմում, ապա «Յուվենտուսը» առավելագույնը կարող է ստանալ ևս 8 մլն եվրո։

Ինչ վերաբերում է Ռոնալդուի ու «Յունայթեդի» միջև կնքված պայմանագրին, ապա կողմերն այն կնքել են «2+1» ձևաչափով։

Հատկանշական է, որ պորտուգալացի ֆուտբսլիստը հարազատ ակումբում կրկին հանդես է գալու «7» համարի մարզաշապիկով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023